Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը. Բելգիայի ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է տիկին Լահբիբի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:Հաջա Լահբիբի խոսքով՝ չնայած երկկողմ ինտենսիվ կապերին՝ Բելգիայի ԱԳ նախարարի այց Հայաստան վերջին 8 տարիներին տեղի չի ունեցել և իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել հայ-բելգիական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության  ու ներդրումների ոլորտում:

Նա հավելել է, որ բելգիացի գործարարների շրջանակում առկա է Հայաստանոււմ ներդրումային ծրագրեր իրականացնելու և բիզնես կապերը խորացնելու մեծ հետաքրքրություն:Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում  իրականացնել էթնիկ զտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումները և Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Վարչապետը շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը:  Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը: