«Ռուսաստանը Հայաստանին միութենական պետության մեջ մտնելու առաջարկով մինչև այս վայրկյանը չի դիմել, կարող եմ ձեզ վստահեցնել». Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Պարո՛ն Աղազարյան, Արցախում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

– Արցախում կատարվողը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ալիևի հորջորջանքները, թե ինքն Արցախի հարցը լուծել է, նաև աշխարհի համար է ակնհայտ դառնում, որ այդպես չէ: Արցախի ժողովուրդն ապրում է, կանգնած է իր իրավունքների, անկախության պաշտպանության ճանապարհին ու ոչ մի կերպ չի հանձնվելու:

Շատ անսպասելի չէր Ադրբեջանի այս անմարդկային քայլը, այնպես ենք մենք խոսում, ոնց որ արտասովոր դեպք է տեղի ունեցել, ու հնարավոր չէր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման բան աներ: Նրանց գործողությունը անմարդկային եղել է, անմարդկային էլ մնում է, մենք ուղղակի պետք է համախմբված ձևով դիմանանք ու պատվով դուրս գանք այդ իրավիճակից:

– Իսկ Ադրբեջանն այս քայլով ինչի՞ է ձգտում հասնել:

– Նպատակն ակնհայտ է՝ կա՛մ ճնշելով միջանցք ստանա, որովհետև այն ճանապարհներով, որ փորձեց, անհաջողության մատնվեց, կա՛մ Արցախը հայաթափի: Այսինքն՝ Արցախում ստեղծի այնպիսի վիճակ, որ մեր հայրենակիցները չկարողանան ապրել այնտեղ ու լքեն Արցախը: Բայց պարզ է, որ այս եղանակով միջանցք ստանալ չի կարող:

– Պարո՛ն Աղազարյան, ձեր խմբակցությունից պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ «Ռուսաստանը ստիպում է Հայաստանին մտնել միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, և ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում»: Նման պահանջ իսկապես դրվե՞լ է Ռուսաստանի կողմից:

– Ես տեղյակ չեմ, որ Ռուսաստանը նման առաջարկությամբ պաշտոնապես հանդես եկած լինի: Ես նման բան չեմ լսել:

– Իսկ Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը Լաչինի միջանցքի փակման հարցում իրատեսական համարո՞ւմ եք, ինչի մասին շատերն են խոսում այս օրերին:

– Երբեք չեմ առաջնորդվել դավադրությունների տեսությամբ, առաջնորդվում եմ իրողություններով: Իրողությունն այն է, որ շատ վատ է, երբ Ռուսաստանի խաղաղապահները չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, դա հաստատում եմ, բայց մնացածի մասին որևէ բան չեմ կարող ասել:

– Հայաստանի իշխանությունը իր պարտավորությունները լիարժեք ու ստեղծված իրավիճակին համարժեք կատարո՞ւմ է, որովհետև ընդդիմությունն էլ նույն բանն ասում է ձեր քաղաքական ուժի մասին, ինչ քիչ առաջ դուք ասացիք խաղաղապահ առաքելության մասին:

– Անկեղծ, էլի՝ որպես ՀՀ քաղաքացի՝ դուք չե՞ք տեսնում, որ Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ, ու, փառք Աստծո, արդյունքներն էլ տեսանելի են: Իհարկե իշխանությունն անում է ամեն ինչ, այդ կեղծ թեզերը, որ իշխանությունը ձեռքերը լվացել է և այլն, ընդամենը շահարկումների համար են նախատեսված: Իշխանությունն անում է ամեն ինչ, ու դա ավելի քան նկատելի է, էլի:

– Պարո՛ն Աղազարյան, իսկ բացառո՞ւմ եք, որ Ռուսաստանը Հայաստանին միութենական պետությանն անդամակցելու առաջարկով կամ պահանջով դիմի:

– Չէ դե, Հայաստանին ոչ ոք չի կարող պահանջով դիմել, առաջարկությամբ կարող է դիմել, բայց որ հաստատ մինչև այս վայրկյանը չի դիմել, կարող եմ ձեզ վստահեցնել:

– Այդ դեպքում ձեր թիմակիցն ինչո՞ւ է նման բան հայտարարում:

– Պարոն Մելքոնյանի հարցազրույցը չեմ լսել, հնարավոր է, որ նա դա ասել է ենթադրական եղանակով, ես չեմ լսել, կներեք, դրա համար չեմ կարող որևէ բան ասել այս մասով:

– Պարո՛ն Աղազարյան, իշխանությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է հստակ երաշխիքներ ստանալու ուղղությամբ, որ եթե Ադրբեջանը բացի միջանցքը, ապա դրա փակումն այլևս հնարավոր չլինի, գոնե այս մասով հստակ երաշխիքներ ձեռք բերվո՞ւմ են:

– Նման երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև այսօր աշխարհը շատ տուրբուլենտ վիճակում է գտնվում, ու որևէ մեկն իր վրա պատասխանատվություն չի կարող վերցնել ինչ-որ երաշխիքներ տա նմանատիպ կոնֆլիկտային հարցերի շուրջ: Մենք էլ չենք կարող այդ երաշխիքը տալ:

– Ձեր խոսքում նշեցիք, որ Ադրբեջանի «անմարդկային քայլը» նորություն չէր, այդ դեպքում նման պետության հետ խաղաղության դարաշրջան բացելու տեսլականը հիմա՞ էլ եք իրատեսական համարում, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը:

– Ես երբեք իրատեսական չեմ համարել, ոչ միայն այս պահին չեմ համարում, եթե հետևեք իմ հարցազրույցներին՝ 3-5 ամիս առաջ, ես միշտ ասել եմ, որ ինձ համար կարևորը ոչ թե այդ խաղաղության պայմանագրի իդեան օրակարգային դարձնելն է, այլ կարևորը գործընթացն է, որով պետք է գնանք: Իսկ այդ ճանապարհն այդքան թեթև ու հեշտ անցնելու ճանապարհ չէ:

Կարևոր է, որ դու քո գաղափարներով ընկալելի լինես տարածաշրջանում, ինձ համար սա է կարևորը, որովհետև դու կարող ես այսօր խաղաղության պայմանագիր կնքել, հաջորդ օրը հարձակվեն քեզ վրա: Այդ պայմանագիրը չպետք է այդքան ֆետիշացնել, կարևորը դրան հասնելու մեխանիզմներն են, բուն գործընթացը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am