Չարիքը մի օրում արմատներ չի նետում, կուտակումներ են, որոնք վաղ թե ուշ պիտի դուրս հորդեին. Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գրող  Հովիկ Չարխչյանը

– Պարո՛ն Չարխչյան, մեր օրերում կատարվողը մեկ բառով հնարավո՞ր է նկարագրել։ Եթե այո՝ ո՞րն է այդ բառը։ 

– Նահանջ: Նահանջ՝ բոլոր իմաստներով, բոլոր առումներով: Նահանջ հողից, արժեքներից, բարոյականությունից, սկզբունքներից, հավատամքից, պատմությունից…

– Ի՞նչ ապրումներ, մտքեր են ձեզ ուղեկցում 2020 թվականի պատերազմից հետոյի իրականությանն առերեսվելիս։ 

– Թվարկումը երկար կլինի: Ծանր: Բայց հետո ապրումներին հաջորդում են մտքերը: Եվ առաջինն այն բանի գիտակցումն է, որ լինում են վերականգնվող և չվերականգնվող կորուստներ: Կան բաներ, որոնք հնարավոր է հետ բերել: Բայց կան բաներ, որ կորցրեցինք անվերադարձ: Ինչո՞ւ այդպես եղավ՝ ես չգիտեմ: Կամ գուցե գիտեմ, բայց ուզում եմ չիմանալ, չհավատալ, որ այդպես է… Տեսնում ես, թե ինչպես է աչքիդ առաջ ցամաքում հունը, որտեղ մշտապես ջրեր են հոսել, և ոչինչ անել չես կարողանում այդ սպառվելը կասեցնելու համար:

– Ինչո՞ւ են մեր հասարակության մեջ գնալով խորանում անհանդուրժողականությունն ու ատելությունը։ 

– Չարիքը մի օրում արմատներ չի նետում: Դրանք կուտակումներ են, որոնք վաղ թե ուշ պիտի դուրս հորդեին: Որակազրկումը, արժեհամակարգի աղճատումը, կարևորի ու անկարևորի փոխատեղումը պիտի բերեին այս առճակատմանը, խթանեին մարդկային ստորին բնազդները: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք:

– Պարո՛ն Չարխչյան, մենք հայրենիք սիրող, անկախության արժեքը հասկացո՞ղ ազգ ենք։

– Ուզում եմ հավատալ, որ այո: Ուզում եմ նաև չմոռանալ, որ սերն ապացույցներ է պահանջում, իսկ արժեքի ընկալումը պիտի դառնա գործողություն:

– Ո՞ւր ենք այսպես գնում։ 

– Այսպես գնում ենք առերեսվելու այն իրականության հետ, որ տարբերվում է մեր պատկերացումներից: Կլինի շատ ցավոտ, շառաչուն ապտակի նման: Բայց գուցե հենց այդ ապտակը մեզ սթափեցնի, արթնացնի դատարկ պատրանքներից:

– Ինչպիսի՞ հայրենիք ու հասարակություն է մշտապես ցանկացել տեսնել պարոն Չարխչյանը։

– Երազածս անհավանական բան չէ: Երազում եմ երկիր, որտեղ մարդը կարող է իր վաղվա օրը տեսնել և զգալ, որ ոտքի տակի հողն ամուր է: Երազում եմ հասարակություն, որ կգնահատի բովանդակությունը, այլ ոչ թե ձևը: Ուզում եմ լինել այն երկրի քաղաքացին, որ չի թերագնահատում իր ներուժը և գիտի, որ մի սերմնահունդից կարող է մի ամբողջ արտ ծնվել:

– Այս վիճակից դուրս գալու համար ի՞նչ է պետք անել։ 

– Հաղթել: Հաղթանակն է այն հզոր ուժը, որ վերստին կհամախմբի, կմիավորի մարդկանց: Իսկ որտեղ կա միասնություն, այնտեղ ոչ մի խոչընդոտ, ոչ մի թշնամի սարսափելի չեն, լինի արտաքին թե ներքին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am