Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել

Արտաշատից դեպի Գառնի մրցումների մեկնող մարզիկները մայիսի 27-ին վթարի են ենթարկվել: Վթարի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

«Երկու մեքենա՝ մեկը «Վազ 2106», իսկ մյուսն այլ մակնիշի, բախվել են: «Վազ 2106»-ում են եղել մարզիկներն ու մարզիչները: Նրանք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել՝ մրցումների մասնակցելու նպատակով»,- նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մահացել է մարզիկներից մեկի հայրը, որը նաև մարզիչ է եղել: «Մարզիկներից երկուսի վիճակը ծանր է: Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված: Այս պահին քննչական նախնական գործողություններ են կատարվում: Այն, ինչ հաղորդում եմ, նախնական տվյալներ են»,-շեշտեց Աբրահամյանը:

Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» մեքենայի մեջ, բացի վարորդից, ևս վեց հոգի է եղել: «Մեկ զոհ և յոթ վիրավոր կա: Վիրավորների թվում է նաև մյուս մեքենայի վարորդը»,-ընդգծեց Գոռ Աբրահամյանն ու հավելեց՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն այլ մանրամասներ կհաղորդի: