Մեր գլխավոր խնդիրն Ադրբեջանը չէ

Արեգ Քոչինյանը

Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով պետք է կառուցվեր նոր երթուղի, որը կապահովեր Հայաստանի և Արցախի միջև կապը։

Թեպետ տեքստի համաձայն նոր երթուղու կառուցման պլանը պետք է քննարկվեր և հաստատվեր բոլոր կողմերի միջև, սակայն Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում վաղուց էր սկսել ճանապարհի շինարարությունը։ 

Սեփական ճանապարհահատվածի շինարարությունն ավարտելուն պես Ադրբեջանը պահանջեց լքել հին ճանապարհն ու դրա վրա գտնվող բնակավայրերը և շահագործել նորը։ Սա ցնցող տպավորություն թողեց Հայաստանի հասարակության վրա, իրավիճակը ծայրաստիճան լարվեց ու մոտ էր անգամ վերահսկողությունից դուրս գալուն, եղան վիրավորներ, զոհեր։

Որոշակի կարգավորում գրանցվեց այն բանից հետո միայն, երբ հայկական կողմը գնաց զիջումների՝ համաձայնելով լքել Բերձորը, Աղավնոն, որոշ բարձունքներ, ու շահագործել նոր ճանապարհն արդեն օգոստոսի վերջին։ 

Այս ամենից հարցեր են առաջանում, որոնց պետք է պատասխանել. հնարավոր չէ՞ր արդյոք իրավիճակը չտանել այսպիսի լարման, խուսափել այս սրացումից, վիրավորումներից, զոհերից, մանավանդ որ զիջումն այսպես թե այնպես անխուսափելի էր, ամրագրված ու տեսանելի։

Հնարավոր չէ՞ր արդյոք կանխատեսել, որ ադրբեջանցիները պահանջներ են ներկայացնելու ճանապարհը կառուցելուն պես, ու սեփական ճանապարհահատվածը կառուցել համապատասխան ժամկետներում՝ մի քանի ամիս գրունտային ճանապարհի հույսին չմնալու համար։

Հնարավոր չէ՞ր արդյոք հասարակությանը նախապատրաստել նոյեմբերի 9-ի հերթական կետի իրագործմանը, ու թույլ չտալ մի քանի բախտախնդրի այս թեմայի վրա ձեռքեր տաքացնել։ 

Այս ամենն իհարկե հնարավոր էր անել, այս ամենն անելն իհարկե ելնում էր Հայաստանի Հանրապետության շահերից, բայց չէր ելնում Նիկոլ Փաշինյանի ու իշխող թիմի շահերից։

Չէր ելնում, քանի որ զիջումները, որոնք արվում են առանց սրացումների, զոհերի ու մարտի դաշտում հերթական պարտությունների, ավելի դժվար է մատուցել հասարակությանը, նման զիջումները թեպետ ավելի ձեռնտու են Հայաստանին, բայց ձեռնտու չեն իշխողներին՝ սեփական վարկանիշի պահպանման տեսանկյունից։

Հիշենք վարչապետի 2020 թվականի նոյեմբերյան տխրահռչակ գրառումներն ու հայտարարությունները՝ «ինձ կասեին դավաճան», ու արձանագրենք, որ դա այլևս նմանատիպ իրավիճակներում որոշումների կայացման հիմքերից առնվազն մեկն է։

Բացի այդ, իշխող թիմի այլևս ձեռագիրն են իրավիճակային, այսրոպեական լուծումների գնալը ու որևէ կերպ պատկերացում չունենալը ո՛չ վաղվա օրվա և ո՛չ էլ, առավել ևս, վերջնակետին հասնելու ուղիների մասին։ Ինչպես որ նախապես չէր պատրաստվել ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելիք Գորիս-Կապան ճանապարհահատվածի այլընտրանքը, այնպես էլ չի պատրաստվել նոր միջանցքի հայկական ճանապարհահատվածը, և սա, ըստ էության, այլևս օրինաչափություն է։

Հատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալը չի կարելի մեկնաբանել, թե պետք է զիջել բոլոր հարցերում ու ամեն ինչ, միայն թե խուսափել առճակատումներից, երիցս ոչ:

Վերոնշյալը նշանակում է, որ չի կարելի իրավիճակը լարման տանել ու մարտերի վերածել, երբ նախապես հայտնի է, որ զիջումն անխուսափելի է ու ամրագրված, և դա փոփոխելու կարողություններ չկան: Ի վերջո, երկու զոհով թե առանց, օգոստոսի վերջին հայկական կողմը լքելու է Աղավնոն ու Բերձորը։

Այս ամենն անգամ ավելի վախեցնող է, երբ հաշվի ենք առնում այն մարտահրավերների քանակությունը, որոնք մեզ դեռ սպասում են առջևում։

Նոր ճանապարհին ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, դնելու են անցակետ և, Ալիևի խոստմանը համաձայն՝ կիրառելու են նույն կարգավորումները, որոնք կլինեն ՄԵղրիում:

Դա իր հերթին կնշանակի կա՛մ Արցախի հետ անմիջական, ուղիղ կապի կորուստ, կա՛մ միջանցք Մեղրիում։ Մոտ ապագայում, երբ ադրբեջանցիներն ավարտեն Արցախի շուրջ առկա բարձունքների զբաղեցումը, աննախադեպ ճնշմամբ բարձրացվելու են Արցախի պաշտպանության բանակի ցրման ու Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցերը։ 

Հաջորդ փուլում, ամենայն հավանականությամբ, բարձրացվելու է նաև Հայաստան, մասնավորապես, Սյունիք ադրբեջանցիների «վերադարձի» հարցը, որոնց թիվը, ադրբեջանական որոշ պնդումների համաձայն՝ մոտ է կես միլիոնի։ Նման մարտահրավերները և իրավիճակին համարժեք ու ոչ իրավիճակային լուծում տալու անկարող վարչապետն ու իշխող թիմը մահացու վտանգ են Հայաստանի համար։

Միևնույն ժամանակ ներքաղաքական հարթությունում նախկինների սպառնալիքն ու ներկա-նախկին բինար վիճակը գործնականում հնարավորություն չեն տալիս լուրջ այլընտրանքներ տեսնելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համակարգին։

Այս ամենը հաշվի առնելով արձանագրելի է, որ Հայաստանի քաղաքական ընտրանին (իշխանությունն ու ընդդիմությունը) շատ ավելի մեծ հաջողություններ է գրանցում Հայաստանի սպանության գործում, քան մեր պետականության հիմնական հակառակորդները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան միասին վերցրած։

Արեգ Քոչինյան

MediaLab.am