«Սյունիքում պրոբլեմները շատ են և, որպես դրա հետևանք, այդ պրոբլեմները կարող են ինքնաբերաբար կրակի վրա յուղ լցնել». քաղաքագետ

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, ինչպե՞ս եք գնահատում, որ Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, անբարյացակամ դիմավորեցին, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ, իսկ ոստիկանությունը չէր կարողանում որևէ կերպ լռեցնել հայհոյող քաղաքացիներին: Սա ինչի՞ դրսևորում էր:

– Շատ բնական է, որ այնտեղ կա ինչ-որ մակարդակի դժգոհություն, և ոստիկանությունն ու վարչապետի անվտանգության ծառայությունը դա որևէ կերպ չեն կարող լռեցնել: Այս առումով չարժի նրանց մեղադրել: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես գործընթացին, ապա այն, որ Սյունիքի մարզի բնակչությունը Արցախից հետո ամենաշատն է իր վրա զգացել պատերազմի հետևանքները, բոլոր վտանգները, անհարմարությունները, սպառնալիքները, որոնք այսօր կան, ակնհայտ է և բոլորիս համար պարզ: Բնականաբար, դա թողնում է իր քաղաքական հետևանքները, դա թողել է իր ազդեցությունը նաև մարդկանց մոտեցումների վրա: 

Ինձ համար հարց է, թե արդյոք այն, ինչ մենք երեկ տեսանք, կազմակերպվա՞ծ էր, հավաքական ասած՝ նախկինների կամ ինչ-ինչ այլ ուժերի կողմից, թե՞ ոչ: 

Ես անձամբ այդ հարցի պատասխանն ինձ համար չունեմ: Թեև այդ «նախկիններ» ասվածը այնքան է կազմալուծվել և այնքան է ինչ-որ մանր-մունր մասերի բաժանվել, տրոհվել, որ «նախկին»-ը խիստ պայմանական տերմին է դարձել: 

Ինձ համար ամենաէականը հետևյալն է՝ դրանք սյունեցինե՞րն էին, տեղի բնակիչնե՞րն էին, որոնք իրենց վերաբերմունքն էին արտահայտում վարչապետի ու նրա թիմի նկատմամբ, որևէ բան կազմակերպված չէ՞ր, թե՞, այդուհանդերձ, սյունեցիների շրջանում կային բողոք, վիրավորվածություն, պաշտպանված չլինելու զգացողություն, բայց այդ հայհոյանքները բոլոր դեպքերում կազմակերպված էին: 

Սա է պետք հասկանալ, իսկ դա հասկանալու համար, կարծում եմ՝ անելիք ունեն թե՛ մեր լրագրողները, թե՛ սոցիոլոգները, որոնք պետք է գնան Սյունիք, փորձեն սյունեցիների մոտեցումները, ընկալումները հասկանալ:

– Կա տեսակետ, որ Սյունիքը նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տարածքն է, որը հիմա կուսակցություն է բացել, գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին ընդգրկել է իր կուսակցությունում: Այս պայմաններում ի՞նչ վստահությամբ էր վարչապետը գնում Սյունիք: Ի՞նչ հույսով էին դուրս եկել փողոց:

– Ես վարչապետի գործողությունների տրամաբանության կամ անտրամաբանական լինելու վերաբերյալ որևէ բան չեմ մեկնաբանում: Ես վաղուց չեմ հասկանում նրանց գործողությունների հույսերն ու տրամաբանությունը:

– Սա կարո՞ղ է տարածվել մյուս մարզերի վրա, թե՞ Սյունիքն այս առումով յուրահատուկ է:

– Ես հենց դա էի ասում, որ անկախ նրանից՝ սա կազմակերպվա՞ծ է, թե՞ ոչ, այն պարարտ դաշտը կազմակերպելու, որը կա Սյունիքում, ուրիշ ոչ մի տեղ չկա: Ուրիշ ոչ մի տեղ այդ աստիճանի սպառնալիքներ, այդ աստիճանի վտանգներ չեն ձևավորվել պարտությունից հետո, ինչպես եղել է Սյունիքում: Օբյեկտիվորեն Սյունիքում պրոբլեմները շատ են և, որպես դրա հետևանք, այդ պրոբլեմները կարող են ինքնաբերաբար կրակի վրա յուղ լցնել: 

– Սա նաև ցուցիչ էր, որ իշխանությունը Սյունիքի մարզից չպե՞տք է ակնկալի բարձր քվեներ:

– Ես կդժվարանամ ասել, թե որ մարզում իշխանությունը կամ ընդդիմությունը որքան ձայն կունենա: Դա կերևա ընտրությունների օրը: Մանավանդ ես ձեռքիս տակ չունեմ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք ինձ համար վստահելի կլինեն: Իսկ այսպիսի միջադեպերով բռնել ու Սյունիքի մարզում քվեարկության արդյունքները կանխատեսել, ես ճիշտ չեմ համարում: 

– Այն, որ վարչապետին հրապարակավ հայհոյում են, և դա տարածվում է լրատվամիջոցներով, այդտեղ վարչապետի մեղքի բաժինը կա՞:

– Ընդհանրապես, մեր քաղաքական համակարգի և քաղաքական կոնյունկտուրայի խոր անկումը, ճգնաժամը հետևանք են քաղաքական դաշտի բոլոր ակտորների համատեղ գործողությունների՝ թե՛ իշխանության, թե՛ նրանց ընդդիմության: Նրանց բառապաշարը, վերաբերմունքը, խոսելաոճը հետևանք են բոլոր ակտորների թույլ տված սխալների ու վարած քաղաքականության: 

Մանե Հարությունյան

MediaLab.am