Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով Ազատության հրապարակում միացել է ժողովրդի պայքարին, ուրախալի լուր է համարում Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլը դադարեցնելու որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ անձամբ ինքը ճիշտ չի համարում հացադուլը:
«Ինչքան շուտ գործի անցնենք, կազմակերպվենք, ինքնակազմակերպվենք, այդքան լավ: Պետք է օր առաջ ձևավորվի շարժումը համակարգող մարմին, որտեղ որոշումները կոլեգիալ հիմունքներով կընդունվեն և անցնել կազմակերպական հարցերին»,- «Մեդիալաբին» ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցին, թե ի՞նչ օգուտ տվեց հացադուլը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ ամեն մարդ ունի քաղաքական պայքարի իր մշակույթը: «Տեսնում ենք, թե ինչպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարի մշակույթը: Ինչքան էլ, որ համաձայն չլինենք, բայց նրան պետք է հարգենք, հարգում ենք»,- ասաց նա: Սեֆիլյանը նշում է, որ եթե այն օրերին, երբ Րաֆֆի Հովհաննիսյան այստեղ չարչարվում էր, շոշափելի արդյունքի չենք հասել, այուամենայնիվ շատերն իրեն հոգու խորքում ու մտորումներում ինչ-որ արդյունքի հասած կլինեն:
Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ կարևորն այն է, որ բոլորը պետք է հասկանան, որ պետք է ծառայել հանրությանը, ոչ թե իշխել: «Կարծում եմ, որ խորհուրդ կա առհասարակ ինքնազոհողության, ինքնաչարչարանքի փիլիսոփայության մեջ: Րաֆֆին ընտրեց այդ ճանապարհը, և չկա չարչարանք առանց արդյունքի, ես դրանում վստահ եմ»,- ընդգծեց նա:
Այն հարցին, թե Սերժ Սարգսյանն ի վիճակի՞ է գնալ զիջումների և այն պահանջների կատարմանը, որոնք նրան է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը բռնի ուժով իշխանությունը զավթել է, և նա երբեք ինքնակամ չի զիջի զավթած իշխանությունը: «Սերժ Սարգսյանն ընտրությունների արդյունքում չի եկել իշխանության, կեղծվել են ընտրությունները, ուստի նրա հեռացումը նույնպես լինելու է ոչ ընտրությունների միջոցով: Սա իմ համոզմունքն է»:
Սեֆիլյանը հույս հայտնեց, որ մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մարզերում հանդիպումները շարունակվելու են, շատերին կխանդավառի, և հաջորդ հանրահավքի մասնակիցների թիվը կաճի:
Հիշեցնենք, որ մարտի 29-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսնյանը հայարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ նշելով. «Կիրակի օրը հավատի ու հայրենիքի համար իմ համեստ Ծոմն ավարտելու է»: Նա հացադուլ էր սկսել մարտի 10-ին՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը միայն իր դիակի վրայով կերդվի: Հացադուլի ժամանակահատվածում Սերժ Սարսգայնն այդպես էլ չայցելեց Ազատության հրապարակ, չնայած, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան մի քանի անգամ կոչ էր արել գալ ու համապետական լուծում առաջարկել ստեղծված ճգնաժամային վիճակին: Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկներն էր գրավոր ուղարկել Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում ու Ժառանգությանն առանցքային պաշտոնների տրամադրում: Ի պատասխան Սերժ Սարգսյանը նրան գրաովր կոչ էր արել դուրս գալ հացադուլից, մի քանի օր կազդուրվել ու նստել բանակցային սեղանի շուրջ: Դադարեցնելով հացադուլը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակելու է պայքարը, մարզերում հավաքներըը՝ նախապատարստվելով ապրիլի 9-ին:
Մարի Ներսեսյան
© Medialab.am