«Վարչապետն ունի 5 խորհրդական, քաղաքապետը` 7. քաղաքն իրեն այսպիսի ճոխություն չի կարող թույլ տալ». Խաժակյան. «Հայկական Ժամանակ»

«Վարչապետն ունի 5 խորհրդական, քաղաքապետը` 7. քաղաքն իրեն այսպիսի ճոխություն չի կարող թույլ տալ». Խաժակյան. «Հայկական Ժամանակ»
«Վարչապետն ունի 5 խորհրդական, քաղաքապետը` 7. քաղաքն իրեն այսպիսի ճոխություն չի կարող թույլ տալ». Խաժակյան. «Հայկական Ժամանակ»

«Քիչ անց մենք քվեարկելու ենք քաղաքապետի 4 տեղակալների օգտին: Մեր առաջարկն է՝ քաղաքապետի օգնականների թիվը կրճատել, դարձնել 3, այսինքն՝ 1 տեղակալ, 2 խորհրդական, 3 օգնական: Խորհրդականների թիվը 7-ից պետք է հասցնել 2-ի: Նկատի ունեցեք, որ վարչապետն ունի 5 վճարովի խորհրդական, իսկ քաղաքապետը՝ 7 խորհրդական, 1 գլխավոր խորհրդական, չեմ հաշվում նաեւ խորհրդական դիզայները»:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա նշել է, որ քաղաքն իրեն այսպիսի ճոխություն չի կարող թույլ տալ:

«Մեր առաջարկն էր՝ քաղաքապետի օգնականների թիվը դարձնել 3, այսինքն՝ 1 տեղակալ, 2 խորհրդական եւ 3 օգնական: Սրանք, իմ առաջարկած հաստիքները, ամբողջապես բավարար են քաղաքապետարանի կառավարումն իրականացնելու համար: Ընդ որում՝ մենք չենք խոսում աշխատանքի արդյունավետության մասին, մենք խոսում ենք միջնորդավորված կառավարման մեխանիզմը փոփոխելու մասին: Հիմա այս վեց հաստիքների բյուջեն կազմում է 2 մլն 53 հազար դրամ, եւ եթե այն դարձնենք տարեկան կտրվածքի եւ բաժանենք վարչության պետերի վրա, մենք կունենանք 150 հազար դրամով յուրաքանչյուրի աշխատավարձի բարձրացում: Եւ քաղաքապետն ունակ կլինի պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել պրոֆեսիոնալ վարչության պետերի հետ»,-ասել է Խաժակյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքել է, որ համաձայն է վերջինիս հետ:

«Ես սկզբից մինչեւ վերջ համաձայն եմ ձեր հնչեցրած մտքերի հետ: Այո, ճիշտ եք ասում, որ օր առաջ պետք է օպտիմալացնել այս հաստիքացուցակը։ Նույն մտահոգությամբ կոնսուլտացիաներ եմ անցկացրել, եւ ինչպես ասացիք, իմ մեսիջը ոչ թե խոսքերով է, իմ մեսիջը գործողություններով է: Իմ աշխատանքային առաջին օրվանից ես ունեմ ընդամենը 1 օգնական, որն աշխատում է առանց աշխատավարձի, քանի որ հաստիքացուցակ դեռ չկա: Այն չորս օգնականի գումարներն էլ չեն գնում որեւէ տեղ, մնում են քաղաքապետարանում: Եւ ես խոսքից անցել եմ գործի եւ ձեր մտահոգությունները ի կատար եմ ածում գործողություններով», – ասել է Հայկ Մարությանը։