Մոսկվան շահագրգռված է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմամբ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ընդգծել է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, սակայն Մոսկվան շահագրգռված է, որպեսզի իրավիճակը շուտափույթ կարգավորվի:

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: «Հայաստանը մեր դաշնակիցն է. մեր գործընկերն է մեզ համար շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծագույն բարեկամն է: Դրա համար մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այս ժամանակահատվածը որքան հնարավոր է արագ վերջանա և երկրում լինի կայունության ժամանակահատված, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է Պեսկովը: