Մի «իզգոյի» պատմություն

Մի «իզգոյի» պատմություն
Մի «իզգոյի» պատմություն

Քչերին կամ շատերին է հայտնի, որ ծխելու և մասնավորապես ծխողների դեմ պայքարի առաջամարտիկն եղել է Ադոլֆ Հիտլերը: Ժամանակին նկարչի վեհ, բայց քիչ վճարվող ուղին բռնած Ադոլֆը օրական ծխում էր 25-40 գլանակ: Օրերից մի օր մարդկության մեծագույն ոճրագործը բացահայտում է, որ ավելի լավ է սիգարետի փոխարեն հաց ու կարագ գնի: Երիտասարդության այս բացահայտումը հետագայում արտացոլվեց նրա հակածխախոտային պայքարում: Իսկ մանկության ունեցած տրավմաների համար պատասխան տվեց ողջ մարդկությունը: Հիտլերին դեռ կանդրադառնանք մեր այս փոքրիկ պատումի մեջ:

Վերջին ամիսների հակածխախոտային պայքարի մառազմի բարձրակետն այսօր էր՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց. «Ծխողները պետք է դառնան իզգոյ… վտարանդի»: Հակոբյանն անկեղծ էր: Նա յուր անմեղ շուրթերով բարբառեց այն, ինչը մենք պնդում էինք ամիսներ շարունակ: Պայքարը, իր կեղտոտ դրսևորումներով, մանիպուլյատիվ հնարքներով, պետական միջոցներից քարոզչությանն ուղղված հսկայական գումարներ ծախսելով՝ ձևով ու բովանդակությամբ խեղաթյուրված է: Այն վառ արտահայտված դիլետանտություն է:

Մեղադրանքներն ի սկզբանե կանխելու համար նշեմ, որ ես բնավ դեմ չեմ ծխելու դեմ պայքարին: Սակայն կան բազմաթիվ «բայց»-եր:

Սկսենք մատուցման մեթոդներից: Դրանք մատուցվում են ծայրահեղական մոտեցումներով, որոնց առաջամարտիկն առողջապահության նախարարն է: Ծխողների նկատմամբ ատելության քարոզն արդեն իսկ ստանում է ֆաշիզմի մակարդակ:

Դասական տրամաբանությունը և հոգեբանությունն հուշում են. ծայրահեղականությունը ծնում է ինքնապաշտպանության բնական բնազդ: Ի՞նչ է ստացվում: Մենք պայքարում ենք ոչ թե ծխելու, այլ՝ ծխողի դեմ:

Այստեղ առաջ է գալիս տիպիկ իրավական խնդիր: Ծխող մարդուն սկսում են ծաղրել, պիտակել, վիրավորել, իսկ ամենավերջում էլ, ինչպես այսօր, անվանել իզգոյ: Ասածս ապացույցի կարիք չունի: Սոցիալական ցանցերում դույզն-ինչ ուշադիր մարդը կարող է տեսնել այն ատելությունը, տմարդի ատելությունը, որն այսօր գեներացվում է այդ խնդրի շուրջ:

«Բայց» համար երկու: Ծխախոտի իրացման, սպառման վերաբերյալ սահմանափակումներ այժմ էլ կան: Կան և համատարած խախտվում են: Նախորդ իշխանության հետ ես գործ չունեմ: Դա իմ իշխանությունը չէր:

Գործ ունեմ հեղափոխական իշխանության հետ: Առողջապահության նախարարը թող ցույց տա 5 տնտեսվարողի, որոնք տուգանվել են անչափահասին ծխախոտ վաճառելու համար: Առողջապահության նախարարը թող ցույց տա հինգ հատիկ նկատողություն բժիշկներին՝ բուժհաստատություններում ծխելու համար: Ստացվում է ի՞նչ: Եղած պարզ օրենքը կիրարկել չենք կարող, նորն ենք մոգոնում: Ու ընդհանրապես, եթե հավատանք տուգանքների զորությանը, ապա այսօր իրավախախտ վարորդ գրեթե չպետք է ունենայինք:

«Բայց» համար երեք: Մենք մշակույթի փոփոխության խնդիր ունենք: Հանրային լայն ընկալումների: Հանրության, դեռահասության մտածողության փոփոխության խնդիր ունենք: Խնդիր ունենք պատանուն համոզելու, որ 14 տարեկանում ծխելը, լպիրշ բառապաշարով լոճվելը և վայրկյանում 11 անգամ արագությամբ թքագոյացություններ արտանետելը չեն լավտղությունը: Խնդիր ունենք 14 տարեկան աղջկան համոզելու, որ նախորդ իրավիճակի նկարագրված պատանին չէ յուր ասպետը:

Խնդիր ունենք հորը համոզելու, որ 3 տարեկան տղային չի կարելի սիգարետ հրամցնել ու հիանալ այդ տեսարանով: Խնդիր ունենք եթերը մաքրելու, հանրակրթության մեջ առողջ ապրելակերպը զարգացնելու, այլ ոչ «ֆիզկուլտը» որպես անպետք առարկա դիտարկելու: Խնդիր ունենք մարզական ակումբներ ձևավորելու, ամենուր տարածելու և դրանց վրա փող ծախսելու: Այլ ոչ՝ ծխուկներով լցված թոքերը նկարելուն կամ ինչ-որ կասկածելի ՀԿ-ներին գումար վճարելու, որ ինձ՝ ծխողիս ասեն՝ դու կարող ես:

«Բայց» համար չորս: Համատարած պրոբլեմների, սննդի որակի, ամեն օր աղտոտվող օդի, հանքարդյունաբերության առաջացրած ճգնաժամերի, ցածր եկամուտների և հարդյունս՝ կյանքի ցածր որակի, մնացյալ այլ դժբախտությունների պատճառը ծխելն է: Մոտավորապես նման մառազմատիկ հակաքարոզչություն ունենք մենք այսօր:

Առկա խնդիրների հայեցակարգում կան շատ ավելի լուրջ ու բովանդակային իրողություններ: Երբ հերթական մանիպուլյացիան անելով, դեմքի լուրջ արտահայտությամբ, բերում ենք այս կամ այն զարգացած երկրի փորձը, փնթփնթան ծերուկի մոռացկոտությամբ զլանում ենք նշել այդ երկրի ՀՆԱ-ն, զուգահեռ իրականացվող միջոցառումները, մշակութային փոփոխությունները, մարդկանց եկամուտները, կյանքի որակը և այլն:

Մեկ ակնարկը բավարար չէ անդրադառնալու այն բոլոր շահարկումներին, մոլորություններին, որոնք այսօր կազմակերպվում են պատկան մարմինների կողմից, հատկապես՝ թվերի տեսքով:

Հ. Գ. Հիտլերը հակածխախոտային պայքարը ներառել էր նացիստական գաղափարախոսության մեջ՝ ռասայական մաքրության դիտանկյունից: Նացիստ առաջնորդներն ասում էին, որ Աստծո ընտրյալ ռասայի ներկայացուցիչները չպետք է ծխեն: Նրանք սիգարետը համարում էին գենետիկ թույն: Նացիստները հավաստիացնում էին, որ ծխախոտի տարածման մեջ մեղավոր են հրեաները: Իսկ նացիստներին սպասարկող եկեղեցին հռչակեց, որ ծխելը մեղք է, որն ունի հրեական ծագում:

Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ ԱԺ ամբիոնից ինչ-որ մեկը կհայտարարի, որ ծխախոտը ստեղծել են թուրքերը, որպեսզի ոչնչացնեն հայերին: Թերևս գուշակում եք, թե ո՛վ կարող է դա ասել:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am