Տեր-Պետրոսյանի աստեղային ժամն անցել է, Քոչարյանինն էլ կանցնի, եթե չկարողանա վարչապետ դառնալ. քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի վերադասավորումների ենք ականատես լինում, կանխատեսելի՞ էին նման վերադասավորումները, և կա՞ գաղափարական հենք այդ միավորումների մեջ:

– Հիմնականը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն են, որոնք ձևավորվել են գաղափարաքաղաքական սկզբունքների հիման վրա: Խիստ տրամաբանական էին այդ դաշինքների ձևավորումը և այն, որ առանձին են մասնակցելու ընտրություններին՝ փորձելով առավելագույն ձայներ ստանալ:

«Հայաստան» դաշինքի հիմնական շեշտադրումը Ռոբերտ Քոչարյանի անձի գրագետ ներկայացումն է, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը՝ իրենց համար ցանկալի կյանքի կերպարի ճիշտ ներկայացումը:

– Քաղաքական ուժերի կարգախոսների վերաբերյալ եմ խնդրում ձեր մեկնաբանությունը, որքանո՞վ են դրանք ազդեցիկ, մարդկանց համար գրավիչ:

– Կարգախոսներն այդքան էլ կարևորելու իմաստ չկա, իհարկե, ոմանց թվում է, թե կարգախոսներով ամեն ինչ ասված է, ու մարդիկ քվեարկում են կարգախոսի համար, բայց այդպես չէ: Կարգախոսը տվյալ ուժի քաղաքական բովանդակության կարճ ներկայացումն է, ոչ ավելին:

Կարող ես հիանալի կարգախոս հորինել, բայց եթե նախընտրական կազմիդ քաղաքական բովանդակությունը պահանջարկված չէ, այն ոչինչ չի տալու, և հակառակը՝ կարգախոսդ կարող է շատ անհաջող ու ոչինչ չասող լինել, բայց գրագետ քարոզարշավ անցկացնես, և մարդիկ, անգամ կարգախոսդ չհիշելով, ձայն տան քեզ:

Դրա համար կարգախոսներն այդքան էական նշանակություն չունեն, մարդիկ առաջինն ուշադրություն են դարձնում ելույթների բովանդակությանը, կարգախոսը հինգ րոպե հետո մոռանում են:

– Պարո՛ն Բադալյան, առանցքային համարվող քաղաքական ուժերի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Այժմ կարող ենք ասել, որ չորս քաղաքական ուժեր կան, որ աներկբա անցնելու են խորհրդարան՝ «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: 

– Հայ ազգային կոնգրեսի շանսերն ինչպիսի՞ն են:

– ՀԱԿ-ի շանսերը զրոյականին մոտ են, լավագույն դեպքում՝ 1,5 տոկոս, ոչ ավելի, այսօր նրանց շանսերն այդքան են: Դեռևս քարոզարշավը չի սկսվել, ես մեկնարկային հնարավորություններն եմ ասում, իսկ դրանք զրոյական են, քանի որ նա որևէ ռեսուրս չունի, հիմնական ռեսուրսը առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է, բայց նա էլ չունի այն ամրությունը, որպեսզի շատ մարտունակ ձևով ելույթներ ունենա ու մարդկանց գրավի:

Երկրորդ՝ նա չի ընկալվում գործող վարչապետի հիմնական մրցակից, ուստի չի կարող ստանալ գործող վարչապետի ընդդեմ ձայները: Նրա ժամանակն անցել է, ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր աստեղային ժամը, իսկ առաջին նախագահի աստեղային ժամը 90-ականներն էին և 2008 թվականը, որից հետո արդեն այդ քաղաքական ուժի աստեղային պահն անցել է:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանի աստեղային ժամը չի՞ անցել:

 – Ո՛չ, նրա աստեղային պահը 1998-2008 թվականներն էին, որ օգտագործեց, երկրորդ աստեղային պահը ներկայիս խորհրդարանական ընտրություններն են, եթե չկարողանա հաջողության հասնել, այսինքն՝ վարչապետ դառնալ, կարող ենք ասել, որ նրա աստեղային ժամն էլ անցավ:

– Նախընտրական ինչպիսի՞ քարոզարշավ եք պատկերացնում, պարո՛ն Բադալյան:

– Դժվար է ասել, շատերն ասում են՝ սուր քարոզարշավ է սպասվում, որովհետև սա կոնկրետ գործող վարչապետի համար է կարևոր ընտրություն, քանի որ պարտության դեպքում չի բացառվում, որ հայտնվի քրեակատարողական հիմնարկում:

Կարող ենք ասել, որ գոնե երկու ուժի՝ «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար այս պայքարն ունի ռազմավարական նշանակություն, նրանց ղեկավարները ցանկանում են վարչապետ դառնալ, այսինքն՝ նրանք վարելու են վարչապետի ընտրության քարոզարշավ, իսկ, օրինակ՝ ԲՀԿ-ի խնդիրը՝ խորհրդարանում ունենալ այնքան տոկոս, որքան հիմա ունի, հասկանալի է, որ ԲՀԿ ղեկավարը վարչապետ չի դառնալու:

«Պատիվ ունեմ» դաշինքի համար էլ կարևոր է խորհրդարան մտնել և հնարավորինս ազդեցիկ դիրք ունենալ, հասկանալի է, որ թիվ մեկը չեն լինելու, բայց ուժերի որոշ հարաբերակցության դեպքում կարող են էական նշանակություն ունենալ ապագա կոալիցիոն կառավարության ձևավորման գործում: Մյուս ուժերի խնդիրն է գոնե մի կերպ անցողիկ շեմը հաղթահարել ու հայտնվել խորհրդարանում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am