«Մարդիկ երբևէ իրական սպառնալիք չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մարդիկ երբևէ իրական սպառնալիք չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Մարդիկ երբևէ իրական սպառնալիք չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը, մասնավորապես, արդեն վեցերորդ մարդը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից։ Այսպիսով, ՀՀԿ-ն զրկվում է մեծամասնությունից, սա ի՞նչ իրավիճակ է ստեղծում։

– Այս խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնությունից կարող է զրկվել միայն քանակական առումով: Բայց արդյոք այն ՀՀԿ-ականները, որ կուսակցությունից դուրս են գալիս, դադարո՞ւմ են հասկանալ, որ իրենք ամեն դեպքում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, և որ իրենց, միևնույն է, հարազատ են հին՝ ՀՀԿ-ական Հայաստանի ոգին ու շահը: Եվ որտե՞ղ են երաշխիքները, որ կարևոր քվեարկությունների ժամանակ իրենց ձայները չեն տրամադրի ՀՀԿ ճամբարին: Կա մեկ այլ վտանգ ևս. եթե դուրս եկածները միանան այլ ուժերի, դա կարո՞ղ է և թուլացնել հեղափոխության հաղթանակի էֆեկտը: Հեռանկարում սա լուրջ սպառնալիքի տարրեր կարող է ընդգրկել:

– Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բազմիշխանություն է ստեղծվել։ Մասնավորապես, Մասիսի քաղաքապետի, փոխքաղաքապետի ազատ արձակումը ինչի՞ մասին է վկայում, և ի՞նչ վտանգներ եք տեսնում։

– Վկայում է այն մասին, որ Հայաստանում դարձյալ ընտրվեց գերքաղաքակիրթ մոտեցման ճանապարհ: Եվ դրա արդյունքն է, որ երիտասարդ դատավորուհու ձեռքով հին համակարգը սաբոտաժ է անում և անելու է: Ընդհանուր առմամբ, չի կարելի թույլ տալ, որ ապօրինի հիմքերով և միայն կապերի կամ նախկին Բաղրամյան 26-ին հավատարմության երդում տվածության հանգամանքի շնորհիվ դատավոր դարձած անձինք շարունակեն պաշտոնավարել՝ հիմա արդեն իրապես անկախ գործադիր իշխանությունից: Այդ ազատությունն ու անկախությունն անհրաժեշտ է շնորհել անաղարտ դատավորական խմբին: Հին, կոռումպացված խավին ուղղակի պետք է հեռացնել համակարգից: Նախադեպեր աշխարհում կան: Վստահ եմ, որ այս խնդրի լուծման սեփական տարբերակ Փաշինյանն ունի: Չգիտեմ՝ որն է դա, բայց վստահ եմ, որ կա: Դրա չլինելը հավասարազոր կլինի հեղափոխության տապալման:

– Այսօր կառավարության ծրագիրը կքննարկվի ԱԺ-ում։ Կառավարության ծրագրի մեջ արտահերթ ընտրությունների հետ կապված նշված է մեկ տարվա ընթացքում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել, որ ժամկետներ են փոխվել։

– Տեխնիկապես անհնար է Ընտրական օրենսգիրքն արագորեն փոխել: Անհնար է նաև Սահմանադրությունում կարճ ժամկետում փոփոխություններ կատարել, թեև, կարծես թե, դրա հրամայականի մասին հիմա լռություն է տիրում: Ամեն դեպքում դրանք անհրաժեշտ փոփոխություններ են, որոնք չկատարել հնարավոր չէ: Մեկ տարուց պակաս ժամկետներում անչափ դժվար է լինելու երկիրը պատրաստել ընտրություններին: Իշխանությունն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ որքան շուտ՝ այնքան լավ, պարզապես ժամանակ է պետք: Եվ դա անխուսափելի հանգամանք է:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ականները մինչև հիմա չէին տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն, իսկ հիմա պատրաստ են քննարկելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է ՀՀԿ-ն հետապնդում։

– Աստիճանաբար սկսում են հասկանալ, որ հին մոտեցմամբ անիրատեսական է առաջնորդվելը: Մարդիկ երբևէ իրական սպառնալիք իրենց իշխանությանը չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, ընդ որում՝ գրոսմայստեր, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն և այլն: Եվ դա ամենակարողության ախտանիշ է ծնել նրանց մեջ: Հիմա կորցրել են իշխանությունը և հարվածային շոկն անցնելուց հետո միայն սկսում են զգալ հարվածի ցավը և դրան պատասխան դեղամիջոց փնտրում: Իսկ իրենց դեղամիջոցը նոր պայմաններում նոր ձևերի և դաշինքների մեջ մտնելն է՝ թողնելով խորտակվող նավը միայն նրանց, որոնց այլ նավեր ուղղակի չեն էլ կարող ապաստան տալ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, սուպերմարկետների տերերը հայտարարեցին, որ ԱԱՀ-ով աշխատելու դեպքում գները կբարձրանան, և բարձրացրին գները, Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց բոյկոտել թալանչիներին, որից հետո նրանք նահանջեցին։ Հնարավո՞ր է սա նախկին իշխանությունների հերթական սաբոտաժն է։

– Սաբոտաժ էր, և սաբոտաժներ դեռ լինելու են, անհրաժեշտ է դրանց հակազդել: Վստահ եմ, որ կառավարությունում դրանց կամ դեպք առ դեպք են մոտենում, կամ էլ՝ երկարաժամկետ բանավոր ծրագիր ունեն: Ամեն դեպքում՝ մի պարագայում, երբ չընտրվեց դասական հեղափոխությունների ճանապարհը՝ քանդել այն ամենը, ինչ նեխած էր և ախտահարված, այս դժվարին և երկար ճանապարհը տրամաբանական է: Հիմա պետք է սրանով գնալ հաստատուն ու վստահ քայլերով:

Մանե Հարությունյան

MediaLab.am