Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա Արգենտինայի դրոշի ներքո

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

«Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել և հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,-ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին և դարձել է արծաթե մեդալակիր:

Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Պեկին-2008, Լոնդոն-2012, Ռիո-2016: