Ինչու էին կանայք միշտ տառապում հայկական ֆիլմերում

Ինչու էին կանայք միշտ տառապում հայկական ֆիլմերում
Ինչու էին կանայք միշտ տառապում հայկական ֆիլմերում

Չգիտեմորերորդ անգամ սկսեցի նայել «Երջանկության մեխանիկան»։ Երբ արդեն եսիմորերորդ անգամ ես նայում ֆիլմը, բնականաբար, ընթացքին չես հետևում, այլ սկսում ես տեսնել չտեսած դետալները, ֆիլմի մեջ մտնելու փոխարեն նայում ես կողքից, որ տեսնես՝ ինչպես է նայվում օտար աչքով։ Ու տեսա, որ «Երջանկության մեխանիկան», լինելով մեր այն հազվագյուտ ֆիլմերից, որը չի պատմում պատմական ծանր իրողության հետևանք իրականության մեջ մարդու կյանքի մասին, այլ սովորական, ընթացիկ կյանքի մասին է՝ միևնույն է, կին գլխավոր հերոսուհին անչափ տխուր է ամբողջ ֆիլմի ընթացքում։

Այս դիտարկումը ֆեյսբուքյան ստատուսի ձևով գրեցի, և ունեցանք ծավալուն զրույց- քննարկում՝ զրույցի մեջ ներգրավելով կայացած կինոգետների։ Ինչո՛ւ են կանայք գրեթե միշտ տխուր կամ լալկան հայկական կինոյում, երբ դրա լուրջ պատճառը բացակայում է։

Ինչո՛ւ է, մասնավորապես, «Երջանկության մեխանիկայի» հերոսուհուն մարմնավորող Ալլա Թումանյանն ըստ սցենարի տխուր, դժգոհ, հուսահատ։ Սցենարից պարզ է, որ ամուսինը բացակայում է, նա մեծացնում է երեք երեխա, կորցրել է հավատը տղամարդու հանդեպ։ Բայց ամբողջության մեջ նրա երկժամանոց տխրությունն ու կյանքի հանդեպ դատապարտված դիրքն այնքան անհամոզիչ են ու տեղ-տեղ հոգնեցնող։

Որովհետև, նախ՝ հերոսուհին չափազանց գեղեցիկ է, սա արդեն կյանքի հանդեպ ռևանշի մի հզոր հնարավորություն է, որի արժեքը ցանկացած կին գիտի։ Նա ունի երեք հրաշալի երեխա, բնակարան, ընդ որում՝ երկու բնակարան, աշխատանք, որն ըստ խորհրդային կյանքի հնարավորության՝ կայուն է, աշխատավարձ, որը նույնպես կայուն է, իսկ կյանքը ֆինանսատնտեսական վայրիվերումներ չի ենթադրում, հետևաբար, ինքը ինժեներական կայուն աշխատանքով ու աշխատավարձով սովետական իրականության մեջ կարող է ապրել առանց տագնապելու, ունի հոգատար մայր, հարազատներ, որոնք միշտ կարող են լինել կողքին, ընկերներ ու գործընկերներ և նորից՝ շքեղ արտաքին։

Այսքանով հանդերձ, հերոսուհին տխուր ու դատապարտված հայացքով կրում է իր առօրյա բեռը, օգնում է որդուն տնային աշխատանքներն անելիս, խոհանոցում գործ է անում, գնում է աշխատանքի, շփվում է մարդկանց հետ, ու այնպիսի տպավորություն է, թե իր շքեղ արտաքինը, ընկերները, քաղաքը, որտեղ մեծացել է ու հուշեր ունի շատ ջերմ, տղամարդիկ, մայրը, մնացած աշխարհը իրեն անհաղորդ մի բան են, ինքը զբաղված է տխրելով։

Հարց. այս մի կինն ինչո՞ւ է տխուր, նա ո՛չ Վերջալույս Միրիջանյանն է, որը երրորդ որդու սև թուղթն է ստանում «Հին օրերի երգում», ո՛չ Գալյա Նովենցը «Մեր մանկության տանգոյում», որը պատերազմից հետո ծանր պայմաններում երեք երեխա է մեծացնում, ամուսինը գնացել է ուրիշ կնոջ մոտ, տղաներից մեկը անցումային տարիքում անկառավարելի է թվում, աղջիկը տնից փախչում է ընկերոջ հետ, մյուս տղան չընդունված տաղանդի փաստը խեղդում է օղու մեջ։ Չնայած այս ֆիլմում էլ կարծես մեծ ողբերգություն չկա, որովհետև բոլորը ողջ են, բայց հերսուհին տառապանքի մարմնացում է, թեև՝ ուժեղ ու հետաքրքիր կին։

Այստեղից սկսվեց հայկական կինոյում բոլոր կանացի դերերի քննարկումը։ Սկզբում մենակ, իսկ հետո փորձում էի գտնել չլացող, չտառապող հայ կին հայկական կինոյում։ Միակ կինը, որն ուրախ էր, «Եռանկյունի» ֆիլմի Լյուբան էր, ինքն էլ ռուս էր։ Լյուբան ամուսնու հետ գնաց ճակատ, այդ պատճառով էլ սև թուղթ չստացավ, Լյուբան միշտ ուրախ էր, անգամ «ֆրոնտից» գրած նամակներում։

Կինոն կյանքի մասին է, եթե կյանքում տառապանքն ու լացը շատ են, կինոյում, բնականաբար, այդպես պիտի լինի։ Բայց մեր կյանքում՝ խորհրդային, հետխորհրդային-պատերազմական, ու՝ ներկա, կա կյանքի մանր, փոքր, ոչ պատմական բաղադրիչ, դետալային ընթացք, առօրյա, որի մեջ միշտ՝ բոլոր նշված ժամանակներում եղել են խինդ, հումոր, սպասում, գեղեցիկ մնալու աներևակայելի հմտություն ու ցանկություն։ Այս վերջին դետալները, որոնք իրականում կյանքի շոգեքարշն են կնոջ համար, մեր կինոյում ակնհայտ պակասում են, մեր կինոն պատմում է հասարակական, պատմական, գաղափարական բաների մասին, իսկ եթե անգամ միայն սիրո մասին է՝ լացը գերակշռողն է։

Մեր ֆիլմերը մի քանի կարևոր պատմական ընթացքների մասին են ու դրա շուրջ՝ մարդու պատմության։ Դա ցեղասպանությունն է, Երկրորդ համաշխարհային պատերազմը, հասարակարգի փոփոխությունը, Ղարաբաղյան պատերազմը և լավագույն դեպքում մարդու մասին՝ «կյանքի իմաստ» որոնելիս, որտեղ նորից դետալային, մանրամասն, օրվա ընթացքի կարևոր, հուժկու բաղադրիչը անտեսվում է ու շեշտը դրված է գաղափարի, հասարակարգի կանոնների, ճշտի ու սխալի, բարու ու չարի, մերժելիի ու ընդունելիի վրա և մի մեծ չափաբաժին՝ ֆալշի վրա։

Արդյունքում՝ մեր հայկական կինոյի գրեթե բոլոր ֆիլմերում կանայք տառապում են, տառապում են կամ հուժկու, կամ թեթև նվվոցով, լացում են կես ժամը մեկ աղիողորմ, կամ եթե չեն լացում՝ տխուր են, տխուր են, հավերժորեն տխուր են, մինչև այնքան, որ իրենց տխրությունն այլևս ոչ ոք չի նկատում, անգամ իրենց շատ սիրող մարդիկ։

Որպես հակադրում ասվածին՝ նշվում են մի քանի ֆիլմ` «Ապրեցեք երկար», «Լիրիկական քայլերթ», «Լքված հեքիաթների կիրճը», «Հուսո խրճիթները», «Արևիկ», «Անահիտը» որտեղ  գլխավոր դերում կանայք են։ Բացի «Արևիկից», որտեղ ջահել կինը շատ ուժեղ, ազնիվ ու ինքուրույն է, այն մարմնավորում է վրացուհի Սոֆիկո Ճիաուրելին, «Հուսո խրճիթները» չէի տեսել, նայեցի, բայց որակը հնարավորություն չտվեց մինչև վերջ նայելու, ուստի բաց եմ թողնում, «Անահիտը» հեքիաթ է, որը պիտի լավ ավարտվեր, և, ընդունում եմ, խելացի, ազատ, ինքնուրույն աղջկա մասին է, մյուս երեքում նորից խոր տառապանք ու լաց է։

«Ապրեցեք երկար» ֆիլմում շքեղ, երիտասարդ կնոջ դերում Վիոլետա Գևորգյանն է, որը քաղցկեղ ունի ու տանջվելով տեղավորում է իր որդեգրած երեխային։ Ֆիլմը ոչ միայն տխուր է, որովհետև ֆիլմի սկզբում մահացել է մյուս հերոսուհին՝ ընտանիքի մայրը, որին մարմնավորում է մեկ այլ շքեղ դերասանուհի՝ Թամար Հովհաննիսյանը, մահանում է ծանր հիվանդությունից ու ցավերի մեջ, ֆիլմի ամբողջ ընթացքում Վիոլետա Գևորգյանի շենշող լացի ձայնն է կամ լացակումած խոսքը, ինչը հասկանալի է՝ կինը մեռնում է։

Սցենարի հեղինակները Շահեն Թաթիկյանն ու Ֆրունզե Դովլաթյանն են։ Եթե վերացարկված նայես՝ այս կինը մաքուր ինքնազոհողություն է, վեհանձնություն, ինքնամոռաց նվիրում։ Անշուշտ գեղեցիկ երևույթ է, բայց դրա ահռելի չափաբաժնի կողքին բոլորովին չի երևում՝ իսկ ինքն ի՛նչ է սիրում, ի՛նչ է մտածում, ի՛նչ թուլություններ ուներ, ի՛նչ էր խոսում ինքն իր հետ։

«Լքված հեքիաթների կիրճում» Լաուրա Գևորգյանը մարմնավորում է լքված գյուղում ապրող նորից շքեղ կնոջ, որի ամուսինը չի հեռանում գյուղից, իսկ ինքը սիրահարվում է հնագետների խմբից մի երիտասարդի ու դավաճանում ամուսնուն, հետո տառապում է, չի թողնում ամուսնուն, բայց հեռացող հնագետների խմբի հետևից հեկեկում է, որից հետո ամուսինը վառում է տունը ու հեծկլտացող կնոջը գյուղից տանում քաղաք, ուր նա ուզում էր տեղափոխվել ֆիլմի ամբողջ ընթացքում։

Սցենարի հեղինակն է Առնոլդ Աղաբաբովը։ Հասկանալի է, որ թեման համամարդկային է, լավ ամուսին, անհետաքրքիր կյանք, նոր սեր, դավաճանություն, ցավ, բայց այս ամբողջ ընթացքում գլխավոր հերոսուհին, բացի տուն մաքրելուց ու կենցաղը փայլուն վարելուց այլ կերպ չի ներկայանում հանդիսատեսին, ինչպիսի՛ն է ինքը՝ մենք ոչ մի կերպ չենք իմանում, նա հիմնականում լուռ է, տխուր, մինչև սիրո պայթյունն ու հեծկլտոցը։

Անգամ «Լիրիկական քայլերթում» ֆիլմի հեղինակները կարողացել են տխրեցնել ու լացացնել Սաթենիկ Սպիվակովային, Լիա Էլիավային, նույնիսկ՝ Անահիտ Թոփչյանին։ Հերոսուհուն մարմնավորող Սաթենիկ Սպիվակովան գնում է Ելիզավետպոլ, հետո հասնում Կասպից ծովի անմարդաբնակ կողմերը կալանավորված սիրած տղամարդու հետևից, որը բնավ կալանավորված չէր։ Այս ընթացքում պատկերացրեք՝ ինչքան է տառապում ու լացում։ Նրան ուղեկցող մորաքույրը, որին մարմնավորում է վրացուհի Լիա Էլիավան և ճանապարհին սայլի մեջ հանդիպած Անահիտ Թոփչյանի հերոսուհին, որը բնականաբար շքեղ կին է՝ ֆիլմում դժգոհ ու անտրամադիր կնոջ փայլուն կերպարներ են։

Եթե հանում ենք ցեղասպանության ու պատերազմի թեմայով մեր ֆիլմերը, որտեղ կարելի է ընդունել, որ երջանիկ ու զվարթ կնոջ կերպար չէր լինելու, և թվարկում ենք կենցաղային, մարդկային հարաբերությունների մասին պատմող կինոնկարները, ապա տխուր, դժբախտ, անտրամադիր կնոջ կերպարը ակնհայտ գերակշռող է։

Քննարկողները նշեցին Ալլա Թումանյանի մարմնավորած կերպարը «Տղամարդիկ» ֆիլմում։ Հազվագյուտ չլացող կին հայկական կինոյում։ Բայց նույն ֆիլմում կա գյուղում հերոսին անհուսորեն սիրահարված, սիրուն աչքերով համագյուղացի աղջկա կերպարը, որը սկզբից մինչև վերջ տխուր ու խոնարհ աչքերով սպասում է Արամին։ Նույն ֆիլմում հարուստ ատամնաբույժի կինը՝ Լաուրա Գևորգյանի մարմնավորած կերպարը, որը շատ գեղեցիկ է, ապրում է բարեկեցիկ կյանքով, ամուսինը սիրում է, լավն է, բայց հերոսուհին ոչ մի անգամ չի ժպտում, միշտ լուրջ, տխուր աչքերով ու կատակերգական այս ֆիլմում ամուսնու ու գյուղից եկած հյուրերի հետ երգում է մի երգ, որը կատարվում է ողբերգորեն տխուր ու անտրամադիր, թեև կատակերգ է, կարծեմ։

Փորձեցի հիշել կենցաղային, ընտանեկան կյանքի մասին ֆիլմեր. «Օտար խաղեր»՝ Սաթենիկ Սպիվակովայի կերպարը՝ ջղային, տխուր, խանդոտ, լացակումած, հիստերիկ։ Հերոսի կարճաժամկետ սիրուհու կերպարը մարմնավորող Ալլա Թումանյանը՝ դժգոհ, անտրամադիր ու միայն ջահել սիրեկանի հայտնվելով կարճաժամկետ զվարթացած կին, որոնցից ոչ մեկի ներաշխարհ, մանր դրվագ, միայն իրեն բնորոշ հետաքրքիր սովորություն, բառակապակցություն, առոգանություն գոյություն չունեն։ Մենք այդ կանանց մասին իմանում ենք ընդհանուր կաղապարի մակարդակով՝ ինչպիսին են լինում շեֆերի կանայք, սիրուհիները, շարքային քաղաքացուհիները։

Մի զվարթ կերպար մարմնավորել է «Ընկեր Փանջունի» ֆիլմում Թամար Հովհաննիսյանը։ Ոչ տխուր, բայց բոլորովին ոչ հետաքրքիր, ոչ խոսուն, ոչ խարիզմատիկ, այլ պարզապես ամբողջությունը լրացնող կերպար մարմնավորել է Վարդուհի Վարդերեսյանը «Հայրիկ» ֆիլմում։ Լյուսյա Հովհաննիսյանը կենցաղային ֆիլմերում կարողացել է միշտ որևէ առանձնացող բան թողնել իր առօրյա խոսքի մեջ հատուկ մի երանգ մտցնելով, երբեմն, թվում է՝ տեղում, այլ ոչ նախապես որոշված, թեև կենցաղային, անկարևոր, բայց յուրօրինակ դետալով, շարժուձևով։

Եթե փորձենք հասկանալ՝ ինչո՛ւ են մեր կինոյի կանայք միշտ տխուր, ու տրվենք հոգեբանական գիտելիքներին ու կոլեկտիվ անգիտակցականից, ողբերգական ենթագիտակցականից մեզ մի պահ ազատենք, որովհետև մեր ծնողների և հատկապես մեր սերունդը մեծացել է առանց անմիջականորեն կրելու մեծ ողբերգությունների կնիքը, մեծացել է բավականին բարվոք պայմաններում, բայց այդ շրջանի հայկական ֆիլմերն էին թվարկածներս։ Որտեղի՛ց է ձևավորվում տխուրի դրականությունը։

Ես հիշեցի, որ մեզ մեր կայացման ամենակարևոր շրջանում՝ առաջինից տասներորդ դասարանում, ուղիղ կամ անուղղակի, իսկ ավելի հաճախ՝ ուղիղ, հասկացնում էին, որ համարձակ, ուղղագիծ, ձեռնարկող, իր իրավունքը պաշտպանող աղջիկը, մեղմ ասած, լավ աղջիկ չէ։

Սա ուներ չարտասանվող շարունակություն. տխուր, ցածրաձայն ու անհավես խոսող աղջիկը համարվում էր հմայքի էտալոն, շատ հաճախ այդ մելամաղձոտությունը կանացիության նույնականացում էր դիտարկվում ոչ միայն ուսուցիչների, այլև արական սեռի կողմից։

Դա անընդհատ նշվում էր կարմիր մատիտով։ Աղջիկը պետք է լուռ ու մի քիչ տխրամած լիներ, որ թովիչ թվար։ Սա խորհրդային դպրոցի երկարատև դիկտատուրան էր։ Սա ստեղծել էր գրավիչ աղջկա մոդել։ Այն, որ մեզ, իրոք, հետևողականորեն ուղղակի կամ անուղղակի ներարկում էին, որ լավ աղջիկը տխուր, քչախոս, ցածրաձայն խոսող աղջիկն է, ու դա արդեն այսօրվա «սեքսի» բառի հոմանիշն էր դառնում, ինձ համար տեսած փաստ է։ Այդ նույն մոտիվը կա մեր ֆիլմերում։ Մեր ֆիլմերը հիմնականում «լավ կանանց» մասին են։ Նրանք միշտ տխուր են։ Իսկ «վատ կանայք» միշտ դժգոհ են։

Որպես ամփոփում ասեմ, որ վերջերս հեռուստացույցով ինքնակեղեքման մի սեանս ունեցա՝ նայելով «Ծղրիդի երգը» հեռուստասերիալը։ Չեմ քննարկում սերիալի գեղարվեստական արժանիքը։ Միայն նշեմ, որ բոլոր սերիաներում, բոլոր՝ առանց բացառության, անպայման հնչում էր այս նախադասությունը. «ինչի, էդ աղջիկը տեր չունի՞», «ինչի, ինքն անտե՞ր ա», «գնա, ասա՝ իրա հերը խոպանում ա, բայց իրա պապը ստեղ ա, ինքը տեր ունի», «ինքն ախպեր ունի, թող գա ախպոր հետ խոսի, ինչ անենք, որ հերը չկա»։ Ահա, նոր՝ 2019-ի հայ կինոյի ուղենիշը։ Տխուր կնոջից անցնում ենք հետամնաց կնոջ փուլին, հավանաբար։ «Հայֆիլմի» կանայք թեև տխուր ու լացկան, բայց հետամնաց չէին, գեղեցիկ էին, գրագետ ու ուժեղ։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am