Առաջիկայում նոր հայտարարություն կտարածենք, որտեղ մանրամասներ կնշենք. Դավիթ Տոնոյանի փաստաբան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը չի մանրամասնում իրենց տարածած հայտարարության բովանդակությունը, սակայն խոստանում է՝ առաջիկայում նոր հայտարարություն ևս լինելու է:

«Այն, ինչ փորձել ենք ասել, հայտարարությամբ արդեն նշվել է, ավելին չեմ կարող ասել: Առաջիկայում նոր հայտարարություն ևս տարածելու ենք, այնտեղ մանրամասներ կնշվեն», -«Մեդիալաբի» հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննիսյանը:

Նկատենք՝ այսօր ավելի վաղ Տոնոյանի փաստաբանը հայտարարություն էր տարածել՝ նշելով. ««ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստաբանական խումբը վստահեցնում է, որ Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»:

Հարցին, թե ի՞նչ բովանդակությամբ է լինելու նրա հաջորդ սպասվող հայտարարությունը, Սերգեյ Հովհաննիսյանը հրաժարվեց որևէ բան ասել:

Փաստաբանի տեղեկացմամբ, Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նախաքննական մարմինը քննչական որևէ գործողություն չի իրականացրել: Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալը կտրականապես համաձայն չէ դրա հետ: Նրանք համաձայն չեն նաև Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշման հետ, որի դեմ արդեն վերաքննիչ բողոք ներկայացվել է: «Այս պահի դրությամբ հայտնի չէ բողոքի քննության օրը», -նշեց պաշտպանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

Մասնավորապես, ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

MediaLab.am