Լռում են, որ իրենց լսեն

Լռում են, որ իրենց լսեն
Լռում են, որ իրենց լսեն

Այսօր աշխարհի տարբեր անկյուններում տարբեր մարդիկ լռելու են: Այսկերպ նրանք ուզում են, որ մարդիկ ուշադրություն դարձնեն ուսումնական հաստատություններում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց և այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա ու արձագանքեն:

Այս ակցիան իրականանում է դեռ 1997թ.-ից, իսկ Հայաստանում 2010թ.-ից:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հաղորդում է, որ ՀՀ կրթական գրեթե բոլոր հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են բռնությունները, խտրականությունը, ատելության կոչերը, ծաղրանքը, վիրավորանքը` այնպիսի վերաբերմունք, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

«Դա մեր հասարակությունում ոչ միայն չի դիտարկվում որպես հիմնախնդիր, ավելին, այն համարվում է սովորական երևույթ: Հետևաբար ոչ միայն քայլեր չեն մշակվում նման հիմնախնդիրների ուսումնասիրության, այլև դրանց կանխարգելման և հաղթահարման, հանդուրժողականության սերմանման և զարգացման համար»,- կարծում է կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը:

Սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանի դիտարկումներով՝ արդյունքում նման մարդիկ սոցիալապես օտարվում են հասարակությունից, ագրեսիվ վարքի դրսևորումներ են լինում, երիտասարդների մոտ թերարժեքության բարդույթներ են առաջանում՝ ընդհուպ մինչև ինքնասպանության փորձ և ինքնասպանություն:

Այս խնդիրը կազմակերպության աշխատակիցների կարծիքով հնարավոր է լուծել միայն դպրոցներում կոմպետենտ մասնագետների առկայության դեպքում:

Արշավի անցկացմանն աջակցում են Եվրոպական միության պատվիրակությունը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը:

© Medialab.am