Փոփոխություննե՞ր. վերլուծաբանները հավաստում են, որ արաբական աշխարհի հեղափոխությունները կարող են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եգիպտական հեղափոխական շարժման կարգախոսը` «Հաց, ազատություն, արժանապատվություն», կարող է աշխատել նաև Հայաստանում, քանի որ երկրում առկա է հացի, ազատության և արժանապատվության խնդիր:
Թեև Հայաստանի իշխանությունները վերջին օրերի ընթացքում տարբեր հնարավոր առիթներով հայտարարում են, թե Եգիպտոսի և Թունիսի դեպքերը Հայաստանի համար նախադեպ չեն կարող լինել, այնուամենայնիվ ընդդիմության ակտիվությունը և իշխանության «պատասխանը» շատ վերլուծաբանների հանգեցրել են այն մտքի, որ արաբական աշխարհում սկիզբ առած ընդվզումների ազդեցությունն երկրի ներքաղաքական զարգացումների վրա ուղղակի է:
«Հայաստանում կա դժգոհություն, բայց չկա նախապայման սոցիալական բունտի համար: Հայաստանի իշխանությունները վճռական են իրականացնել բարեփոխումներ հետճգնաժամյա հետևանքների բարելավման համար»,- ասում է իշխանական ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ, հաշվի առնելով մարդկանց ոգևորված քննարկումները արաբական աշխարհում տեղի ունեցող վերջին փոփոխությունների վերաբերյալ և ընդդիմություն-իշխանություն ակտիվացումը, պնդում են, որ արտաքին ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա արդեն իսկ ակնհայտ է:

«Հեղափոխությունները վարակի նման են,- «Մեդիալաբին» ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: – Թունիսի և Եգիպտոսի իրադարձություններն այսպես թե այնպես արդեն իսկ ազդեցություն ունեցել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա` ընդդիմությունը ոգևորվել և ակտիվացել է, իսկ իշխանությունը համարժեք պատասխան է տալիս»:

Մինչ Թունիսում հակակառավարական խռովությունները երկրի նախագահի փախուստի պատճառ հանդիսացան, իսկ Եգիպտոսում կառավարության հրաժարականին զուգահեռ բախումներն ու հասարակության հարյուր հազարավոր ընդվզումները շարունակվում են` զոհերով և վիրավորներով, Հայաստանի ընդդիմությունը` ՀԱԿ-ը, այս իրադարձություններին զուգահեռ հայտարարել է, թե փետրվարի 18-ից վերսկսում է «մեծ հանրահավաքների շրջանը»:

Խոսելով հանրահավաքների վերսկսման մասին` ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հիշատակել է 2008-ի նախագահական ընտրությունները, երբ ուժայինների հետ բախումների հետևանքով առնվազն տասը զոհ և հարյուրավոր վիրավորներ եղան, իսկ ընդդիմության ինն աջակիցներ առ այսօր ազատազրկված են:

«Փետրվարի 19-ն այնպիսի օր է, որն արդեն կրում է խորհրդանշական մի իմաստ, որովհետև և´ 2003 թվականին, և´ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են հենց այդ օրը: Ուստի որոշել ենք փետրվարի 19-ին նախորդող ուրբաթ օրը, այսինքն` փետրվարի 18-ին, սկսել մեր այս տարվա հանրահավաքային սեզոնը»,- հունվարի 28-ին լրագրողներին ասել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը` նշելով, որ հանրահավաքները պարբերական բնույթ կկրեն և կանցկացվեն հայտնի Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակը նախորդ նախագահական ընտրություններից ի վեր, որտեղ ընդդիմությունն ի դեմս առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հուժկու հանրահավաքներ էր անցկացնում, մարտիմեկյան հայտնի արյունալի դեպքերից հետո, երբ ուժայինների հետ բախումների հետևանքով առնվազն տասը զոհ և հարյուրավոր վիրավորներ տվեցին, վերածվել է իշխանությունների և ընդդիմության միջև իսկական կռվախնձորի:

Մարտիմեկյան արյունալի դեպքերից հետո հրապարակը շրջափակվեց ուժայիններով, իսկ կարճ ժամանակ անց, տարբեր «միջոցառումներ» կազմակերպելուց հետո, իշխանությունները ի հակառակ հրապարակ ներխուժելու ընդդիմության բազմաթիվ ջանքերի, հայտարարեցին, Ազատության հրապարակում ատորգետնյա ավտոկայանատեղիի շինարարություն սկսելու մասին:

«Ազատության հրապարակի դեպքը բացառիկ է դարձել, այն նման է Բաստիլի գրավմանը,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: – Իշխանություններն ու ընդդիմությունը, ամեն ինչ թողած, պայքարում են Ազատության հրապարակի համար, երկուսի համար էլ այն դարձել է կարծես հաստատվելու և «ես»-ն առաջ տանելու խնդիր»:

ՀԱԿ-ի վերջին հայտարարությունից հաշված օրեր անց, երբ ընդդիմության ներկայացուցիչները իրազեկման համար ներկայացել են Երևանի քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարանը, սակայն, արդեն իսկ հանրահավաքներին «ընդառաջ» հայտարարել է, որ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը «սպորտային և մշակութային միջոցառումներ է անցկացնելու Ազատության հրապարակում»:

Քաղաքապետարանից «Մեդիալաբին» ասում են, որ միջոցառումները ընդդիմության հանրահավաքները խոչընդոտելու նպատակ չունեն: Սակայն ընդդիմությունը հակառակն է պնդում` հավատացնելով, թե պայքարելու են «վերականգնելու համար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքը»:

Լևոն Զուրաբյանը «Մեդիալաբին» ասում է, որ Երևանի քաղաքային իշխանությունների` Ազատության հրապարակը մեկ ամսով ևս ընդդիմության համար փակելու որոշումը «վիրավորանք` է հայկական դեմոկրատական հասարակության նկատմամբ»: Նա ասում է, որ նախատեսում են սկզբից փափուկ ճնշում` իրավական քարոզչական բացատրելու համար` ցույց տալու համար, թե որքան անօրինական են իշխանությունների գործողությունները:

«Բայց եթե այս ամենը արդյունք չտա, մենք, անկախ իշխանությունների որոշումից, մի օր որոշում կընդունենք անցկացնել Ազատության հրապարակում հանրահավաք,-ասում է Զուրաբյանը:

Փորձագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ թե´ իշխանության և թե´ ընդդիմության պահվածքը կանխատեսելի է այս իրավիճակում: Նա ասում է, որ ընդդիմության ակտիվացմանը զուգահեռ իշխանությունը պետք է փորձի իր ազդեցությունն ուժեղացնել, իսկ ընդդիմությունն էլ շարունակի իր ակտիվությունը:

«Բնական է, մարդիկ ոգևորված են, ընդդիմադիր ուժերն էլ պիտի օգտագործեն այդ պահը` ճիշտ մեխանիզմներ գտնել ժողովրդին համախմբելու համար,- «Մեդիալաբին» ասում է Սարգսյանը: – Բայց դա քիչ է, հնարավոր է դնել խնդիրներ ու լուծել»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ևս պնդում է «խնդիրների ճիշտ ընտրության» կարևորության մասին: Նա ասում է, որ թունիս-եգիպտական իրադարձությունները պարարտ հող են ստեղծել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում շղթայական ձևով ազդեցության համար` երկրի ներկայիս սոցիալ-քաղաքական անմխիթար իրավիճակում: Սակայն նա միևնույն ժամանակ նշում է, որ իրավիճակն ամեն դեպքում կառավարելի է:

«Խնդիրների հստակեցման հարց կա»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը: -«Ազատության հրապարակը գրավելը չի կարող նպատակ լինել, երբ կա ժողովրդի իրավունքների վերականգնման և բազմաթիվ այլ կարևոր հարցեր: Այս պահին, երբ ներքին բազմաթիվ խնդիրներ կան, միացյալ գործելու և երկրում ռեալ փոփոխությունների հասնելու իրական հնարավորության մասին անհնար է խոսել, երբ ընդդիմության ուժերը պառակտված են, իսկ խնդիրները` անորոշ»:

Երևանի բնակիչ 63-ամյա Ջանիկ Ավագյանն ասում է, որ հարկ եղած դեպքում էլի դուրս կգան փողոց:

«Օր օրի ժողովրդի վիճակը վատանում է, ամեն ինչ թանկանում է` կոմունալ վճարները, սնունդը, ապրելը, իսկ իշխանությունները միայն խոստումներ են տալիս,- «Մեդիալաբին» ասում է նա: – Եթե հարկ լինի, մենք էլի փողոց դուրս կգանք»:

Սակայն ի տարբերություն Ավագյանի` մայրաքաղաքի բնակիչներից մեկն ասում է, որ մարդիկ որքան էլ ոգևորված լինեն արաբական հեղափոխություններով, հույսները կտրել են հայկական ընդդիմությունից, քանի որ հիասթափված են:

«Հարյուր հազարավոր ցույցերից և հայտնի դեպքերից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կորավ տեսադաշտից և ընտրություններին ընդառաջ ակտիվանում է: Ինչի՞ պիտի ես հավատամ նրան,- ասում է նա «Մեդիալաբին»: – Եթե աշխատանքս էլ կորցնեմ, ուղղակի կհեռանամ երկրից, ինչպես հազարավոր հուսահատվածները: Մեր դեպքում արտագաղթից այն կողմ ես ճանապարհ չեմ տեսնում»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am