«Իշխանությունները գնում են իրենց պաշտպանությունն ուժեղացնելու, ցանկացած քննադատական խոսքից իրենց մեկուսացնելու ճանապարհով». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին ընդունեց օրենք, որով քրեականացվեցին անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: Ըստ այդմ, «ծանր վիրավորանքի» համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 3 մլն դրամ տուգանք, կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Օրերս էլ Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել: Ինչպե՞ս եք սա գնահատում, որքանո՞վ սա կարող ենք դիտարկել որպես խոսքի ազատության սահմանափակում:

– Դա ոչ թե խոսքի ազատության սահմանափակում պետք է որակենք, այլ ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ: Երևի հայտնի է գրեթե բոլոր լրագրողական կազմակերպությունների վերաբերմունքը այդ օրենսդրական փոփոխության նկատմամբ, որն անընդունելի հատուկ պաշտպանության տակ է վերցնում պաշտոնյաներին, մանավանդ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք, ըստ միջազգային չափանիշների, պետք է ավելի հանդուրժող լինեն սուր քննադատական խոսքի նկատմամբ:

Բնականաբար, այդ անընդունելի օրենսդրական փոփոխության գործնական կիրառումը ևս միայն վրդովմունք կարող է առաջացնել: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս իշխանությունն աստիճանաբար ավելի շատ գնում է խոսքի ազատության սահմանափակման ճանապարհով, մինչդեռ իրենք պարբերաբար հայտարարում են, թե երբեք մամուլն այնքան ազատ չի եղել, որքան այս իշխանության օրոք:

– Իրոք, այդպիսի որոշակի ժամանակաշրջան մենք ունեցել ենք թավշյա հեղափոխությունից հետո, սակայն երևի արդեն երկու տարի է, որ միտումը շատ մտահոգիչ է: Պատահական չէ, որ տարբեր միջազգային վարկանիշներով Հայաստանը կորցնում է իր դիրքերը, որոնք նվաճել էր 2018-ին՝ խոսքի ազատության, ինտերնետի ազատության և, ընդհանրապես, ժողովրդավարության տեսանկյունից:

Այստեղ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ դրա փոխարեն բարդ քաղաքական իրավիճակում, շատ ծանր պատմական փուլում հասարակության հետ կառուցողական երկխոսություն ձևավորելու փոխարեն իշխանությունները գնում են իրենց պաշտպանությունն ուժեղացնելու և հասարակությունից, ցանկացած քննադատական խոսքից իրենց մեկուսացնելու ճանապարհով: Ակնհայտորեն՝ մենք լավ միտումներ չենք տեսնում Հայաստանում հասարակական, քաղաքական գործընթացներում:

– Մենք օրերս նաև Եռաբլուրում տեսանք լրագրողների աշխատանքի որոշակի սահմանափակում: Նախորդ իշխանության նմանատիպ քայլերի դեպքում այսօրվա իշխանությունը ընդդիմության դիրքերից խիստ քննադատության էր ենթարկում դա: Այս սահմանափակումները, այս միտումը ինչի՞ կարող են հանգեցնել:

– Նախկինում միգուցե միջադեպեր եղել են, և, այո՛, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը նույնպես որպես պաշտոնյա փակ էր լրագրողների առջև: Բայց տարբեր տեսակի ազատությունները սահմանափակելու այնպիսի զանգվածային մոտեցում, զանգվածային նախաձեռնություններ, ինչպիսին տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում, երևի չենք ունեցել այդպիսի ժամանակաշրջան Հայաստանում:

Այո՛, փաստորեն, ստացվում է, որ նույնիսկ հրապարակային հանրային միջոցառումներին իշխանությունը մասնակցում է հասարակությունից, քաղաքացիներից կտրված:

– Բայց, մյուս կողմից՝ մենք գիտենք, թե ինչ ագրեսիա կա նմանատիպ միջոցառումների ժամանակ, թե ինչպես են ոմանք իրենց պահում՝ հնչեցնելով վիրավորանք, հայհոյանք: Դա ինչպե՞ս պետք է կանխվի:

– Կարծում եմ՝ առաջին հերթին դա հնարավոր է կանխել իշխանության կողմից կոնկրետ գործողություններով, այսինքն՝ մարդիկ տեսնելով խնդիրներ՝ նաև ականատես լինեն, թե ինչպես են այդ խնդիրները լուծվում՝ պարբերաբար լուրջ ջանքեր կիրառելով:

Բայց դա չի երևում, այլ երևում է, որ իշխանությունները տարբեր նախաձեռնություններով փորձում են բարելավել իրենց վիճակը՝ նյութական և պաշտպանվածության առումով:

Քաղաքացիներին նույնիսկ զրկում են սոցիալական պաշտպանության այն եղանակներից, որ կային, ուստի, բնականաբար, կլինի նաև ագրեսիա, և քաղաքական ուժերն ու նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները այդ առիթից փորձելու են օգտվել: 

Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունը պետք է ցույց տա, որ ինքը հասարակության, քաղաքացիների հետ է ոչ միայն հայտարարություններով, բառերով, այլ նաև կոնկրետ գործերով: Այդ դեպքում այն ագրեսիվությունը, որ դրսևորում են առանձին շրջանակներ և նրանց լրատվամիջոցները, երևի այդքան մեծ վտանգ կամ դժգոհություն չեն առաջացնի:

– Չնայած սա առաջին քրեական գործն է, բայց երբ հետևում ենք վարչապետի ելույթներին օնլայն հարթակներում, դրանց տակ մեկնաբանություններում հայհոյանքների ու վիրավորանքների պակաս չկա: Արդյոք այս փոփոխությունները կարո՞ղ են զսպաշապիկ լինել:

– Ամբողջությամբ հետևել նրան, թե ինչ բովանդակություն է տարածվում համացանցի միջոցով, սոցիալական ցանցերում, անհնար է: Այսինքն՝ նրանք, ովքեր ուզում են նման բովանդակություն տարածել, կգտնեն բազմաթիվ տարբերակներ:

Քանի որ հիշատակեցիք, որ նախկինում էլ վարչապետի «լայվ» խոսքի ընթացքում լինում էին և՛ մեկնաբանություններ, և՛ հայհոյանքներ, բայց երբ վստահությունը իշխանության նկատմամբ ավելի բարձր մակարդակի վրա էր, հենց ինքը՝ իշխանությունը, բարձրաստիճան պաշտոնյաները հանդուրժողականությամբ էին վերաբերվում դրանց:

Բայց այսօր, երբ կա ընդհանուր լարվածություն, երբ կա բավականին զանգվածային դժգոհություն իշխանության տարբեր քայլերից, նրանք փաստորեն գնում են միայն սեփական շահերը պաշտպանելու, սեփական անվտանգությունն ապահովելու ճանապարհով, բնականաբար, դա չի կարող հասարակությանը դուր գալ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am