Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները ներկայացրել է Ադրբեջանին և ստացել պատասխան․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։ Միրզոյանը շեշտել է, որ սա շարունակական աշխատանք է։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը, բայց չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացը կանգնած չէ։

Ըստ նրա, բանակցային գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները։

Նա հիշեցրել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը շարունակում է մնալ օկուպացված, իսկ Ղարաբաղը՝ շրջափակված. «Ցանկացած պարագայում մենք շատ վճռական, հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մեր կողմից շարունակելու ենք ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»։