Հայտնի՛ր քո ջերմության մասին

Լուսինե Հովհաննիսյան

«Քաղաքացին պետությունից թաքցնում է իր ջերմությունը» նախադասությունը առաջին աուդիո տպավորությամբ շատ էպիկական էր․ իր ջերմությունն իր անձնական տարածքն է ու պետության հետ եզրը՝ աբսուրդ։ 

Բայց դա՝ առաջին տպավորությամբ։ Եթե լուրջ համաճարակի մասին ենք խոսում, ապա միգուցե նաև հանցա՞նք կա թաքցնելու մեջ։ Իսկ լուրջ համաճարակի մասին խոսո՞ւմ ենք։ 

Մեր կյանքի գլխավոր հրապարակ Ֆեյսբուքում հետևողական ու շատ համառ ծաղրվեց «պանիկան»։ Ծաղրողներն իրենց՝ մի տեսակ ավելի առաջադեմ-գիտակից ու կոնկրետ բանի հանդեպ բոհեմական անտարբերության կրողների իրենց երազած կերպարի մեջ էին, թեև հարյուր տոկոսով հետևել են մահացության թվին ու մահն էլ առանձնապես չեն անտեսում։ 

Դա փոքր հատվածն էր։ Բայց սկզբում նույնը արեց պետությունը։

Առողջապահության նախարարը հանրությանը հանգստացնում էր ու հորդորում հետևել ցուցումներին։ Իհարկե ճիշտ էր անում։ Բայց քանի որ լուրջ համաճարակի վտանգի մասին չէր խոսվում համառորեն, այլ միայն մեկ դեպքի մասին, քաղաքացին իր սեփական ջերմությունը շարունակեց համարել իր սեփական տարածքը, իր անձնական կյանքը ու չպատկերացրեց, թե պետությունից իր տաքությունը թաքցնելու մեջ խնդիրը ո՛րն է։ 

Հետաքրքիրն այն է, որ անմիջապես, հենց առողջապահության նախարարն ու վարչապետը ավելի լուրջ քայլերի դիմեցին ու հայտարարեցին նոր վարակվածների մասին, նոր կանխարգելիչ միջոցառումների մասին, «առաջադեմ» ու վիրուսից չվախեցողների տեքստերը բովանդակային փոփոխություն ունեցան ու սկսեցին մտահոգ ու տեղ-տեղ վիրուսի հանդեպ «երկչոտների» հիմնավորված մտահոգությունները կրկնել իբրև սեփական միտք։

Այսօր վարչապետն ասաց, որ քաղաքացին պետությունից թաքցրել է իր ջերմությունը։ Թողնենք հնչած նախադասության էպիկ լինելը ու անցնենք գործնականին։ 

Իհարկե լավ կլիներ, որ քաղաքացին բարձր գիտակցություն ունենար ու, մտահոգ հանրության մյուս հատվածի համար՝ տեղյակ պահեր իր ջերմության մասին։ Բայց, ասացեք խնդրեմ, այդ ինչի՛ հիման վրա եք ակնկալում, որ քաղաքացին բարձր գիտակցություն պետք է ունենա։

Այլ ոլորտներում տասնամյակներ բնակչության ամբողջ թվի քանի՛ տոկոսն է բարձր գիտակցություն դրսևորել, որ այսօր՝ համաճարակի վտանգի պայմաններում, ակնկալում եք այդ բարձր գիտակցությունը ու հիմնական հույսը դնում դրա վրա։ Էլ չասենք, որ «բարձր գիտակցությունը» շատ հարաբերական հասկացություն է մեր պայմաններում։ 

Անցնենք այն հատվածին, որն իրոք ունի այդ բարձր գիտակցությունն ու իր մտածելակերպով ու գիտելիքներով պետք է որ հայտնի ջերմության մասին ու չի անում դա. ո՛րն է պատճառը։ 

Պատճառը շատ հստակ է։

Պատճառն այն է, որ իրենց՝ որպես ՀՀ բարձր գիտակցությամբ քաղաքացու չեն պատմում, չեն ցույց տալիս այն կոնկրետ պայմանները, որտեղ իրենք հայտնվելու են ջերմության մասին տեղյակ պահելուց հետո։ 

Բարձր գիտակցությամբ քաղաքացին չի մտածում՝ «մեզ բան չի ըլնի, արաղ խմող ժողովուրդ ենք, հավայի շուխուր ա», և գիտակցաբար պատրաստ է հայտնելու իր ջերմության մասին, բայց քանի որ գիտակից քաղաքացիներ են՝ ունեն նաև հիմնավոր հարցեր՝ ո՛ր հիվանդանոցում են պառկելու, ի՛նչ բուժում են ստանալու, ունե՞նք արդյոք արհեստական շնչառության համար բավարար սարքեր, թեստեր արվելո՞ւ են, թե՞ ոչ։ 

Եթե քաղաքացին գիտակից է, նա տրամաբանում է այսպես. եթե միևնույն է՝ թեստ չեն անում, ինչո՛ւ տեղեկացնեմ իմ ջերմության մասին, երբ ավելի վատ կլինեմ, այդ ժամանակ էլ կահազանգեմ։ 

Կամ՝ եթե ծանր ընթացք չի ունենալու հիվանդությունս, ինչո՛ւ ինձ դատապարտեմ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում քսան օր մնալու կտտանքին։ 

Իսկ եթե ՀՀ քաղաքացիները (գիտակից), մեղմ ասած, խուսափում են հայտնվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ մտածելու խնդիր է։

Ցո՛ւյց տվեք այն բոլոր կլինիկաները, որոնք կարող են հիվանդ ընդունել, բացատրեք՝ ինչ պայմաններում են ապրելու այդ օրերին, ինչ հնարավորություններ ունեն մեր կլինիկաները, ինչ դեղորայք են ստանալու ու միգուցե փարատեք ՀՀ գիտակից ու նաև անգիտակից քաղաքացիների վախերն ու ֆոբիաները։ 

Պատկերավոր ցույց տվեք մեր հիվանդանոցային այն պայմանները, որտեղ մենք կհայտնվենք, եթե մեր ջերմության մասին տեղյակ պահենք պետությանը։ 

Բացատրեք այն բարդությունը, որի դեպքում քաղաքացին տնային պայմաններում չի կարող օգնել ինքն իրեն, ցույց տվեք անհրաժեշտ սարքերի թիվը, որ քաղաքացին հասկանա, որ պետությունը ունի բավարար միջոցներ, և ինքը պարտավոր է իր անձնական ջերմության թեման հանրայնացնել ու հայտնել պետությանը։ 

Քաղաքացին չի ուզում հայտնվել Նորքի ոչ բարեկարգ, բազմաթիվ այլ ինֆեկցիաներով հիվանդանոցում. խոստացե՛ք նրան նորմալ պայմաններ, ու քաղաքացին կհայտնի պետությանը իր ջերմության մասին։

Քաղաքացին առ այսօր չունի պատասխան. ինչո՞ւ դրսից եկած բոլոր ուղևորներին թեստ չեն անում, չունե՞նք, թա՞նկ է, ինչո՞ւ չունենք, ինչո՞ւ ենք օդանավակայանում Իտալիայից վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին առանց թեստ անցնելու, միայն ջերմաչափումով ուղարկում տուն, որտեղ նա շփվելու է հարյուրավոր մարդկանց հետ։ 

Եթե պետությունը համաճարակի կենտրոնից եկած քաղաքացուն չի անում թեստ, ապա ունի, չէ՞, իրավունք քաղաքացին մտածելու, որ թեստերի քանակը շատ քիչ է, այդ դեպքում ո՞ր փոխադարձ վստահությամբ գիտակից քաղաքացին պետությանը հայտնի իր ջերմության մասին։ 

Փոխադարձ անկեղծ լինենք՝ խնդիրը միայն քաղաքացու գիտակցությունը չէ։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am