Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Նշենք,  որ հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված և անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել և ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը: Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երևանի քաղաքապետարանն էլ շինթույլտվություն է տվել:

Հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով․ մի մասը՝ այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը: