Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան
Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

Փետրվարի լույս 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում է «Սյունաց երկիրը»։ 

Ըստ աղբյուրի, մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը:

Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով:

«Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե 2018 թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018 թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առեւանգման փորձին:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017 թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018 թ. հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի եւ խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ եւ բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում»,-գրում է թերթը:

Աղբյուրը նշում է, որ «Սյունյաց երկիրը» վերջին 2-3 տարում բազմաթիվ անգամ անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի սյունիքյան վնասարարությանը, ինչպես եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը: Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին եւ զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը:

«Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի:

Ընդ որում՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անթաքույց լծվել է Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի պաշտպանությանը:

Հայցերից մեկի ապահովման նպատակով նույնիսկ Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործունեությունը, ավելի կոնկրետ՝ «Սյունյաց երկիր» թերթին ու կայքին արգելվել է որեւէ կարծիք հայտնել կոմբինատի սոցիալական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի մասին:

Տասնմեկ մլն դրամի չափով, նույն դատարանի որոշմամբ, արգելանք է դրվել թերթի խմբագրի անձնական ունեցվածքի վրա:

Նույն դատարանը, խախտելով ընդդատության գործող կանոնները, վարույթ է ընդունել նաեւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հայցը, որի հաշվառման վայրը Ռուսաստանի Դաշնությունում է եւ, դատավարության գործող կանոնների համաձայն, հայցը պետք է վարույթ ընդունվեր բացառապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նույն դատարանը երեք ամիս շարունակ ջանքեր է գործադրում, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հայցը, ում եղբայրը Հայաստանի զինվորական դատախազի տեղակալն է, դատաքննվի դռնփակ դատական նիստերում, ինչի համար իրավական որեւէ հիմք չկա:

Ահա այսպիսի մթնոլորտում էլ 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել խմբագրության մեքենայի հրկիզումը:

Եւ, այդ բոլորով հանդերձ, ըստ Սամվել Ալեքսանյանի, թերթը եւ կայքը շարունակելու են գործել բնականոն հունով, ոչ մի հրոսակ, ոչ մի գաղութարար, որքան էլ վայելեն երկրի բարձրաստիճան ղեկավարների հովանավորությունը, չեն կարողանալու կասեցնել մեր ընթացքը»,-մասնավորապես նշված է հոդվածում:

«Սյունյաց երկիր»