Այսօր հիշո՞ւմ եք ամսվա որ օրն է

Լուսինե Հովհաննիսյան

Այսօր 27-ն է։ 

Պատերազմից անցավ 8 ամիս։

Լուսաբացին Հայաստանն ունի 6 գերեվարված զինվոր Գեղարքունիքի տարածքից։ 

Կառավարության նիստին վարչապետի դերակատարն ասում է՝ «միջադեպ» ենք ունեցել։ Միջադեպը բարձր դասարանների աշակերտների ծեծկռտոցն է Պուշկինի դպրոցի կողքի դալանում։ Միջադեպը գիշերային ակումբների մոտ քաշքշոցն է։ Միջադեպը շտկվող անհամաձայնությունն է, որի ընթացքում ոչ ողբերգական հետևանքներով բռնություն է կիրառվում։

Երբ թշնամին պաշտոնապես խաղաղ պայմաններում մտնում է երկրիդ տարածք ու գերեվարում 6 զինվորի՝ ծաղր է պետության հանդեպ։ 

Նախորդ երեկոյան փորձել եմ մոտավոր հաշվել, թե ինչ գումար է ծախսվելու նախընտրական թղթերի, բրոշյուրների, պաստառների համար։

Պատկառելի գումար էր։ Տարեք այդ գումարը գերեվարված զինվորի ծնողներին, ասեք. «Մեռած եք, գործ անելու ի վիճակի չեք, օգտագործեք, մինչև Հայաստանից գերեվարված ձեր տղաներին հետ բերենք»։

Չե՞ն վերցնի՝ տվեք մանկատներին։

Դուք որևէ պատճառ և իրավունք չունեք լինելու ընտրվելիք կուսակցությունների շարքում։ Որովհետև նշված բոլոր կուսակցություններից ոչ մեկի՝ ամենաանմեղսունակից, ամենաանհասկանալիից, ամենաաբսուրդայինից, ամենանորից մինչև ամենաբացասական իրադարձություններով հագեցածը, իր կենսագրության մեջ չունի փաստ, որ թշնամին երկու օրը մեկ, խաղաղ պայմաններում մտներ ՀՀ տարածք ու զինվորներ տաներ։

Մենք չգիտենք՝ ի՛նչ են անում մեր հույզերի հետ։ Մենք չգիտենք՝ ո՛վ է անում։ Մենք միայն համադրում ու ենթադրում ենք։ Հնարավոր է՝ բախում են պրովոկացնում։ Ավելի արյունահեղ բախում, որի ընթացքում կնվիրենք մի ճանապարհ Հայաստանի միջով ու կկորչենք այդ ճանապարհի փոշիների մեջ։ 

Բայց դեռ միայն ենթադրում ենք։ Հնարավոր է՝ մի քանի դժնդակ օր, և մեր ենթադրություններն իրականություն դառնան, ու գովենք մեր մարգարեական գլուխները։

Բայց քանի դեռ չկա, քանի դեռ Հայաստանի տարածքից գերեվարված զինվորով պրովոկացնում են մեր անկառավարելի զայրույթը, ձեր հեռանալը միակ հայանպաստ քայլն է, որ կարող եք անել։ Ուրիշ ոչինչ անել չեք կարող։ Պատանի թոթովանքի ժամկետներն ու ռեսուրսը սպառել եք վաղուց։ 

Կարող եք լրացնել 6 զինվորի տեղը, կառավարության կազմով մեկնել ականապատման աշխատանքի, ականապատել չգիտե՞ք, կանգնեք նրանց կողքին՝ իրենք կականապատեն, որպեսզի թշնամին՝ իմանալով, որ երկրի ղեկավարությունն է կանգնած, զգույշ լինի իր գործողությունների հարցում։ Ուրիշ բան անել չեք կարող։ Գուցե Ձեր գերի ընկնելու դեպքում և՛ իրավիճակը կշրջվի հօգուտ մեզ, և՛ ձեր դեմ ափերից ելած կատաղությունը կփոխակերպվի ավելի դրական հուզականության։

Ես չգիտեմ, ով է քվեարկելու այն քաղաքական ուժի համար, որի օրոք, լուսաբացին, պետության տարածքից, խաղաղ պայմաններում զինվոր են գերեվարում։

«Այս հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում»,- ասում է վարչապետի դերակատարը։

Ես չգիտեմ, ում ենք քվեարկելու, քանի որ ընտրվելու անամոթ տարփանքի մեջ բոլորը տհաճ են, բայց դուք պիտի գնաք։

Եվ բոլորովին անհեթեթ էր ասել, որ կարևոր է ադրբեջանական ապատեղեկատվությունը հայկական լրատվական դաշտում չտարածելը, քանի որ Կառավարության նիստը սկսվեց ադրբեջանական «ապատեղեկատվությամբ» հայտնի դարձած գերեվարման փաստով։ Ո՛րն էր ապատեղեկատվություն։ Այո՛, հայկական լրատվադաշտը ադրբեջանական «ապատեղեկատվությանը» հետևում է 44 օր բոլոր սահմանները հատած զարհուրելի ստերից հետո։

Պիտի գնացած լինեիք նոյեմբերի 10-ի գիշերը։

Իսկ գուցե էլի՞ մեր պարզ, մարդկային ապրումների հաշվին կազմակերպում եք ձեր սահուն հեռանալը։ Նորից ենթադրություն է։

Միայն մի բան կարող եմ հաստատ ասել. Փաշինյանը կառավարության նիստում շատ խաղաղ էր։ Խոսքը հնչերանգ ու առոգանության նշաններ ուներ։ Մեծ, տագնապային անորոշության ժամանակ խոսքը հնչերանգից ու առոգանությունից զրկվում է։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am