Սահամանադրական բարեփոխումները «թե, թե»-ի իրականացման նախադուռ. Շահան Գանտահարյան

Սահամանադրական բարեփոխումները «թե, թե»-ի իրականացման նախադուռ. Շահան Գանտահարյան

ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի իրավական մեկնարկը գրավել է եղելությանը հետեւողների ուշադրությունը  եւ ողողել հայկական լրատվադաշտը տարաբնույթ մեկնաբանություններով:

Անկախ այն իրողությունից, որ այս հարցում երեւանյան  ընտրության հնարավորությունները սահմանափակված էին, խնդիրը պետք է փորձել դիտարկել նախ անշուշտ «կարելիի արվեստը» տեսության սահմաններում, ապա փորձել կատարել դրանից բխող իրավիճակի ընդհանուր գնահատականը:

Այսպես. դեռեվս պարզ չէ, որ ԵՏՄ-ի այլ անդամ երկրի հետ ընդհանուր սահման չունեցող ՀՀ-ն ի՞նչ տեսակի խնդիրներ կարող է ունենալ ոչ ԵՏՄ-ական հարեւանների եւ ցամաքային ճանապարհով` դրանց միջոցով մյուս ԵՏՄ-ական երկրների հետ առեւտուր զարգացնելու ընթացքում: Այստեղ  ուղղությունները ունեն որոշակի տարբերություն: Մինչ Վրաստանի վրայով ՀՀ-ն կկապվի ԵՏՄ-ական Ռուսաստանի, Իրանի դեպքում հանգրվանային այդ հանգամանքը գոյություն չունի: Առեւտրային հարաբերությունը պետք է քննել ԵՏՄ-Իրան գծի վրա եւ փորձել իմանալ, թե այնտեղ ի՞նչ տեսակի խոչընդոտներ կարող են հայտնվել:

Կա հնչող տրամաբանական տեսակետ, որ ԵՏՄ-ի առյուծի դիրքը գրավող ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագրություն եւ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին ի՞նչ կավելացնի գործնապես: Գեթ ՀՀ-ՌԴ առեւտրային հարաբերությունների վրա:

Այս բոլորը հարցադրումներ են, որոնք կհստակացվեն ժամանակի ընթացքում: Հիշենք նաեւ բացարձակ հաստատումը այն մասին, որ ԵՏՄ-ն մեռած կառույց է` չծնված արդեն եւ պարզապես քաղաքական առանցք ունի, իբրեւ ՌԴ-ի ազդեցության գոտու ընդարձակման հիմնական մեխանիզմ:

Հիմա փորձենք մտածումներ զարգացնել այլ ուղղությամբ: «Թե, թե»-ի կամ «եւ ,եւ»-ի տեսությունը թվում է, որ չի աշխատում: Երեւանը մինչեւ վիլնյուսյան բանակցությունները անվերջ շեշտում էր, որ երկու ուղղություններով է ընթանալու իր քաղաքականությունը «կամ կամ»-ի մոտեցմանը հակադրվում է եւ որոշ առումով տեղադրվում փոխլրացման կամ բազմակողմ հավասարակշիռ դիվանագիտության իրականացման քաղաքականության պարունակում: Վիլնյուսը իբրեւ կարեւոր դարձակետ շրջեց այդ տեսությունը:

Սակայն, Վիլնյուսի շրջադարձը կամ բեկումնային պահը եւրոպական շրջանակների կողմից մեկնաբանվեց տարաբնույթ ձեւով: Արեւելյան գործընկերության մեջ ներգրավված քաղաքական գործիչները համեմատաբար կարծր դիրքորոշում ունեին Երեւանի ձեռնարկած քայլի նկատմամբ. համարում էին, որ Երեւանը վերջնականապես կատարել է իր ընտրությունը, ինչ որ ենթադրում էր որ ԵՄ-ի դռները փակվել են Երեւանի առջեւ: Մյուսները, հատկապես Արեւմտյան Եւրոպայի պետական գործիչները խոսում էին այլ ձեւաչափերով ՀՀ-ի հետ ընկերակցության նոր փաստաթղթի մշակման հնարավորության մասին: Նոր փաստաթուղթը պիտի կրեր ոչ տնտեսական բնույթ եւ արծարծեր մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ եւրոպական արժեհամակարգի հետ կապված սկզբունքներ:

Այստեղ է, որ թեմայի ոստում կարելի է կատարել, նկատելու համար, որ Երեւանը ճիգ է թափում «թե թե»-ի տեսությունը իրականացնելու: Եւրոպական արժեհամակարգի սկզբունքների որդեգրումը  լինում է օրենքների ամրակայումով: Ամրագրված օրենքների ամբողջությունը երկրի սահմանադրությունն է: Գուցե ավելորդ չի լինի մտածել, որ սահմանադրության բարեփոխումը բխում է նաեւ ա՜յս շարժառիթից:

Կա մեկնաբանություն, որ իշխանությունների ձեռնարկած սահմանադրական բարեփոխումները ոչ թե համակարգային փոփոխության են առաջնորդում, այլ նույն համակարգում գործող հիմնական անձանց վերարտադրման են միտում: Առանց մտնելու այս բանավեճի մեջ, պարզապես չի կարելի  զանց առնել նաեւ «թե թե»-ի տեսության իրականացման քաղաքականության մեջ սահմանադրության բարեփոխում կատարելու որոշումը, մանավանդ, որ նման հարցերով զբաղվող Վենետիկի հանձնաժողովը իբրեւ եւրոպական կառույց բարեփոխման գաղափարին տվել է դրական գնահատական:

Նախագահականից խորհրդարանական անցում կատարելու համակարգի փոփոխությունը միայն նախագահի լիազորությունների սահմանափակում եւ պետական տարբեր կառույցների իրար հակակշռելու մեքենականությունների եւ օրենքների որդեգրում չէ: Երբ հրապարակվեն իշխանությունների կողմից առաջադրված սահմանադրական բարեփոխումների հոդվածները, ավելի հստակ կդառնա, որ երկրորդ «թե»-ի կիրառման օգտի՞ն է առնված այս քայլը եւ թե հետ սահմանադրական բարեփոխման, ՀՀ-ին առիթ տրվո՞ւմ է ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման հատուկ ձեւաչափով պատրաստված փաստաթուղթը: Սա արդեն որոշակի առումով կախյալ է ԵՏՄ-ն ղեկավարող բեւեռի հակազդեցությունից։

Եվ, իհարկե, հայկական կողմի հաստատակամությունից` հետեւողական լինելու հավասարակշռող քաղաքականության հետապնդման իր նախնական նպատակի մեջ:

Շահան Գանտահարյանը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն է: