ԵԽ որոշ երկրներում լրագրողները հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ.Տաթև Հայրապետյան

Տաթև Հայրապետյան
Տաթև Հայրապետյան

Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը նշել է իր ելույթում:

«Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են:

Այս բառերը պատկանում են ամերիկացի լրագրող և դիվանագետ Հենրի Անատոլի Գրանվոլդին: Այո, լրագրությունը կոչված է ասելու ճշմարտությունը, սակայն, ցավոք, մեր օրերում Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ, նրանք ձերբակալվում են և հետապնդվում:

Դաֆնա Գալիցիայի դժբախտ դեպքը դրա ակնհայտ օրինակն է, և այս զեկույցն ամբողջությամբ արտացոլում է այդ իրականությունը»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

Տաթև Հայրապետյանն անդրադարձել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցին,  համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Զեկույցում մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը:

Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, երբ ակնառու, քննադատող լրագրողն ու ընդդիմադիր քաղաքական գործիչը դարձավ հեղափոխության առաջնորդ և երկրի ղեկավար, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր և իրականությունը փոխող դեր կարող է խաղալ լրագրությունը:

Սակայն, մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որտեղ մամուլի հետ կապված խնդիրների մասին խոսվում է նաև վերոնշյալ զեկույցում:

Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին և որքան վտանգավոր է տալ հարցեր և իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը»,-ասաց նա:

Տաթև Հայրապետյանի խոսքով, իհարկե,  չենք կարող լռել և անտարբեր մնալ այս դեպքերի վերաբերյալ: Մի կողմից, գործ ունենք մարդու իրավունքների, մյուս կողմից՝ մամուլի ազատության հետ:

«Հույս ունեմ, որպես ԵԽԽՎ անդամներ, մենք կանենք հնարավոր առավելագույնը որպեսզի հանդիսանանք մամուլի ազատության երաշխավորներ, մենք պետք է «պահապան շան» («watchdog») դեր ստանձնենք անդամ երկրների հանդեպ և ձեռնարկենք համապատասխան քայլերը՝ կանխելու լրագրողների նկատմամբ հետապնդումները:

Այսպիսով, կամ մենք բարձրաձայնում ենք այսօր առկա խնդրի մասին և անում առավելագույնը դադարեցնելու այս միտումը ընդդեմ լրագրողական ազատության կամ մենք հարկադրված ենք լինելու տեսնել նման դեպքերի կրկնություն ապագայում: Մենք արդեն ընտրել ենք առաջին ճանապարհը և պետք է հավատարիմ մնանք դրան»,- հավելել է նա: