Հրապարակվել է կորոնավիրուսի «դելտա» շտամի լուսանկարը

Ռուսաստանի Վիրոլոգիայի և կենսատեխնոլոգիայի պետական հետազոտական «Վեկտոր» կենտրոնն առաջին անգամ հրապարակել է կորոնավիրուսի «դելտա» շտամի լուսանկարները՝ արված էլեկտրոնային մանրադիտակի տեսախցիկով։ Լուսանկարը հրապարակել է ՌԻԱ Նովոստին:

«Վիրուսն արհեստականորեն աճեցվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամի էպիթելային բջիջների մշակույթի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնից պարզաբանել են, որ էպոքսիդային խեժերի մեջ ներկառուցված բջիջների գերբարակ հատվածները ներկվել են էլեկտրոնային մանրադիտակի համար նմուշի պատրաստման ստանդարտ մեթոդի համաձայն:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ հնդկական շտամը (դելտա)՝ B.1.617-ը, հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այն բնութագրվում է ինկուբացիոն շրջանի կրճատմամբ և մարդու մարմնի վրա սթրեսի ավելացմամբ: Բացի այդ, երկարացել է օրգանիզմից դրա հեռացման ժամկետը, ինչը բժիշկների համար դժվարացնում է ապաքինման ժամկետների որոշումը։


Աղբյուր՝ Factor.am