Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը: