«Ծնողն անհանգստանում է, մտածում է՝ ավելի լավ է երեխային ուղարկի այլ երկիր, քան ռիսկի ենթարկի ու բանակ ուղարկի». Նիկոլայ Ծատուրյան

«Ծնողն անհանգստանում է, մտածում է՝ ավելի լավ է երեխային ուղարկի այլ երկիր, քան ռիսկի ենթարկի ու բանակ ուղարկի». Նիկոլայ Ծատուրյան
«Ծնողն անհանգստանում է, մտածում է՝ ավելի լավ է երեխային ուղարկի այլ երկիր, քան ռիսկի ենթարկի ու բանակ ուղարկի». Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

– Պարո´ն Ծատուրյան, նկատելի է, որ արտագաղթի ծավալները մեծանում են նաև այն պատճառով, որ բազմաթիվ ծնողներ իրենց տղա զավակներին Հայաստանից հեռացնում են, որպեսզի ազատեն բանակում ծառայելուց: Արդյոք այս միտումը մտահոգի՞չ չէ:

– Այո´, այդ միտումը կա: Այս իրավիճակն է, որովհետև բանակում ծառայելը հիմա բավական բարդ է: Մի կողմից պատերազմական վիճակ է, մյուս կողմից` մարդիկ գիտեն, թե բանակում ինչ սպանություններ են կատարվում, իրար են սպանում, աֆիցերներն են սպանում: Եվ ծնողն անհանգստանում է, մտածում է՝ ավելի լավ է երեխային ուղարկի այլ երկիր, քան ռիսկի ենթարկի ու բանակ ուղարկի: Բացի այդ, սոցիալ-տնտեսական վիճակը կապ ունի: Ինչի մասին խոսում ենք, գալիս-հասնում ենք փողին, տնտեսական վատ վիճակին: Եթե երկիրը հարուստ լինի, եթե բանակում ծառայությունը վճարովի դարձնեն, բարձր վարձատրեն, մարդիկ կգնան ծառայելու, որ կարողանան իրենց ընտանիքները պահել: Այս լուծումը կկանխի արտագաղթը:

– Այսինքն՝ այս հարցի լուծումը բանակում ծառայողներին բարձր վարձատրություն տալու մե՞ջ է:

– Չեմ ասում, թե դա լրիվ կփոխի իրավիճակը, բայց 50 տոկոսով կլավացնի, որովհետև մարդիկ կան, որ արտերկիր գնում են ծնողներին ու ընտանիքները պահելու համար: Բայց պետք է կարգին վարձատրեն, ինչպես արվում է Ամերիկայում:

– Դուք իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք կամք, որ կարող են լուծել այդ խնդիրը:

– Ոչ մի բան էլ չեմ տեսնում, անընդհատ նույնն է: Ավելին, այս արտագաղթը մեր կառավարությունում ոչ մեկի չի էլ հուզում, հեչ պետքները չի: Ես ավելի եմ հուզվում, քան իրենք, որովհետև տեսնում եմ, որ սա կարող է դառնալ Հայաստանի վերջը, եթե արտագաղթը այսպես թափով շարունակվի:

– Բայց Սերժ Սարգսյանն ասում է, որ իրենք էլ են մտահոգված, որ պետք է աշխատանք տանեն, որ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը հասնի 4 միլիոնի: Չե՞ք հավատում:

– Դե որ ասում է, ուրեմն կլինի, էլի: Ի՞նչ է այդ մարդն ասել, որ չի եղել: Լավ է, որ ծիծաղում եք, հասկացաք:

– Պարզ է կատակը, այսինքն՝ փոփոխություն չսպասե՞նք:

– Ես ո´չ հոռետես եմ, ո´չ լավատես, իրատես եմ: Ես տեսնում եմ, որ հետզհետե ավելի մեծ թվով մարդիկ անընդհատ շարունակում են երկրից դուրս գալ: Թե հիմա ի´նչ է մտածում, որ ասում է՝ 4 միլիոն կդառնանք, չգիտեմ: Թող Աստված տա, որ իր ասածը լինի:

– Արդեն մասնագետներն ահազանգում են, որ երկրից հեռանում են անգամ ֆինանսապես ապահովված մարդիկ: Ասում են՝ անարդարությունն է պատճառը, որ գնում են: Դուք դա նկատո՞ւմ եք:

– Նաև դա է պատճառը: Երբ մենք չունենք արդարադատություն, չունենք իսկապես անկաշառ դատարան, երբ տեսնում ենք, որ օրենքները չեն գործում, բնականաբար, մարդիկ հիասթափվում և ուզում են ժամ առաջ հեռանալ այստեղից, գնալ ավելի արդար երկրներ: Մի մասը գնում է սոցիալ-տնտեսական վիճակն ապահովելու համար, մյուս մասը գնում է, որովհետև հուսալքված է: Բայց հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Եթե աշխատատեղեր լինեին, մարդիկ այնուամենայնիվ մի կերպ կհամակերպվեին: Բայց երբ աշխատատեղ էլ չկա, այս իրավիճակն է:

– Արտագաղթի այս տեմպերի ֆոնին ի՞նչ վտանգ է սպառնում մեր բանակին՝ զինվորների թվի պակասի հետ կապված:

– Անշուշտ մտահոգիչ պատկեր է, բայց հայ ժողովուրդը մի լավ խասիաթ ունի` հենց վտանգ է լինում, բոլորը համախմբվում են: Վտանգի ժամանակ նույնիսկ տարեց մարդիկ են գնում առաջնագիծ, ինչպես դա տեսանք ապրիլյան պատերազմի ժամակ: Մենք տեսանք, թե ինչքան մարդիկ հավաքվեցին, որովհետև մեկ է, հայրենիքն ուրիշ է՝ անկախ կառավարությունից ու իշխանավորներից: Դա ուրիշ բան է, որ մարդկանց հոգու ու սրտի մեջ նստած է:

-Իսկ գուցե իշխանություններն իրենց հույսը հենց դրա վրա՞ են դրել, գիտեն, որ վտանգի պահին դարձյալ կհամախմբվեն:

– Իհարկե, հենց դրա վրա են հույս դնում: Երբ տեսնում են դա, արխային են լինում: Հետո երբ տեսնում են, որ մարդիկ մի քիչ թրփոշանում են, իշխանությունները նորից նույնն են անում, փողերը ձեռքներից վերցնում ու լցնում են իրենց գրպանները: Դա նորություն չէ, ահավոր կոռուպցիա է: Թող մի քիչ Չինաստանից օրինակ վերցնեն, որտեղ երբ նախարարները կաշառք են վերցնում, գնդակահարում են:

– Այստե՞ղ էլ պետք է միանգամից գնդակահարեն, որ էլ չանեն:

– Թող չգնդակահարեն, բայց կտրուկ միջոցներ են պետք, որպեսզի կանխեն: Բայց երբ աղվեսին դնում են հավաբնի տեր, մի քիչ չի ստացվում արդյունք ունենալ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am