Բուժհիմնարկներն արդեն չեն կարողանում հոսպիտալացնել կորոնավիրուսով հիվանդներին․ հերթում սպասում է 200 մարդ․ Վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներին հիվանդանոցներն արդեն չեն կարողանում հոսպիտալացնել։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ովքեր սպասում են հոսպիտալացման ենթարկվելու իր հերթին։ Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ արդեն արձանագրվել է դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Երկու մահվան դեպք էլ գրանցվել է այն պատճառով, որ պացիենտը պետք է լիներ վերակենդանցաման բաժանմունքում, բայց գտնվել են ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր ու տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են մահճակալային ու վերակենդանացման բաժանմունքներում տեղեր ավելացնելու ուղղությամբ։