«էս կյա՞նք ա»․ Մելքումյանները քառօրյա և 44-օրյա պատերազմներում կորցրել են երկու որդիներին

Մելքումյանների տան մի անկյունում երկու որդիների լուսանկարներն են՝ կողք կողքի դրված։

Մելքումյանները երկու որդիներին կորցրել են պատերազմների ժամանակ։ 

5 տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է ավագ որդին՝ Սուրեն Մելքումյանը, միջնեկ որդին՝ Մխիթար Մելքումյանն էլ զոհվել է 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր առաջ։

«Իմ կյանքը 2016-ից գլխիվայր շուռ ա եկել, էս կյա՞նք ա»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը՝ 61-ամյա Կամելա Մելքումյանը։

Կամելա Մելքումյանը

Մայրն ասում է՝ Մխիթարը եղբոր կորուստը շատ ծանր է տարել և սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես մեկնել է առաջնագիծ՝ եղբոր վրեժը լուծելու։

«Քառօրյա պատերազմում, որ եղբայրը զոհվեց, ինքը շատ դժվար տարավ, վատ սթրեսների մեջ էր, պատերազմը սկսվեց՝ ասեց՝ առաջինը ես եմ գնալու։ Իր ընկերներն ասում են՝ ինքը կարար չգնար պատերազմ, ինքը կարար նստեր, հրաման տար, բայց՝ չէ՛, ասել են՝ Մխիթա՛ր ջան, մի՛ գնա, ասել ա՝ ես որ չգնամ, ո՞վ գնա»,- պատմում է Մխիթարի կինը՝ 36-ամյա Գայանե Մելքումյանը։

Մխիթար Մելքումյանի կինը՝ Գայանե Մելքումյանը

Մայրն ասում է՝ երբ Հադրութն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որդին առավել ծանր ապրումներ է ունեցել․ 

«Ինքը վրեժից մտածել ա՝ մի բան կարա անի։ Բայց ի՞նչ արեցին (նկատի ունի իշխանություններին.- խմբ․), Շուշին էլ հանձնեցին… Որ տալու էին, ինչի՞ էսքան երեխեքին տարան, կոտորեցին, երեխեքի արածն էլ ջուրը գցեցին»,- ասում է Կամելան ու հուզվում։

Ծնողների խոսքով՝ միջնեկ որդին՝ 38-ամյա Մխիթար Մելքումյանը, պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում՝ Ջրականից մինչև Շուշի, մասնակցել հետախուզական գործողությունների, կրակի տակից փրկել վիրավորների:

Մխիթարը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել նոյեմբերի 6-ին։

Կինն ասում է՝ տրամադրությունը լավ էր, երեխաներից է հարցրել։

Մխիթարի հայրը՝ 65-ամյա Գրիշա Մելքումյանն ասում է՝ այդ օրը որդին խնդրել է իրեն, որ հանկարծ կրտսեր եղբորը չթողնի իր մոտ գնալ։

«Ասեց՝ մի բան եմ խնդրում, չէ՛ չասես, ասեց՝ Սուսերն ուզում ա գա մոտս, չթողես, Սուսերը փոքր տղես ա, ինքն էլ մինչև վերջ եղել ա դիրքերում, Ֆիզուլի շրջափակման մեջ ա ընկել, եկել, ծանր թոքաբորբ ա տարել, Ստեփանակերտի հիվանդանոցում սիստեմա էր ստացել, զանգել եղբորը՝ թե գալիս եմ մոտդ։ Մխիթարն ասեց՝ խնդրում եմ՝ Սուսերին ասա՝ մոտս չգա: Զանգեցի Սուսերին, ասեցի՝ Մխիթարին խոսք եմ տվել, չգնաս իր մոտ։

Երկու օր հետո Սուսերը զանգեց՝ պա՛պ, Մխոյին բերում են»,- կսկիծով ասում է հայրը։

Հրադադարից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, Մխիթարը զոհվել է Շուշիում ԱԹՍ-ի հարվածից՝ վիրավոր հրամանատարի կյանքը փրկելիս: 

Մխիթարի կինը հիշում է նոյեմբերի 9-ի սկեսուրի զանգը, երբ ասեց՝ կռիվը դադարել է, բայց Մխիթարից լուր չկա։

«Մխոյին էլ զանգում եմ, Մխոն չի պատասխանում։ Մի հատ էլ SMS ա գալիս՝ Գայ ջան, ցավակցում եմ… Ոնց որ եռման ջուր լցնեն գլխիս, հետո զանգում եմ՝ ասում է՝ շփոթվել եմ, մի քիչ հանդարտվեցի, բայց սիրտս արդեն կախ էր, պատերազմը դադարել ա, ամուսինս էլ չի զանգում։ Ամսի 10-ին շշուկներ են ելնում, որ ոտքից վիրավոր ա, հույս ունեինք, որ կարող ա վիրավոր դուրս գա, բայց, ցավոք սրտի․․․»- հուզմունքով ասում է կինը։

Կինն ասում է՝ ամուսինը պատերազմի դաշտից միշտ խաղաղ ու հանգիստ էր խոսում, երբեք չէր պատմում՝ ինչերի միջով է անցնում։

«Հեռուստացույցով նկարահանում էին ցույց տալիս, տեսանք՝ ամուսինս էլ ա էդ խմբի մեջ, հետո ասում եմ՝ Մխիթա՛ր ջան, էս ո՞ւր ես, քո ընկերներից ոչ ոք քո հետ չկա, ասում ա՝ ինչ գիտես՝ ես ուր եմ, ասում եմ՝ հեռուստացույցով վիդեո ցույց տվեցին, դու էլ էիր մեջը։ Ասում եմ՝ թուրքը քո դեմն ա ման գալիս, դու էլ իրա կողքն ես, ասեց՝ ինչ կա, տենց էլ պիտի լինի, նենց վստահ, խախանդ էր խոսում, ասում էր՝ ոչ մի բան չկա, Գայ ջան, երեխքին լավ կպահես, մամային-պապային կբարևես»։

Մխիթարի զինակից ընկերները պատերազմից հետո հանդիպել են ընտանիքի անդամների հետ, պատմել են, որ Մխիթարը պատերազմի դաշտում ոչնչից չէր վախենում․ «Ինչ անում էինք, միշտ ինքն առաջինն էր, ինչքան վիրավոր կար, ինքն էր հանում։ 

Ընկերներից կան՝ ասում են՝ Մխիթարի շնորհիվ ենք ողջ, վիրավոր են եղել, Մխիթարը հանել ա, ոչ ոք ռիսկ չէր անում հաներ»։

Մխիթար Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Մխիթար Մելքումյանը դասակի հրամանատար էր, զինվորական կրթություն է ստացել Ստեփանակերտի պետական համալսարանում՝ ավարտելով ՆԶՊ բաժինը։ Դասավանդել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 

Մխիթարը ընկերասեր էր, ընտանիքին նվիրված, կատակասեր։ Կինը պատմում է․ «Որ գնում էինք, հավաքվում էինք, ընկերներն ասում էին՝ Գայ ջան, դու չես ծերանա, շատ լավ հումորներ ուներ։ Սիրում էր վարդեր, աճեցնում էր, վարժարանում էլ այգի ուներ, ինձ համար միշտ վարդեր էր բերում, աղջիկս ծնվեց, ասեց՝ Գայ ջան, արդեն աղջկաս համար եմ ծաղիկներ բերում»։

Մխիթարի մայրը հավելում է․ «Մեծ եղբոր՝ Սուրոյի գերեզմանին էլ միշտ վարդ էր տանում, չի եղել որ գա, առանց վարդի գնա եղբոր գերեզմանին… հիմա Սուրոյիս գերեզմանը թուրքերը քանդել են»,- ասում է ու հուզվում Կամելան։

Մելքումյանները Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են, որն արդեն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Այժմ բնակվում են Երևանում՝ որդու ընկերոջ տանը։ 

Հուզմունքով ասում են՝ մեկ ակնթարթում կյանքը գլխիվայր շուռ եկավ, որևէ կերպ չէին պատկերացնում, որ պատերազմը նման չարաբաստիկ ընթացք կունենա, ամեն ինչ կկորցնեն, և ամենավատը՝ անվերադարձ երկրորդ կորուստը կունենան։

Հիմա էլ տագնապի ու անորոշության մեջ են՝ թոռները չափահաս են դառնում, պետք է բանակ գնան:

«Չգիտեմ՝ ինչ եմ անելու, դե արի նորից տառապի, չգիտեմ՝ ոնց պիտի լուսացնեմ, որ երեխեքս մեկ էլ տուն գան»,- ասում է Կամելան:

Արփինե Արզումանյան

MediaLab.am