2021-ի ինն ամիսների ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել 34145 հայ. «Սա շեշտակի աճ է, և, հնարավոր է՝ պատերազմով պայմանավորված»

2021-ի ինն ամիսների ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել 34145 հայ. «Սա շեշտակի աճ է, և, հնարավոր է՝ պատերազմով պայմանավորված»

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է աշխատանքային միգրացիայի վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, ինչը բարդացնում է աշխատանքային միգրանտների, այդ թվում՝ հայ միգրանտների կյանքը: «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ ընդհանուր կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելը առաջիկայում եթե ոչ անհնար, ապա չափազանց բարդ է լինելու:

«ՌԴ Պետդումայում հիմա շրջանառվում է օրենքի նախագիծ, որն ընդունելու դեպքում խստացումներ են սպասվում: Արդյունքում՝ ընդհանուր կարգով գրեթե անհնար է դառնալու ՌԴ քաղաքացիություն ստանալը»,- «Մեդիալաբին» ասում է Բեժանյանը:

ՌԴ աշխատանքային միգրացիայի օրենսդրությամբ՝ հիմնականում քաղաքացիություն են կարողանում ձեռք բերել ՌԴ քաղաքացի կին, ամուսին, երեխաներ և ծնողներ ունենալու պարագայում: Միաժամանակ, նաև 20 կետ է ներառված, թե ինչ հիմքերով կարող են զրկել ՌԴ քաղաքացիությունից: Ստացվում է՝ բավարար չէ քաղաքացիություն ստանալը, հնարավոր է նաև զրկվել քաղաքացիությունից:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ սովորական աշխատանքային միգրանտը չի կարող ՌԴ քաղաքացիություն ստանալու հույս ունենալ, Բեժանյանն արձագանքում է. «Ոչ թե հույս չունենալ, այլ շատ մեծ դժվարություններ են սպասում նրան: Օրինակ՝ դեկտեմբերի 29-ից արդեն ուժի մեջ է մտել օտարերկրացիների մասին օրենքի 2 կետի փոփոխությունը, համաձայն որի՝ ՌԴ մուտք գործող և 30 օրից ավելի այնտեղ մնացող օտարերկրյա անձինք միգրացիոն հաշվառման կանգնելիս պարտավոր են մատնադրոշմ հանձնել: Իսկ աշխատանքային միգրանտները պարտավոր են մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների գծով անալիզներ հանձնել»:

Փորձագետը եզրակացնում է՝ այս փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ արդեն ՌԴ-ում գտնվող բազմաթիվ միգրանտներ կարող են դառնալ անօրինական, ինչը խոչընդոտելու է նրանց հետագայում աշխատանքային գործունեություն ծավալելու հարցում: Նման գործընթացները, ըստ Բեժանյանի, կարող են նպաստել, որ մեծ թվով հայ միգրանտներ վերադառնան Հայաստան:

«Քանի որ ՌԴ-ն ոլորտին առնչվող օրենսդրական մեծ փաթեթ է մշակել և պարբերաբար խստացումներ է սահմանում, հնարավոր է, որ դրանք անդրադառնան միգրացիոն հոսքերի վրա: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ ՌԴ ցանկացած միգրացիոն օրենսդրության փոփոխություն ուղղակի ազդեցություն է ունենում մեր միգրացիոն հոսքերի վրա: Օրինակ՝ վերջին խստացումները հանգեցրել են նրան, որ մենք 2021-ին 47 հազար մարդու ներհոսք ունեցանք, որոնք ուղղակի եկան Հայաստան և չկարողացան գնալ՝ մուտքի արգելք ունեին»,- ասում է Տաթևիկ Բեժանյանը:

Ինչո՞ւ է այդուհանդերձ Ռուսաստանը դիմում այդ քայլին: Բեժանյանի պատասխանը հստակ է՝ «ՌԴ-ն փորձում է իր անվտանգության հարցերը լուծել, այսպես է այդ երկիրը մեկնաբանում: Պարզապես, ՌԴ-ի համար միգրանտները պոտենցիալ հանցագործ են, իրենք այդպես են զգում ու փորձում են օրենսդրությունը մաքսիմում խստացնել: ՌԴ-ն Հայաստանի համար միշտ եղել է աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը, աշխատանքային միգրանտների 95-96 տոկոսը գնում է այդ երկիր: Այս տարվա ընթացքում դարձյալ խստացումներ են նախատեսվում: 68 էջանոց փոփոխությունների փաթեթ կա, հիմա ՌԴ իշխանությունները փորձում են դրանք քայլ առ քայլ իրականացնել: Հաջորդը ո՛րը կլինի՝ դժվար է ասել»:

2021-ի առաջին ինն ամիսների կտրվածքով ՌԴ-ում միգրացիոն հաշվառման է կանգնած եղել 437276 ՀՀ քաղաքացի, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 483928: Տաթևիկ Բեժանյանը 2020-ը չի դիտարկում, քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020-ի ցուցանիշները չեն արտացոլում միգրացիոն հոսքերը:

Սակայն առավել ուշագրավ է ՌԴ քաղաքացիություն ստացող հայերի վերաբերյալ վիճակագրությունը: Այսպես՝ 2019-ի առաջին ինն ամիսների ընթացքում 17 հազար հայ ստացել է ՌԴ քաղաքացիություն, մինչդեռ 2021-ի նույն ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն ստացած հայերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 34145-ի:

Բեժանյանի խոսքով՝ ՌԴ քաղաքացիություն ստանալը մեկ օրում դիմելու և անմիջապես ստանալու հարց չէ, այլ երկար ժամանակ է պահանջում: Սակայն, ըստ փորձագետի, գործընթացը կարող է արագացնել ՌԴ քաղաքացի ծնող, ամուսին, երեխա ունենալու հանգամանքը: ՌԴ համապատասխան մարմինները հրապարակում են միայն վիճակագրություն, հետևաբար վերլուծություն չի կատարվում՝ ովքեր են այն հայերը, որոնք ակտիվ են եղել ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցում:

Փորձագետը, սակայն, ունի իր սեփական վերլուծությունը. «Թիվը շեշտակի աճել է: Այս գործընթացը կարող է պայմանավորված լինել Հայաստանում տիրող իրավիճակով: Չի բացառվում, որ ՌԴ քաղաքացիություն ստացածների թվում լինեն, օրինակ՝ մինչև 14 տարեկան տղա երեխաներ, որոնց ծնողներն արդեն ունեն քաղաքացիություն: Չէ՞ որ պատերազմը չի ավարտվել, և անվտանգության հետ կապված հարցեր կան»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am