Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության ու Հայաստանի կուրսի մասին

ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ռուսաստանն արձագանքեց բավականին ագրեսիվ ու սպառնալից։ Արձագանքն այդ ստիպում է մի շարք արձանագրումներ ու մի քանի եզրահանգումներ անել։

Ռուսաստանի նման արձագանքն իհարկե բավականին կանխատեսելի էր, և, հույս ունեմ, անակնկալ չէր, և որ դրան նախապատրաստվել էին։ Կանխատեսելի լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է նշել, որ հայտարարությունը խնդրահարույց էր հատկապես չորս շերտով։ 

Նախևառաջ դա «ռուսաստանցի սահմանապահների ու խաղաղապահների՝ տեղում արձագանքի հնարավորությունների» շերտն է։

Ստացվում է, որ ՀՀ տարածքում ռուսաստանցի սահմանապահները կամ զինվորականները իրավունք ունեն «արձագանքելու» Հայաստանի հրավիրած դիտորդների գործողություններին։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի զինվորականները և սահմանապահները ՀՀ տարածքում են գտնվում իրավապայմանագրային որոշակի բազայի հիման վրա, որը ենթադրում է պարտավորությունների ու իրավունքների շատ կոնկրետ ցուցակ, և դրանց մեջ Հայաստանի հրավիրած դիտորդներին որևէ կերպ «արձագանքել»-ը չի մտնում։

Ավելին՝ նման ձևակերպումը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանում ռուսաստանցի զինվորականների գտնվելու ժամկետների ու պայմանների վերաիմաստավորման անհրաժեշտությունը։ Նման հայտարարությունները Հայաստանում ռուսաստանցի զինվորականների ներկայությանը տալիս են ըստ էության օկուպացիոն բնույթ։

Երկրորդ շերտը Ադրբեջանի շահերի ու իրավունքների նորահայտ պաշտպանի դերն է։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցուցիչն է այն փաստի, որ տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում վերջնականապես ձևավորվում է եռանկյունու շահերի ընդհանրություն՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Այս եռանկյունու մեջ Հայաստանը տեղ չունի և չի էլ ունենալու։

Հայաստանին հարկավոր են միջոցներ ապահովագրվելու այս եռանկյունու հիբրիդային և ուղիղ հարվածներից։ Ընդ որում՝ այդ միջոցներից մեկն էլ եռանկյունու առանձին անդամների հետ ուղիղ երկխոսությունն ու աշխատանքն է։

Երրորդ շերտը ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչած մտացածին գնահատականներն են, որոնք արդյունք են հայկական կողմին պարզապես չլսելու, դրա խնդիրներն ու մտահոգությունները անարգելու և տարածաշրջանում միայն սեփական հարցերը լուծելու, այդ թվում նաև՝ «դաշնակցին» արջի ծառայություն մատուցելով։

Չորրորդ և ամենաէական շերտն այն, որ Ռուսաստանի արձագանքն ամբողջովին տեղավորվում է գաղութարար-գաղութ կամ տեր ու հպատակ խոսույթի մեջ։ Ռուսաստանի պատկերացումները միջազգային հարաբերությունների բովանդակության ու այդ բովանդակության մեջ սեփական դերի ու առավել ևս նախկին խորհրդային հանրապետությունների դերի մասին վերածվել է մարտնչող անախրոնիզմի։ Այդ անախրոնիզմի հաղթահարման մասին է նաև թերևս ռուս-ուկրաինական պատերազմը։ 

Այս ամենով հանդերձ պետք է արձանագրել նաև, որ Հայաստանը պետք է կարողանա աշխատել Ռուսաստանի հետ, պետք է կարողանա շարունակել խոսակցությունը ու հնարավորինս խուսափել ուղիղ առճակատումներից։ Տեղ-տեղ դա կենթադրի զիջողական հայտարարություններ, իսկ որոշ տեղերում էլ՝ քաղաքական զսպվածություն, բայց կարևոր է ունենալ հստակորեն ձևակերպված նպատակներ և քաղաքական կամք՝ այդ նպատակները սպասարկելու և ընտրված կուրսից չշեղվելու։

Հայտարարություններից առավել հնչեղ են գործողությունները, երբ այդ գործողությունները ծառայում են Ռուսաստանից Հայաստանի կախվածության մակարդակի նվազեցմանը։

Արեգ Քոչինյան

MediaLab.am