Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայիս մարտահրավերների պայմաններում հրամայական է համարում ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, շեշտում է՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինել երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս մասին ասաց ՀՀ նախագահի՝ երդմամբ պաշտոնը ստանձնելուց հետո, իր հայրապետական օրհնության խոսքում:

«Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է Արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին:

Այսօր ամենքս մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում և Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը և ապագան անորոշություններ է պարունակում: Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական համարեց  ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել  պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել ազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

«Որպես պետության գլուխ՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով պարոն նախագահ, պետք է նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը: Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը:

Հայոց եկեղեցին, ինչպես բոլոր ժամականերում, իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը՝ Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի, միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը՝ նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ։ Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա»,-ասաց նա:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց նաև՝ չափազանց մեծ է այն գինը, որ հայ ժողովուրդը վճարել է անկախ պետականության վերակերտման ճանապարհին: «Հայրապետական մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք ու եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շախաղենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ բոլորին հրավիրելով միասնական հոտնկայս աղոթքի: