Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

Սեւան քաղաքի համար մեկնարկում է ճանապարհաշինական ամենակարեւոր ծրագրերից մեկը, որին բնակիչները սպասել են տասնամյակների ընթացքում:
Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում, ի թիվս Հանրապետության 12 ճանապարհների, վերականգնվելու է նաեւ Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր 5,3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում եւ նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում եւ այլ աշխատանքներ։ Ջրահեռացումն ապահովելու համար նախատեսված է նոր խողովակների տեղադրում, հների նորոգում, նախատեսված է նաեւ հենապատերի նորոգում:

Հետիոտնի անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում են մայթեր եւ արհեստական խոչընդոտների կառուցում:

Կտեղադրվեն արգելափակոցներ, կիրականացվեն գծանշումներ:
Հիշյալ ճանապարհահատվածը, որն ունի կարեւորագույն նշանակություն, տասնամյակներ շարունակ եղել է համայնքային առաջնահերթություններից մեկը:

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 801 միլիոն դրամ:
Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 8 ամսվա ընթացքում: Ասֆալտապատվող շերտի մակերեսը կկազմի շուրջ 37 հազար քառակուսի մետր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։