Անհայտ կորած զինվորների ծնողները սպասում են վարչապետի հետ հանդիպման. «Պիտի հանդիպենք, հասկանանք՝ ինչ են քննարկել իրար հետ»

Անհայտ կորած զինվորների ծնողները սպասում են ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը՝ իմանալու, թե ինչ ընթացք է ստացել գերիների վերաբերյալ հարցը Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում։

«Ես կապվել եմ, մեզ հետ հանդիպում են կազմակերպելու, հասկանանք՝ ինչ է կատարվել։ Պիտի հանդիպենք, հասկանանք՝ ինչ են քննարկել իրար հետ։ Պետք է որոշեն, ասեն մեզ օրը, ժամը՝ այսօր կամ վաղը։

Գուցե առանձին իրար հետ բան ունեն քննարկած։ Կհասկանանք՝ ինչ է փոփոխվել, հետո նոր որոշենք՝ ինչ անենք»,- «Մեդիալաբին» ասում է անհայտ կորած զինծառայող Նարեկ Գևորգյանի հայրը՝ Ռոման Գևորգյանը։

Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որը մասնավորապես վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն։

Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր գերիների հարցին՝ նշելով, որ այն շարունակում է մնալ չլուծված։

«Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am