Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին. Factor

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph-ին տված հարզազրույցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե ՀՀ վարչապետը «անհիմն զրպարտչական պնդումներ է արել Ադրբեջանի դեմ»։ Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի  նկատմամբ մեղադրանքներ հնչեցնել ու պնդում է, թե Երևանը «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից»։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Հայաստանի վարչապետին լավ հայտնի է, որ թեպետ հայկական կողմը Պրահայի ու Սոչիի հանդիպումներում հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչ օրս միջազգային կազմակերպություններում ու դատարաններում շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Լուրջ մտահոգության աղբյուր է նաև այն, որ հայկական կողմը փորձում է մոռացության մատնել գոյություն ունեցող օրենսդրական ակտերը, որոնք խոչընդոտում են Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, թե «հայկական կողմը Ադրբեջանի դեմ նման սադրանքներով ու քաղաքական շահարկումներով լի քայլեր անելու փոխարեն ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիրը ձգձգվում է Բաքվի մեղքով, քանի որ  Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թեև 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպմանը հաստատել է այդ սկզբունքը։ Հայաստանի վարչապետը նաև նշել էր, որ Բաքուն հրաժարվում է նախկինում իր իսկ կողմից համաձայնեցված փաստաթղթերից ու սաբոտաժի ենթարկում բանակցային գործընթացը։ «Հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Եվրամիության խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես և որտեղ պայմանավորվածություն ձևակերպվեց ու դա գրավոր հրապարակվեց, որ այդ ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ 2023 թ. աշնանը:

Բայց Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել, որտեղ այդ համատեքստում ձևակերպվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում, եռակողմ ձևաչափով: Ադրբեջանը նորից հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել: Եվ եթե սրան գումարում ենք նաև այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, նախ ռազմական հարվածներ հասցվեցին Լեռնային Ղարաբաղին և, ըստ էության, հայաթափվեց Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ՝ էթնիկ զտումների հետևանքով։

Երբ այս իրադարձություններն իրար կողքի ենք դնում, Հայաստանում, օրինակ՝ կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է և հրաժարվում է միջազգային հարթակներում և մեր միջև ձեռք բերված պայմանավորվածություններից»,–հայտարարել էր Փաշինյանը՝հավելելով, որ եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն  կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա:

«Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»,- ասել էր  ՀՀ  վարչապետը: