Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում

Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում
Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում

Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը: 

Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղեվորվեցին դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Մարսելում, Լիոնում և հայաշատ այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

***

Փետրվարի 16-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Մոսկվայի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցում: 

Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ռուսաստանի Հայերի միության, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության, «Արարատ» մշակութային միության ղեկավարությունը և բազմաթիվ այլ հյուրեր:

Կիրակնօրյա պատարագին և դրան հաջորդած հոգեհանգիստին հետևեց ՌՀՄ և «Արարատ» միության կողմից ծաղկեպսակների դրման արարողությունը` եկեղեցական համալիրի բակում տեղադրված խաչքարի մոտ:

 

© Medialab.am