Հայաստանը հանցագործ ու որդիասպան պետություն է, որը չի սգացել իր զավակների մահը. Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես միամիտ ապուշի պես միշտ համոզված եմ եղել, որ մեր երկրում մարդկային կյանքը գոնե չնչին արժեք ունի։ Բայց պատերազմի ժամանակ պատկերացումներն այդ իհարկե փլվեցին։

Պարզվեց, որ Հայաստանը մի հանցագործ պետություն է, որը ընդհանրապես թքած ունի մարդկային կյանքերի վրա։ Իհարկե հասկանալի է, եթե կա պատերազմ, ապա պետք է լինեն նաև զոհեր։ Նորմալ պետություններն ամեն ինչ անում են, որ զոհերը որքան հնարավոր է քիչ լինեն։

Այս տեսանկյունից Հայաստանը աննորմալ պետություն է։ Եթե այս պատերազմը ինչ-որ մի օր խորքային հետազոտության ենթարկվի, ապա պարզ կդառնա, որ հայկական կողմի զոհերի մի զգալի մասը հանցավոր անփութության հետևանք են։ Անփութություն, որը ուղղահայաց գծով ամենավերևից՝ կառավարական տնից ձգվում է մինչև ամենացածր օղակները։

Երբ 2016 թ․-ին Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ Արցախում տարածքային կորոուստներ են արձանագրվել, ընդդիմության մի թևը իր բազմահազար համակիրների հետ միասին ոչնչացնում էր օրվա իշխանությանը։ Որոշ արկածախնդիրներ նույնիսկ հայտարարում էին, թե պատրաստ են գնալ ու ետ գրավել կորսված հեկտարները։

Ի պատասխան էս ամենի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չարժի այդ տարածքների համար զոհեր տալ։ 2016-ին այս միտքը իհարկե սվիններով ընդունվեց՝ դառնալով ծաղրի և հեգնանքի առարկա։ Հեգնողներն ու ծաղրողները ընդամենը երկու տարի անց իշխանության եկան՝ այդ մի քանի հարյուր հեկտարի կորուստը դարձնելով իրենց հիմնական քաղաքական կապիտալը։

Հետագայում նրանք 400 հեկտար չկորցրեցին, այլ 8.5 հազար քառ․ կմ։ Եվ այնպիսի դաժան ու սարսափելի ճանապարհով կորցրեցին, որ ոչ պաշտոնական շրջանակներում մարդիկ թաքուն փսփսում են, թե ավելի լավ էր էդ տարածքները ի սկզբանե առանց կռվի հանձնվեին, միայն թե այսքան զոհեր և ավերածություններ չլինեին։ Թողնենք մի կողմ այս մտքի ճշմարտացիությունը և փաստենք, որ համանման ձևակերպման հիմքում ՀՀ-ի և օրվա իշխանության հանցագործ անփութությունն է։

Հարյուրավոր մարդիկ զոհվել են սխալ հրամանի, զինվորական դիսցիպլինայի բացակայության և որքան էլ զարմանալի թվա՝ զենքից օգտվել չիմանալու պատճառով։ Այո՛, նման մարդիկ էլ են զորակոչվել։ Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ պարտության առաջնային պատճառը ոչ այնքան ԱԹՍ-ներն ու ավիացիան են, այլ՝ կարգ ու կանոնի բացակայությունը, սուղ ռեսուրսների սխալ կառավարումն ու դրանց վատնումը։

Անքննելի փաստ է, որ կանոնավոր բանակը փոխակերպվել է տարերային ֆիդայական ջոկատների, զինվորական կարգը փլուզվել է, ինչին էլ հաջորդել են տարերային անկազմակերպ գործողություններն ու դասալքությունը։ Բայց նույնիսկ այսպիսի իրավիճակում իշխանությունը կանգ չի առել և մեծացրել է մսաղացի շրջանակները՝ չխնայելով զինվորների կյանքերը։

Սա զազրելի հանցագործություն է, որի հետ ես երբեք չեմ կարող հաշտվել։ Եթե մի երկրում մարդկային կյանքը արժեք չունի, ապա մահացածի մարմինն էլ դատապարտված է պղծվելու։ Պատերազմի ինչ-որ փուլում մարդիկ աստիճանաբար սկսում են համակերպվել այն մտքի հետ, որ իրենք մահանալու են։ Սա շատ բարդ հոգեբանական գործընթաց է։

Զինվորները սկսում են պատկերացնել իրենց մահը, թաղումը, սգացող հարազատներին և հաճախ ամենայն ցինիզմով այդ ամենը սկսում են քննարկել կողքի ընկերների հետ։ Ինձ հետ պատահած գրեթե բոլոր նմանատիպ իրավիճակներում տղերքը ծիծաղը դեմքներին պատկերացրել են, որ հերոսի պես են թաղվելու՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ։

Ուշագրավն այն է, որ գրեթե բոլորը խորը հեգնանքով էին վերաբերվում այդ ծեսին, բայց միևնույն է այդպես էին պատկերացնում։ Անխուսափելիորեն մեռնողի համար դա մի կողմից անկարևոր պայմանականություն է, քանի որ մարդը ուզում է ապրի, իսկ մյուս կողմից էլ հոգու խորքում այդ ամենի մեջ ինչ-որ հմայք ու արժանապատվություն է գտնում։

Եթե գրական հայերենով ձևակերպենք, ապա մարդը ասում է․ խեռիս պետք չեն ձեր հերոսական թաղումները, կյանքի դիմաց դա ոչ մի բան է, բայց՝ հաճելի ոչ մի բան։ Բայց արի ու տես, որ ՀՀ-ն նույնիսկ այդ հաճելի ոչ մի բանը չի կարողանում տալ զոհված տղաներին։

Անփութությամբ մարդկանց կենդանի մարմինները մսաղացը լցնելուց հետո, հիմա էլ նրանց անշնչացած մարմինները պարկերի մեջ են լցրել ու շպրտել մոռացության գիրկը։ Հայաստանը հանցագործ ու որդիասպան պետություն է, որը չի սգացել իր զավակների մահը։