«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների 187 աշխատակիցներից քանի՞սն է ապահովվել աշխատանքով

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ), հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ նշված քրեակատարողական հիմնարկների բազմաթիվ աշխատակիցներ կանգնած են աշխատանքը կորցնելու և, հետևաբար, մի քանի տարուց՝ որպես քրեակատարողական ծառայող, կենսաթոշակի անցնելու հնարավորությունից զրկվելու խնդրի առջև, խնդրում են տեղեկացնել, թե ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները քանի աշխատակից ունեն, նշված աշխատակիցներից քանիսն են ազատվելու աշխատանքից, իսկ քանիսը տեղափոխվելու այլ աշխատանքի և ինչպես է լուծվելու մի քանի տարուց կենսաթոշակի անցնող անձանց հարցը, ովքեր պետք է ազատվեն աշխատանքից։

Դիտորդների խմբից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում առկա էր 167 աշխատակցի հաստիքային միավոր, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ 120 աշխատակցի հաստիքային միավոր: Ի դեպ, ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում համատեղ թափուր է եղել 28 հաստիքային միավոր։

Որոշման կարգավորումների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ Հիմնարկներ) գործունեությունը դադարեցվելու արդյունքում Հիմնարկների 150 քրեակատարողական ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 47, «Կոշ» ՔԿՀ՝ 103) փոխադրման կարգով նշանակվել է քրեակատարողական այլ հիմնարկների տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոններում, քրեակատարողական ծառայության միջին, առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող 74 ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 41, «Կոշ» ՔԿՀ՝ 33) և 8 քաղաքացիական ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 4, «Կոշ» ՔԿՀ՝ 4) օրենքով սահմանված կարգով գրանցվել է քրեակատարողական և քաղաքացիական ծառայությունների կադրերի ռեզերվում, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող 35 ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 13, «Կոշ» ՔԿՀ՝ 22) ազատվել է քրեակատարողական ծառայությունից («Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում):

Նախարարությունից փաստել են նաև, որ քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական այլ հիմնարկներ վերաբաշխելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնվել զինվորական կենսաթոշակ ստանալուն իրավունք տվող ծառայության ժամկետը լրանալուն մնացած ժամանակահատվածը:

Միևնույն ժամանակ խնդրել են ընդունել ի գիտություն, որ Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն կտրվի դիմելու և անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում աշխատանքի անցնելու այլ քրեակատարողական հիմնարկներ՝ հաշվի առնելով քրեակատարողական համակարգում շուրջ 150 թափուր հաստիքային միավորի առկայությունը: