Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, դատարանի որոշմամբ կկանգնի երդվյալ ատենակալների դատարանի առաջ՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներով։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ քննիչ դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն որոշել է գործն ուղարկել դատաքննության։ Գոմեսը մեղադրվում է ազդեցության չարաշահման, բիզնես կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման և ապօրինի սեփականացման մեջ, սակայն նա հերքում է բոլոր մեղադրանքները։
Դատարանը նաև պարտավորեցրել է Գոմեսին հանձնել անձնագիրը, արգելել է լքել Իսպանիայի տարածքը և սահմանել, որ նա պետք է ամսական երկու անգամ ներկայանա դատարան։ Դատավարության մեկնարկի օրը դեռևս չի նշանակվել։
Գործը հարուցվել է ծայրահեղ աջ հայացքներ ունեցող խմբերի ներկայացրած բողոքների հիման վրա։ Պեդրո Սանչեսը և Իսպանիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը պնդում են, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի և իշխանության դեմ իրականացվող արշավի մաս է կազմում։
Թեև վարչապետը որևէ քրեական գործով չի անցնում, վերջին ամիսներին նրա քաղաքական շրջապատի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ եղբայրը և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նույնպես հայտնվել են կոռուպցիոն հետաքննությունների կենտրոնում, ինչը մեծացրել է ճնշումը Իսպանիայի կառավարության վրա։



















