«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ավարտին հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Համապետական մեր հանրահավաքից սկսվում է քայլերթ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ: Նորից խնդրում եմ բոլորիդ, զգույշ մնալ ցանկացած սադրանքից, սադրանքի դեպքում տեղյակ պահել ոստիկանությանը, երթուղու ընթացքում կոչ անել միանալ մեր բոլոր հայրենակիցներին»,- ասաց Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: