Զոհված ոստիկանների հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն Իջևանում

Ապրիլի 10-ին Իջևանում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպել էին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբն ու «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունը:

Առաջնությունից առաջ մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Իրավակարգի զինվորի հուշաքարին: Խաղերից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ոստիկանների հիշատակը։

Առաջնությանը մասնակցում էին ոստիկանության Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզային վարչությունների հավաքական թիմերը: Երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար՝ Շիրակի և Տավուշի թիմերը։ Հաղթողի կոչումը նվաճեց Լոռու թիմը։ Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Պարգևատրումը կատարեցին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը և մասնակից մարզային վարչությունների պետերը։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։