Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտումների մասին վկայող «որևէ միջազգային կազմակերպության փաստաթուղթ» է պահանջում ներկայացնել. Factor

Մոսկվան «ապակառուցողական» է համարում հայ քաղաքական գործիչների՝ Արցախում ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքներն ու «Արցախում էթնիկ զտումների մասին վկայող որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից փաստաթուղթ» է պահանջում ներկայացնել։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք կործանարար և, որ ամենակարևորն է, դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա։ Ըստ Զախարովայի՝ նման հայտարարությունները միայն նոր խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։

«Մենք բազմիցս ներկայացրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, ձեռնտու է այնտեղ ինչ-որ մեկին»,-ասել է Զախարովան։

Անդրադառնալով Արցախում էթնիկ զտումներին՝ Զախարովան հայտարարել է․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումներին, կցանկանայինք որևէ փաստի ներկայացում, եթե որևէ փաստաթուղթ կա որևէ միջազգային կազմակերպությունից, որը Երևանում համարում են, այսպես ասած, հեղինակավոր, դե, օրինակ, ՄԱԿ-ը կամ որևէ այլ կազմակերպություն, եթե կա որևէ փաստաթուղթ կամ որևէ հայտարարություն, որը կվկայեր, որ նման էթնիկ զտումներ եղել են, բարի եղեք՝ մեզ այդ փաստաթղթերի հղումները ներկայացրեք»,- հայտարարել է Զախարովան։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: