Պատերազմն էր դավաճանությունը

Լուսինե Հովհաննիսյան

Իրականում պատմությունն ու սերունդները կներեն։ Մեզնից ոչ ոք ամեն առավոտ չէր վեր կենում ու մեր հազարամյա պատմության մեղավոր մարդկանց նկարը չէր վառում ու անիծում սերունդներին։

Ոչ ոք չէր հիշում նրանց․ մտավոր, բարձրաշխարհիկ զրույցների շրջանակում միայն։ Կամ՝ ոնց են ներում ու չեն ներում սերունդներն ու պատմությունը։ Դատարկ բառեր, հիմար նախադասություն։

Եթե ներել-չներելու հարց կա՝ մե՛նք պիտի ներենք կամ չներենք՝ այսօր ապրողներս։ Իսկ եթե ավելի ռացիոնալ՝ ինչ կփոխի նոյեմբերի 9-ից հետո մեր ներելն ու չներելը։ Իսկ ավելի ճիշտ՝ սեպտեմբերի 27-ից հետո։ Ու հենց այս երկու ամսաթվերի միջև է իրականում մեր այսօրվա ներման կամ չներման առարկան։

Ի՞նչը չենք ներում՝ պատերազմի հնարավոր դառնա՞լը, թե՞ պարտությունն ու հայտարարությունը:

Ձեզ թվում է, թե դրանք նո՞ւյն բանն են։ Բոլորովին։ Այստեղ շատ լուրջ ջրբաժան կա խոսողների միջև։ Կամ՝ խոսողների ու լռողների միջև։ Որովհետև պատերազմի միակ իրական զոհերը՝ զոհերն ու իրենց մայրերը, հայրերը, կանայք են, որոնք հիմնականում խոսելու ունակություն չունեն։ Խոսում են մնացածները։

«Մնացածը» շատ բազմաշերտ է։ Մնացածը նախ՝ մարդիկ են, որոնք զոհեր չունեն, բայց տարհանվել են։

Դրանց հիմնական մասը հոգեբանորեն ընկճված, նյութապես տուժած, կյանքի բնականոն ընթացքը կորցրած մարդիկ են, որոնք խարխափում են կյանքի անորոշության մեջ։

Խոսողների մեջ նաև այն տարհանվածներն են, որոնք չունեն մեծ կորուստներ, ֆինանսապես ապահով են, կապրեն մեկ այլ տեղ կամ կգնան երբևէ հետ։ Խոսողների մեջ «տեղահանվածներ» են, որոնք Երևանում էին պատերազմի ժամանակ, որոնք հեռացան Երևան – Մոսկվա չվերթով։

Մնացածի մեջ մարդիկ են, որոնք անմիջական ոչինչ չեն կորցրել, բայց մարդ են՝ մտածելու ու խորապես կատարվածը ծանր ապրելու ունակ։ Մնացածի մեջ իհարկե մեծ թիվ են իշխանության ընդդիմախոսները, որոնք ցավում են երկրի համար, տանջվում են զոհերի համար, բայց դրանց մեջ շատ են նաև իրենց աստեղային րոպեն գտածները։ 

Մեր բոլորիս անջրպետը ամսաթիվն է՝ սեպտեմբերի 27, թե՞ նոյեմբերի 10։

Ինչից ենք ցասման մեջ՝ պատերազմի՞ց, թե՞ հայտարարությունից։ Հնարավոր է նաև՝ երկուսը միասին։ 

Սկսենք պարտության հայտարարությունից։ Հայտարարությունը ցնցեց բոլորին։ Մենք սովորել էինք հաղթողի տիտղոսին, անգամ եթե դրա մեջ որևէ ներդրում չէինք ունեցել, բացի մութ ու ցուրտ տներում ապրած լինելուց։

Հաղթանակ սեփականաշնորհելը ամենահեշտ սեփականաշնորհումն է ՝ առանց նոտարական գրասենյակի։ Հաղթանակին սովոր լինելուց բացի, մենք պատրաստված չէինք ապտակի։

Իշխանություններն իրենց և իրենց խոսնակների շուրթերով մեզ ամեն օր պատրաստում էին հաղթանակի։ Կստեմ, եթե ասեմ, թե մենք պատրաստվում էինք հաղթանակի, որովհետև Հայաստանն ու Արցախը փոքր երկիր են, հայերի ծանոթության ու բարեկամության ցանցը ամենուժեղ ցանցերից մեկն է աշխարհում, ու մենք հայթայթում էինք մեր տեղեկությունը ինքնուրույն։

Բայցևայնպես, ՊՆ խոսնակները մեզ ամեն օր համոզում էին հաղթանակի դժվար, բայց անկասկած լինելու մեջ։

Մենք բոլորս ունեինք մեր ալիքները տեղեկատվության, բայց մենք, ի վերջո, օրվա վերջում ուզում էինք խաբել մեզ ու մտածել, թե նրանք գուցե մի բան պատրաստում են, որ այսքան ինքնավստահ են խոսում, գուցե իրոք դժոխքի ձոր են սարքում ռազմական մի անիմանալի ռազմավարության ու մարտավարության համադրումով։

Ես անգամ լսել էի 5 հազար ադրբեջանցի զինվորի շրջափակման մասին, որոնց ոչնչացնելու էին Շուշիի կիրճում։ Չէ, ես հիմար չեմ, բայց ցանկությունը հիմարացնում է։ Ինձ պատմում էին բևեռայնորեն հակառակը, ես լսում էի խոսնակներին ու «հաղթելու ենք» պարզ համառոտ նախադասության տակ, որի ենթական զեղչված էր՝ երկու ժամ քնում էի, ու առավոտյան նորից բթացած ուղեղով սկսում հավատալ-չհավատալու տիկ-տոկը՝ պահելով «խուճապ չառաջացնելու» ծոմը։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մեզ սպանեցին հոգեպես։ 

Զոհերի թիվը զարհուրելի է։ 

Խոսնակները կորան ռադարից։

«Դավաճան» ասողների ամբոխը շատ բազմաշերտ էր և է։ Դրանց մեջ կային զոհված զինվորների մայրեր, որոնք միակ իրավատերն էին այդ բառն ասելու։ Կռվող զինվորների մայրերը լուռ էին՝ սպասում էին ավարտի լուրը հաստատվելուն։

Կռվող զինվորները հրապարակայնորեն արտահայտվել չէին կարող, նրանք, ովքեր արտահայտվում էին՝ չէին կռվում, որովհետև առաջնագծում ինտերնետ չկա։ Մնաց մնացածը՝ ովքեր չէին կռվում, չէին զոհվում, զոհվածի ծնող ու հարազատ չէին, կռվողի ծնող ու հարազատ չէին։ 

Նրանց՝ հայտարարությունը չեղյալ համարելու պահանջը, իրավունքի տեսանկյունից, հասկանալի է՝ ՀՀ քաղաքացի են, բայց բարոյական տեսանկյունից քիչ հասկանալի է, քանի որ որևէ ծանր մասնակցություն ու, հետևաբար, ծանր ու չվերականգնվող կորուստ այդ պատերազմին չունեին։ Նրանք ազատ էին և առ այսօր ազատ են պատերազմով հողերը հետ բերելու պահանջի մեջ։

«Մեր տղաների արյունը անիմաստ թափվեց» արտահայտությունը եթե չէր հնչում զոհվածի հարազատի շուրթերից, մյուս դեպքերում այլ բանի էր ուղղված։

Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո արյունը անիմաստ թափվելու հակառակը պիտի լիներ կամ պիտի լինի արյունը թափել շարունակելը։ Քանի որ ՀՀ վարչապետի, ՊՆ խոսնակի բազմաթիվ ելույթներից ի գիտություն ընդունեցինք, որ մեր «ուժերը համաչափ չէին», ապա պատերազմի շարունակության դեպքում տրամաբանորեն մեր ուժերը չէին կարող դառնալ համաչափ կամ, առավել ևս՝ գերակշռող։

Հետևաբար, չկնքել պայմանագիրը ու շարունակել պատերազմը՝ կնշանակեր այն բացարձակ աններելի նախադասությունը, որ պատերազմի սկզբում մեր ղեկավարներն ասում էին վիրավորված ու չկշռադատված պատանու առոգանությամբ, որը, ըստ իս՝ շինծու էր. «կկռվենք մինչև արյան վերջին կաթիլը»։ Այսինքն՝ Հայաստանում ու Արցախում չէր մնալու երկու ոտքի վրա կանգնելու ունակ տղամարդ, նրանք բոլորը մինչև արյան վերջին կաթիլ կռվելու ու մեռնելու էին, մնալու էին կանայք ու երեխաները, ու թշնամին մտնելու էր երկրի մի ծայրից մյուսը։ Այս նախադասությունը դո՛ւք եք ասել, պարոնա՛յք նախագահ-վարչապետ։ 

Այսպիսով, եթե պաշտոնապես հայտարարված էր, որ մեր ուժերը անհամաչափ էին, ապա հայտարարությունը չստորագրելու կոչերը նշանակում էին անհամաչափ, չափազանց անհամաչափ ուժերի պայմաններում հուսահատությունից զոհել արական սեռի բոլոր բնակիչներին ու բացել երկրի դարպասները։

Եթե դա այդպես չէ, բարձրաստիճան զինվորականները պարտավոր են բարձրաձայնել, ժխտել կամ հաստատել։ Եթե չեն անում, ուրեմն այդպես է։ 

Հետևաբար, վերադառնում ենք մյուս ամսաթվին։ Ըստ իս՝ ամենամեծ դավաճանությունը սեպտեմբերի 27-ն էր, սեպտեմբերի 27-ի վիճակ ստեղծելը. սեպտեմբերի 27-ը հնարավոր դարձնելը։

Եթե, ինչպես պաշտոնապես կրկնվեց մի քանի անգամ՝ մեր ուժերն անհամաչափ էին, ապա ինչու մեր վարքը, մեր հռետորաբանությունը, մեր մեկ բլուրի «բլիցկրիգը» մեր ունեցած ռազմական հնարավորությանը համաչափ չէին արվում։ Այստեղ է «դավաճանությունը», եթե այդ բառն է ընտրվել որպես անզորության ցասման բնորոշիչ։ Դա կարող է լինել նաև հանցագործ հիմարություն։ 

Այսօր առավոտյան հրապարակված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձի մեջ հաստատում է, որ 2020 թ. հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել է ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և նշել, որ մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, և այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է ամբողջ քաղաքական ու դիվանագիտական ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն։

Անշուշտ, ծանրակշիռ մարդու շատ ծանրակշիռ և, թերևս, միակ ծանրակշիռ փաստերը շրջանցելով տավուշյան անհասկանալի բախումից հետո սկսվեց անհամաչափ հաղթական շքահանդես, հաղթանակի ցոփություն։

Սա է հարցը, որ պիտի հնչի՝ ինչո՞ւ։ Հունիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացնում է իրավիճակը, իսկ հուլիսի 12-ին՝ մեկ ամիս անց, մենք տավուշյան հրավառության մեջ ենք։ Իսկ հայտարարությունն արդեն հետևանքն էր, պարտադրված էր, չկար ընտրություն։ Հայտարարությանը հասնելու ճանապարհն է միակ հարցը։

Սեպտեմբերի 27-ի հնարավոր դառնալը անում էր մեկ մարդ իր քաղաքական մերձավորներով, բայց բոլոր նրանք, ովքեր լռում էին՝ հասկանալով, որ դա կարող է պատահել՝ հանցակից են։

Հանցակից են նաև բոլոր նրանք, ովքեր անընդհատ, տասնամյակներով բոլոր ղեկավարների վրա օդում կախված էին պահում «ոչ մի թիզ հող, ով հանձնի՝ դավաճան ա, զոհվածները մեզ չեն ների, նրանք չեն զոհվել, որ մենք 7 շրջան վերադարձնենք» սպառնալիքը, և ամեն ղեկավար իր հատկանիշների չափով ու ձևով փորձում էր ապրել, իշխել, մանևրել կամ հանձնել այս բեռը հաջորդին։

Հաջորդ-վերջինը ամենաանպատրաստն էր բոլոր առումներով։ Բայց այն, որ հասարակությունը միշտ սպառնացել է բոլոր ղեկավարներին ու այդ սպառնալիքով պարտադրել մինչև նոյեմբերի 8-ի գիշերը ներառյալ ասել՝ հաղթելու ենք՝ պարտավոր ենք ընդունել։

Իսկ նոյեմբերի 9-ի երեկոյան մենք երջանիկ ու երախտապարտ կլինեինք, եթե մեզնից ընդունեին 7 շրջանները, և մեզ մնար մեր Հադրութը, որն ուղղակի անպատկերացնելի է, թե թշնամին գրավել է, և հայտարարությունը պայմանավորում է կողմերին սահմանը գծել հենց այն տեղով, որտեղ ներկա պահին կանգնած են զորքերը։

Մենք նոյեմբերի 9-ի երեկոյան երջանիկ կլինեինք, եթե մեզնից ընդունեին 7 շրջանները, բայց մեզ մնար Շուշին։ Եվ մենք երիցս երջանիկ կլինեինք, եթե դա արվեր սեպտեմբերի 27-ից առաջ, ու մեզ մնային մեր 2000-2002 թվականների տղաները, ու նրանք, ովքեր շա՜աաատ ավելի մեծ էին, ասենք՝ 23-25 տարեկան։

Այնպես որ, մեր անընդհատ պահանջը, թե չհամարձակվեք վերադարձնել 7 տարածքները, նույնպես տեղավորենք մեղավորների հավաքականի մեջ։ Իսկ կհիշե՞ք՝ ինչ արեցինք մենք Սերժ Սարգսյանի հետ, երբ նա համարձակվեց ասել, թե Աղդամն իր հայրենիքը չէ։ 

Մեզնից ով այսօր կհրաժարվեր ժամանակը հետ պտտելու հնարավորության դեպքում ժապավենով վերադարձնել 5+2 շրջանները ու ընդունել խաղաղապահ զորք. միայն նրանք, ովքեր չունեն զավակներ, չունեն տղաներ, ունեն աղջիկներ, ունեն տղաներ, բայց այլ ապահով երկրներում են, և անձամբ իրենք զորակոչի տարիքից անցել են կամ կարողանում են գնալ այն «առաջնագիծը», որտեղ միշտ ինտերնետ կա։

Մեզ մի հնարավորություն է մնացել առաջիկայում՝ կլոր սեղանի շուրջ բարձրակարգ բանակցող։ Գտնենք նրան ու նստեցնենք դիվանագիտական սակարկման՝ փորձելով հասնել առավելագույնին։

Եվ մի քիչ նվազ պատերազմի մասին խոսեն մարդիկ, որոնց փոքր ընտանիքից պատերազմի առաջնագծում մարդ չկա, և հորաքրոջ ծոռի հերոսական մահով չապահովեն իրենց մասնակցությունը այդ զարհուրանքին, աղետին, ողբերգությանը։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am