«Միակ արժանապատիվ ելքը, որը մնացել է` հրաժարականն է». Տիգրան Խզմալյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ

Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նամակներն ու ուղերձները շարունակվում են: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ:

Այսօր հետաքրքիր զուգադիպությամբ լրանում են երկու օրացույցային տարեթվեր: Առաջինը` Աստանայում Սերժ Սարգսյանին տրված վերջնաժամկետն է` մեկ ամսում պատրաստել ու փաթեթավորել Հայաստանը ռուս-թյուրքական դաշինքի ճաշասեղանի համար: Երկրորդը` նույն Սերժ Սարգսյանը բոլորում է իր 60-ամյակը:

Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտենն ասել էր, որ պատահականություն թվացող երեւույթները իրականում կամ զգուշացում են, կամ պարգեւ, կամ պատիժ: Կարելի է դրան ավելացնել`կամ չընկալված օրինաչափություն: Վստահ չեմ, որ «ելբասի» Նուռ-սուլթանը կամ նախագահ Պուծինը գիտակցաբար էին ընտրել Սերժ Ազատովիչի ծննդյան օրը իրենց վերջնագրի պատասխանը պահանջելու համար, թեեւ նրանց դեպքում նման բան բացառել չի կարելի: Ինչեւե, սա այլեւս նրանց, կամ Սերժ Սարգսյանի անձնական գործը չէ: Սա մեր բոլորիս անձնական եւ ուրեմն նաեւ ազգային հարց է:

Հինգ տարի առաջ ի պատասխան մի բաց նամակիս ես հրավեր ստացա այցելելու դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանին, այն ստորագրած մի փոքր խումբ մտավորականների հետ միասին: Դա 2008 թվականի մարտի կեսն էր: Նամակումս մեղադրում էի հասցեատիրոջը Երեանը «սումգաիթացնելու» մեջ:

Երեք ժամ տեւաց ծանր խոսակցությունը բերեց միայն մեկ արդյունք` ես համոզվեցի, որ հասցեատերը գոնե կարդացել էր նամակս, որոշ տողերն անգամ ընդգծված էին կապույտ մատիտով: Այժմ ես գրում եմ սա նույն հույսով` որ այն գոնե տեղ կհասնի: Մեղադրելու իմաստ այլեւս չեմ տեսնում, առավելեւս հասցեատիրոջ ծննդյան օրը: Ավելին, ուշացումով շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան, մաղթելով առողջություն եւ հոգեկան հանգիստ` այն, ինչի կարիքն ունեք ամենից շատ:

Դուք կյանքից ստացել եք այն ամենն, ինչ ցանկանում էիք` իշխանություն, հարստություն, էլ ի՞նչ էիք ցանկանում: Երջանկություն, վստահ եմ, չստացաք` քանի որ անհնար է երջանիկ լինել, գլխավորելով դժբախտ, աղքատ, արտագաղթող մի ժողովուրդ, որն օր ու գիշեր Ձեզ է մեղադրում իր դժբախտության համար:

Դուք տարիքով ինձնից տասը տարով եք մեծ, սակայն ես էլ ունեմ երեխաներ ու թոռներ եւ հետեւաբար դիմում եմ Ձեզ որպես սերնդակից: Մենք երկուսս էլ արդեն ապրել ենք մեր կյանքի մեծ մասը եւ հիմա, յուրաքանչյուր հայ մարդու նման, ապրում ենք ոչ այնքան մեզ, որքան երեխաների համար:

Ի՞նչ ենք թողնելու երեխաներին: Ոչ միայն Ձեր եւ իմ` բոլոր հայ երեխաներին, ում կտակելու ենք Հայաստանը, ինչպես որ ժառանգեցինք այն մեր հայրերից ու պապերից: Քավ լիցի, չեմ պատրաստվում բարոյական քարոզ կարդալ` թողնենք դա տերտերներին:

Ասածս այլ է` հանգստացեք, պարոն Սարգսյան: Եւ հանգիստ թողեք այս ժողովրդին: Հեռացեք արժանապատվորեն, արեք մի բան, որ դեռ չի հաջողվել Ձեր նախորդներից ոչ մեկին` առանց սպանությունների, առանց սպառնալիքների, առանց ավերածությունների:

Մեր զորքը Արցախյան պատերազմում միշտ նահանջի ճամփա էր թողնում շրջապատված հակառակորդին, խուսափելու համար անիմաստ զոհերից ու դաժանությունից, որոնք ի վերջո սպանում են նաեւ ողջ մնացածներին:

Դուք շատ բան եք տեսել այս տարիներին, շատ բան գիտեք, շատ բան տանելու եք Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք թողնել Ձեզ, եթե Դուք էլ թողնեք մեզ ու հեռանաք:

Աստանան ապացուցեց, որ Ձեր հովանավորները չեն վարանելու Ձեզ զոհաբերել առաջին իսկ հարմար պահին, Դուք դա լավ գիտեք: Չունենալով ազգի աջակցությունը (իսկ Դուք այն չունեք), Դուք ոչ մի տեղ ապաստան ու հանգստություն չեք գտնելու:

Միակ արժանապատիվ ելքը, որը մնացել է` հրաժարականն է: Սահմանադրությունը նախատեսում է նման բան եւ ավելի լավ է անել Դա ինքնակամ, քան նվաստացուցիչ ճնշման տակ, ինչպես Ձեզ հայտնի է: Այն միակ լավ բանը, որը Դուք կարող եք անել հեռանալուց առաջ` հայտարարեք եւ ապահովեք իսկապես ազատ եւ արդար ընտրություններ մեր Հայրենիքում:

Հայերը գթասիրտ են, շատ բան կներեն վերջին լավության դիմաց: Արեք այսպիսի նվեր ինքներդ Ձեզ եւ մեզ բոլորիս` Ձեր ծննդյան օրվա առիթով: Նկատի առնելով լրացող վերջնաժամկետը, համարում եմ դա Ձեր ու մեր վերջին հնարավորությունը բոլորիս առջեւ բացվող անդունդից հեռանալու խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհ գտնելու համար:

Տիգրան Խզմալյան, ՀՀ քաղաքացի, կինոռեժիսոր

© Medialab.am