Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է քաղաքական գործիչ, «ԱԼՄ հոլդինգի» և «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա 76 տարեկան էր, գրում է Հայկական ժամանակը:
Կարապետյանն օրեր առաջ էր կորոնավիրուսային ախտորոշմամբ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Դրանից հետո նա կրկին հոսպիտալացվել էր Հերացի համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան թեստավորել էին քովիդի դեմ, և թեստի պատասխանը նորից դրական էր եղել:
Կարապետյանի փեսան՝ Արտակ Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Որոշ ժամանակ առաջ Տիգրան Կարապետյանն ու նրա կինը վարակվել էին կորոնավիրուսով: Կարապետյանը թեթև էր տարել, ապաքինվել էր: Հիվանդանոցից դուրս էր գրվել բացասական արդյունքով։ Մոտ երկու շաբաթ անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Միացված էր արհեստական շնչառության սարքին։ Բժիշկներն ամեն ինչ անում էին՝ վիճակը կայունացնելու համար»,- նշեց նա:
Ըստ նրա՝ Կարապետյանը թեպետ երկար տարիներ ուներ պարկիսոնի հիվանդություն, սակայն հեշտ էր հաղթահարել վարակը, նույնիսկ կատակով ասել էին. «Ուրեմն երկար կապրես, բայց մի շաբաթից վիճակը վատացավ»:
Արտակ Մուրադյանի խոսքով՝ Կարապետյանը վիրուսի դեմ պատվաստված չի եղել:
Տիգրան Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: