Սեպտեմբերի 27-ին, ժամը 7-ն անց 15-ին. երեք ամիս առաջ

Լուսինե Հովհաննիսյան

Ուղեղդ դարձել է մետրոնոմի սլաք, անընդհատ՝ առաջ ու հետ, առաջ ու հետո։

Առաջ «չճանաչված հանրապետություն» էր, հիմա՝ «չճանաչված մարմին»։

Առաջ Հադրութի Տող գյուղում «Կատարո» գինու գործարանի տնօրեն Գրիգորի Ավետիսյանը իր գինիների մասին էր պատմում: 

Հետո Գրիգոր Ավետիսյանը Երևանում պատմում է, թե ինչպես ընկավ Տողը հոկտեմբերի 21-ին։ Ոնց էր հոսպիտալը տեղափոխվել Տող։

Առաջ հյուրասենյակի մեծ սեղանին առատ նոր տարվա սեղան էր, հիմա հոկտեմբերից մնացած մի թղթի կտոր է՝ վրան տղայի ազգանուն, անուն, հայրանուն, որին փորձում էի գտնել։ Այդ տղան դեռ չի գտնվել։ Քանի դեռ չի գտնվել, այդ թղթի կտորն ամեն անգամ սեղանը մաքրելիս դնում եմ տեղը։ Ինքն արդեն իր տեղն ունի տանը։

Ես ազնիվ եմ եղել նոր տարիների առաջ։ Երբ առաջադիմած հայ կանայք ծաղրում էին նոր տարվա սեղանների անիմաստությունը, ես ուրախությամբ պատրաստվում էի։

Նոր տարվա ուրախությունը հունվարի մեկին չէր միայն: Նոր տարվա ուրախությունը նրբաթերթերը սարքելու ընթացքում տնեցիների՝ խոհանոցում իրար գլխի հավաքվելն էր՝ սուրճով, թեյով, ծխախոտով, նոր առած թխվածքի կտորները կողքից համտեսելով ու անսպասելի դռան զանգով և անպայման՝ «էս ո՞վ ա, տեսնես» պարտադիր հարցով, ու նոր եկողի համար էլ մի ափսե ու մի բաժակ ավելացնելով խոհանոցի արդեն չտեղավորվող սեղանի մոտ։ 

Հետո, գործի արանքում «մի բաժակ բան խմենք»-ը. էս բացե՞մ, չէ, լավ, էդ թող մնա ամսի մեկին, ստեղ բացած կա, ա՛յ մարդ, թող էս բացեմ, ամսի մեկի համար մի հատ էլ կառնենք։ Տրամադրությունը սկսվում էր դեկտեմբերի 29-ից։

Հիմա ճաշասենյակի մեծ սեղանին ինձ անծանոթ ու շատ սիրելի տղայի անուն ազգանուն, հայրանունն է արագ գրված, ծուռ կտրած թղթի կտորի վրա, մի դատարկ ծաղկաման ու ուրիշ ոչինչ։

Ես մի քանի ժամով կարող եմ մոռանալ հանձնված հողերը, ողբերգական ապտակը, նվաստացումը, մեր տապալվելը, սուտը, գռեհիկ ու բութ սուտը, ահռելի անարդարությունը, բայց կանաչ համազգեստների մեջ արնաթաթախ տղաներին չեմ էլ ուզում մոռանալ, որ մոռանամ։ Երբ այդ կանաչ համազգեստը մոտիկից տեսել ես, լվացել ես, հասցրել չորացնել՝ սթափ ամեն ինչ պատկերացնում ես։ Պատկերացնում ես, որ դրանից հետո հայրենիքն ավարտվում է։ 

Մենք հանցագործություն ենք թույլ տվել ու մենք կրելու ենք դրա մեղքը։

Այդ նույն մեծ սենյակի սեղանի մոտ նստած՝ փետրվարին հոդված էի սկսել գրել ու մնացել էր կիսատ։ Համակարգչի մեջ գտա. «Կարմիր բաճկոնով Սելեստա Վալանդերը նախասրահում զրուցում էր Մամեդյարովի հետ․ լսվում է Մամեդյարովի բարձր ծիծաղը։

«Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագիր կա արդեն։ Քննարկումը կոչվում է «պանելային»։ Քանի հետաքրքիր բան միանգամից՝ «թարմացում», «պանելային», «Սելեստա Վալանդեր»։ Իսկ վերջում՝ Փաշինյանի ու Ալիևի անգլերեն ջազ-բենդը։ Սելեստա Վալանդերի կարմիր բաճկոնը ջղայնացնում էր, Մամեդյարովի ծիծաղը՝ չէ, ինքը հակառակորդն է։ Ջղայնացնում է «պանելային»՝ իբր քննարկումը տեսակավորող բառն ու «թարմացումը» Ղարաբաղի հարցում։

Անհնար է թարմացնել մի բան, որը միշտ թարմ է, բայց ելք չկա, ու հակառակորդները կանգնած են իրար դեմ դիմաց, մինչև մեկն ու մեկը կխախտի պայմանական անդորրը։ Իսկ այդ մեկը դու չես»։

Սա գրվել է առաջ՝ 2020-ի փետրվարի 16-ին։ 

Հայ մարդը միշտ մեղքի զգացում ունի։ Մեծ մեղավորությունից մինչև հնարած մեղավորությունը։ Ամռան վերջին օրերն էին, Ֆեյսբուքում Յուրի Վիզբորի բանաստեղծության մի տող էի դրել ու դնելու պահին մտածեցի՝ չարժեր, խոսքը նյութականանում է, չարժեր։

Բայց տողը դուր էր եկել։ Սա էր տողը. А зима будет большая… Հետո ուզեցի ջնջեմ, ընկերներիցս մեկը հարցրել էր՝ ով է հեղինակը, մյուսն ասել էր՝ ուժեղ տող է, և տողը մնացել էր։ Մի քանի օր հիշում էի այդ նյութականացած բառը։ Իրոք, ահռելի ձմեռ է լինելու։ 

Իրական մեղավորներն այնքան մեղավոր չեն զգում, որքան կողմնակի մեղավորները։

Իսկ ուղեղդ անընդհատ մետրոնոմի նման է աշխատում՝ առաջ և հետ, առաջ և հետո։

Դեկտեմբերի 26-ին Մայր Աթոռը հորդորում է պահպանել հանգստություն ու հանդարտություն։ Մայր Աթոռը չգիտի, որ ես արդեն ուրիշ «մայր աթոռ» ունեմ։

Պատերազմի բոլոր օրերին, եթե տանն էի, ուրեմն ժամերով խոհանոցի ջարդած մեծ ճոճաթոռին անզգայացած դեմքով մինչև լուսաբաց համացանցի բոլոր հնարավոր անկյուններից լուրեր ու տեսանյութեր էի գտնում․․․ որ չտարածեմ հանկարծ, որ հանկարծ խուճապ չտարածեմ։ Եվ զավակներս աթոռի անունը դրեցին «մայր աթոռ»։ 

Աղետները, ողբերգությունները ապրելու պաշտպանական փուլեր կան, որոնցից մեկը հերքումն է։ Մենք մնացինք հերքման տակ։ Պատերազմի սկզբից անցել է երեք ամիս, պատերազմի մեծ պարտությունից անցել է 48 օր, իսկ մենք դեռ հերքման փուլում ենք։

Պատճառները մի քանիսն են։ Դրանցից առաջինը, հավանաբար, աղետի ու պարտության ծավալն է, որն ուղղակի հերքելուց բացի դեռ ոչինչ անել չենք կարողանում։

Պատճառներից մեկը երկու մասի բաժանված հանրությունն է, որը աղետի գլխավոր պատասխանատուին ընտրած լինելով որպես նախորդ՝ մերժելի իրականության ու մերժելի դեմքերի դեմ պայքարող կերպար, դեռ հերքում է իր ընտրյալին որպես աղետի պատասխանատու ու մեղավոր ճանաչելու իրականությունը։

Հերքումն ու դուրս մղումն էլ կարևոր է տարբերակել, որովհետև երկրորդի դեպքում ընկալում ու դուրս են մղում գիտակցությունից, հերքման դեպքում՝ չեն ընկալում։

Մնալով հերքման փուլի տակ՝ բնականաբար, քայլեր անել չենք կարողանում։ Քայլերն էլ մեծ ընտրություն չունեն. կամ միանում ես նրանց, ումից ձգտել ես ազատվել, որովհետև նրանք են հրապարակային բողոքողը, կամ բոլորովին անհասկանալի հիմնավորմամբ մնում ես գերագույն գլխավոր պատասխանատուի կողքին, կամ մնում ես հերքման մեջ։

Հանրության մի մեծ մասը ունի զոհեր. միջին հաշվարկով 3 հազար զոհի պարագայում գոնե 6 հազար ծնող մնացել է աղետի փլատակների տակ, գումարած՝ կանայք, երեխաներ, աղջիկներ, եղբայրներ ու քույրեր։ Գումարած տեղահանվածներ, որոնք բացի ատելությունից ու զայրույթից ոչինչ ունենալ չեն կարող։ 

Այս իրականության մեջ գտնել մեկ այլ իրատեսական տարբերակ գրեթե հնարավոր չի թվում։ Եվ բոլորը շարունակում են ապրել՝ մի հրաշքի սպասելիս։ Հրաշք, բնականաբար, չի լինելու, բայց կարող է լինել աղետի խորացում, և այդ դեպքում էլի մի ամբողջ գիշեր աչքներս հառելու ենք Մոսկվայի արտգործնախարարության ութ սեկտորանոց կլոր սեղանին։

Դեկտեմբերի 27-ն է։ Մի մասը հողին է հանձնել երեխաներին, մյուս մասը փնտրում է զավակների մարմինները։ Մի մասը չի ուզում Նիկոլը գնա, որ «նրանք» չգան, մյուս մասը ուզում է Նիկոլը գնա, որ իրենք գան, մի մասը ուզում է Նիկոլը գնա, որ մի բան փոխվի։ Իսկ ինչու է ուզում մնալ Նիկոլը՝ ոչ ոք չգիտի։

Մենք սպասում ենք մեկին, որ գա ու փոխի խաղատախտակի պատկերը։ Այդ մեկը պետք է լինի բարձրահասակ, բարեկազմ, տիրապետի օտար լեզուների, չլինի նախկիններից, չլինի ներկաներից, փող չունենա, բայց կշիռ ունենա, ունենա աշխատանքային փորձ, տարիքը՝ մինչև երեսուն տարեկան և լինի մեծ ընտանիքի հայր և ամուսին։ Այս պարամետրերին չի բռնում նույնիսկ Ձմեռ պապը, որն այս տարի հնարավոր է՝ ինքն էլ զոհված լինի։

Ուստի՝ կախման կետ…

Միշտ, երբ մի բան ենք ուզել, դրա համար ունեցել ենք որոշակի ռեսուրս, թեկուզ քիչ ռեսուրս, թեկուզ սխալ ռեսուրս, բայց որոշակի ռեսուրս ունեցել ենք մեր ցանկությունները առաջ տանելու համար։

Հիմա մեր միակ իրական ռեսուրսը ատելությունն է, որն իրականում էներգիայի տեսակ է և կարող էր ուղղորդել որոշ, թեկուզ սխալ, թեկուզ փոքր, բայց՝ քայլերի։ Բայց, պարզվում է՝ նույնիսկ ատելությունը լիարժեք չէ, որովհետև մենք մեծ աղետից կորցրել ենք նաև դրա ավերիչ կամ կառուցողական անհրաժեշտ չափաբաժինը։

Ըստ իս՝ պարտության, հողերի հանձնման, դեռ չքննված հանցավոր անպիտանության կամ հանցավոր դավադրության, ոտքի վրա ստորագրած պայմանագրով ամեն օր մի կտոր տարածք հանձնելու հանդեպ հանրության հանդուրժողականությունն իրականում թաքնված է պատերազմը դադարած լինելու փաստի մեջ։

Պատերազմն ահռելի էր, անհամաչափ էր, ինչպես ասաց գերագույն գլխավոր պատասխանատուն, և մենք աղետի ահռելիությունից ու ահից իրականում դեռ ուրախ ենք, որ այն ավարտվել է, և չկա համարժեք բողոքի ցասում հենց այդ պատճառով։ 

Անհրաժեշտ է չեզոք, տեղյակ, վստահություն ներշնչող մեկը, ով կբացատրի հանրությանը մեր պետությանը սպառնացող հետագա խնդիրները, բոլոր հնարավոր վատ տարբերակները՝ առանց դրանցից որևէ մեկը թաքցնելու կամ ուռճացված ներկայացնելու, և միգուցե այդ ինֆորմացիան պարբերաբար լսելուց և մարսելուց հետո հանրությունը որոշի իր ուզածը, սթափվի տվյալ պահին պատերազմի ավարտով պայմանավորված իր շատ բնական ու նորմալ թմբիրից։

Թեև դա պետք է լիներ մինչև պատերազմը, բայց դրա անհրաժեշտությունը կա նաև այս պահին։ Եվ այդ վերլուծությունն ու տեղեկությունը պետք է տա ոչ չարացած ծաղրածուի տեսքով մեկը կամ բացառիկ լպիրշությամբ վաղուց ծանոթ մեկ այլը։ Լուրջ, ապակողմնորոշում և շահ չհետապնդող որևէ մասնագետ երկրում դեռ կլինի։

Իսկ առայժմ՝ պատերազմի երրորդ ամսվա ավարտին, հրապարակվեցին զոհերի նոր անուններ, և ապա տարածվեց հետևյալ հաղորդագրությունը.

«Դեկտեմբերի 26-ին հրապարակված 147 զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ, այն հանվել է․ Պաշտպանության բանակ»։ «Մի շարք անճշտությունների» պատճառով քանի հոգի գժվեց ու նորից հույս ձգեց շուրջը ու, ամենայն հավանականությամբ՝ անիմաստ։ 

Այս աղետը, որի մեջ արթնանում ենք արդեն երեք ամիս, կարող է միայն մի դրական բան ունենալ․ մենք կսկսենք առանց սին նախադասությունների նայել մեր կյանքի իրողությանը, որն այս պահին սոսկալի է։

Մենք կհրաժարվենք անհիմն ոգևորող տեքստերից, որոնք իրականում չէին ոգևորում, կդադարենք թաքցնել մեր արատները, կդադարենք չտեսնելու տալ աղետի տանող քայերը, որոնք մի օր այնքան սովորական են դառնում, որ չեն ընկալվում աղետալի, կհրաժարվենք տգիտության փափուկ ծածկոցից, որի տակ ապահով է ինչպես ոչ մի տեղ։

Մենք բոլորս գիտենք մեր տգիտության չափը, դրա հետևանքները. միգուցե այս ահռելի աղետից հետո կհամարձակվենք հրաժարվել ամեն մեկս մեր տգիտությունից կամ կասենք, որ չենք կարող անել այս գործը, որովհետև չունենք բավարար գիտելիք, ու դրանից հետո կմտածենք բավարար գիտելիք ձեռք բերելու մասին ու թույլ կտանք մեզ ղեկավարել միայն շռայլորեն բավարար գիտելիք ունեցողին։

Այս ահռելի աղետը, եթե դա հնարավոր է, ապա մեկ դրական բան կարող է ունենալ. մենք կհրաժարվենք «հայրենասիրությունից», որի հիմնական դրսևորումները մեր կյանքում համարձակ ստատուս գրելն է, զոհված զինվորին գովերգելը, կորցրած քաղաքների ու գյուղերի մասին երգելը, ամեն հարթ տեղում ասմունքելը, ու կսկսենք սիրել հայրենիքը առանց «ություն»-ի, ընդհանրապես կհրաժարվենք վերացական գոյականներից ու կսկսենք խոսել ու մտածել կոնկրետ գոյականներով, կսկսենք մտածել լուսաբացին հազարավոր զինվորներ չկորցնելու մասին, դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքների մասին, ոչ թե այդ ամենը կոմպենսացնենք մեծ ու դատարկ պլակատներով՝ ամենահինը, ամենամարտունակը գերադրական աստիճաններով լցոնած։

Կսկսենք մտածել զինվոր չկորցնելու մասին, ծառայության ժամանակ զինվոր հարգելու մասին, զինվորին կրթելու մասին։ Միակ դրական բանը, որ կարող է պատահել այս ահռելի աղետից հետո, իրական դառնալն է։ 

Մենք կորցրել ենք այնքան բան, որ արդեն հասել ենք հայրենիք սիրելու իրական շեմին՝ փայփայելուն, հայրենիքի վրա դողալուն, ուշադիր լինելու նրա ամեն ինչի հանդեպ՝ սահմանից սկսած մինչև ուսուցչի ու բժշկի գրագիտությունն ու կրթությունը։

Վերջ՝ մենք սպառել ենք տեքստային հայրենասիրության բոլոր հնարավոր սահմանները, որովհետև սպառել ենք հայրենիքի տարածքների մի մասը, կորցրել մեծ մասի անվտանգությունը և պետական ինքնուրույնության զգալի չափը։ 

Մեզ վրա զարմանում են մեր սիրելի Մակրոնը, Պուտինը, Վրաստանի վարչապետը։ Զարմացած է մեր մթերքի կրպակի Արտուշը, որը Դոու Ջոնսի ինդեքսին հետևելու նման տասը րոպեն մեկ մտքում գցում-բռնում է Մեղրու «կորոլյոկի» գինը ու բարձր, տասը րոպեն մեկ հայտարարում գնի փոփոխության մասին։ Ա՛յ, ինքն էլ է բարձրաձայն ու անընդհատ զարմանում, թե ոնց կարելի էր առանց մտածելու այսքան բան անել ու կորցնել այսքան բան ու հասնել Մեղրու «կորոլյոկին»։ 

Եվ կարևոր է շատ, որ տեղահանված ղարաբաղցի կինը Երևանի ծերանոցից տրվող ռեպորտաժում ասում է՝ ուզում եմ հետ գնամ Ստեփանակերտի ծերանոց, թեկուզ Ստեփանակերտի ծերանոցում առաջին օրը գողացել են «շերստանոյ դարյաս ու էրկու ջուբավոր խալաթս» (բրդյա շորս ու երկու գրպանով խալաթս): Եթե դուք միայն իմանայիք, թե սովետական Ղարաբաղում ինչ արժեք ուներ երկու գրպանով նոր խալաթն ու բրդյա շորը, կհասկանայիք՝ ինչքան է այդ կինը սիրում իր քաղաքի թեկուզ ծերանոցը, թեկուզ այն ծերանոցը, որտեղ առաջին օր գողացել են իր նոր «շերստանոյ դարյան ու երկու ջուբավոր խալաթը»։

Ու միգուցե նոր տարուց սկսած, որովհետև Բարսելոնում ապրող էզոթերիկ ընկերուհիս խոստացել է, որ 2021-ից հրաշքներ են լինելու, պարտված պետության քաղաքացին՝ պարտության հատակը հրման կետ օգտագործելով, սկսի իրական ապրել ու սուտ ասելուց առաջ, ցանկացած սուտ ասելուց առաջ, նույնիսկ՝ հանգավորված սուտ ասելուց առաջ, հիշի սեպտեմբերի 27-ի լուսաբացը։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am