«Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի պարզաբանումը

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ։

Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը։

Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:

Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը»: