«Սերժ Սարգսյանի պարտիան արդեն տանուլ տված է, բայց հետևանքները շատ ավելի ծանր են, քան կարելի է պատկերացնել». Արթուր Սաքունց

«Սերժ Սարգսյանի պարտիան արդեն տանուլ տված է, բայց հետևանքները շատ ավելի ծանր են, քան կարելի է պատկերացնել». Արթուր Սաքունց
«Սերժ Սարգսյանի պարտիան արդեն տանուլ տված է, բայց հետևանքները շատ ավելի ծանր են, քան կարելի է պատկերացնել». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

-Պարոն Սաքունց, Սերժ Սարգսյանը չի բացառել, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Սա ի՞նչ է նշանակում, ընդհանրապես ի՞նչ է փորձում անել Սերժ Սարգսյանը:

-Սերժ Սագսյանը դեռ այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնեց, հիմնական նպատակը հենց իր անձնական իշխանության խնդրի լուծումն էր: Եվ ընդհանրապես, սահմանադրության նման փոփոխությունները, որոնք ուղղված են կառավարման ձևի փոփոխությանը՝ նախագահականից խորհրդարանական կամ խորհրդարանականից նախագահական, եթե դիտարկենք նույնիսկ մեր հարևան երկրները, ապա կտեսնենք, որ կատարվում են զուտ անձի կողմից իր իշխանության շարունակականության ապահովման համար: Որոշ երկրներում հանում են միանգամից երկու անգամ իրար հետևից ընտրվելու սահմանափակման դրույթը, ինչպես օրինակ, Բելառուսում և Ադրբեջանում: Թուրքիայում խորհրդարանականից անցում կատարեցին նախագահական կառավարման ձևին, որպեսզի վարչապետը դառնար նախագահ: Մեր պարագայում Սերժ Սարգսյանն ըստ էության որևէ մեկին չվստահեց:

Ռուսաստանում այլ տարբերակ ընտրվեց, Պուտինը հանձինս Մեդվեդևի, գտավ մարդ, որ հերթափոխով փոխարինեն իրար: Մեզ մոտ Սերժ Սարգսյանը չհամարձակվեց գնալ այդ տարբերակով, որևէ մեկին չվստահեց և գնաց ընդհանրապես թուրքական տարբերակով, այսինքն՝ կառավարման ձևի փոփոխություն: Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում քաղաքական դաշինքը կամ կուսակցությունը կարող է անընդհատ ընտրվել, չկան սահմանափակումներ: Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման պահից Սերժ Սարգսյանն արդեն խնդիրը դրել էր: Եվ այն խոսակցությունները, թե իբր ինքը նախագահական համակարգի կողմնակից է, եթե պետք լինի, ընդհանրապես չի առաջադրվի, դրանք լրիվ խաբեություններ էին:

-Եվ իր քայլերով փաստացի Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ մտադիր չէ զիջե՞լ:

-Նա այդ ամենը կատարեց ոչ թե նրա համար, որ ասի՝ կներեք, ես արդեն հեռանում եմ իշխանությունից: Ոչ, արեց հենց այն բանի համար, որ իր իշխանության շարունակականությունն ապահովի, և դա նորություն չէ: Խնդիրը կայանում է հետևյալում, որ ինքն այդ ամենը կատարում է շատ ցինիկաբար, շատ անպատասխանատու և անպատժելիության զգացումով: Բացարձակապես որևէ պատասխանատվություն ու պատիժ չի կրելու նման կամայականության համար, որովհետև նման բնույթի կամայականությունն անդրադառնում է ամբողջ պետության ու ժողովրդի վրա: Նա ամբողջ ժողովրդին պարտադրում է իր իշխանությունը և փաստորեն Սահմանադրությունը դարձրել է թղթի կտոր, որը  կարող է փոփոխվել ըստ նպատակահարմարության՝ հանուն իր անձնական իշխանության կարիքների ապահովման: Բայց դրա հետևանքները կարող են բավական տխուր  լինել հենց առաջին հերթին իր համար: Ինչո՞ւ, բացատրեմ: Քաղաքական գործընթացները Հայաստանում դադարեցին բուրժուադեմոկրատական հեղափոխության վերաբերյալ հայտնի վերլուծությունից հետո, երբ ոչ թե քաղաքական ծրագրերը դարձան հիմնական դիսկուրսի թեմա, այլ միջկուսակցական պայմանավորվածությունները դարձան քաղաքականության բուն բովանդակությունը: Եվ դրա հաստատումը եղավ հենց 2012 թվականի հայտնի վերլուծությամբ, այնուհետև Ազգային ժողովի ընտրությունների փաստով, 2013 թվականին ընդհանրապես երկրորդ տեղը զբաղեցնող կուսակցության՝ ԲՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու չառաջադրելու դեպքով: Եվ մենք տեսանք, թե ինչ վերաբերմունք էր 2015 թվականի փետրվարին ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, երբ ըստ էության ՀՀԿ գործադիր մարմնի հայտնի ելույթով մի ամբողջ կուսակցության ղեկավարի հեռացրեցին այդ պաշտոնից: Այսինքն՝ այս կամայականությունները, որքանով էլ առաջին հայացքից թվա, որ համարժեք ընդվզում, բողոքներ չեն առաջացնում հանրության մոտ, բայց կյանքի որակն ակնհայտ հետընթաց է ապրում բոլոր բաղադրիչներով: Եվ այս ծայրաստիճան ճգնաժամային վիճակի համար պատասխանատվությունը միանշանակ Սերժ Սարգսյանն է կրում: Եվ նրանից պատասխանատվություն պահանջելու պահը ցանկացած ժամանակ կարող է առաջ գալ, որովհետև մարդիկ կարող են հանդուրժել այդ կամայականությունները, մանիպուլյացիաները այնքանով, որքանով խնդիրները կլուծվեն: Բայց ինքն այդ խնդիրները չի լուծում: Եվ շատ կարճ ժամանակ կա այս «Կարեն Կարապետյան օպերացիայի» սնանկությունն ու ձևականությունը բացահայտելու համար: Հանրության մոտ որոշակի հույսեր են արթնանում, ակնկալիքներ են ձևավորվում, որ Կարեն Կարապետյանը կարող է կախարդական փայտիկով իրավիճակ փոխել, որն իրականում էական նշանակություն կունենա Սերժ Սարգսյանի համար՝ հենց ապրիլյան ընտրությունների ժամանակ վերստին իր իշխանությունը վերարտադրելու համար: Բայց իրապես ռեսուրսներ չկան՝ այդ կամայականությունները հանդուրժելու համար, որովհետև ժողովրդի կենսամակարդակը բավական շատ ցածրացել է:

-Այսինքն ՝ չկա՞ որևէ պատճառ, որին հղում անելով Սերժ Սարգսյանը կարող է հայտ ներկայացնել՝ նորից կառավարելու երկիրը:

-Չկա որևէ փաստարկ, որի հիման վրա նա կարող է հայտ ներկայացնել կամ հիմնավորել սեփական իշխանության գոյությունը: Եվ այս առումով լեգիտմիության պաշարն այնքան է նվազեցված, որ ինքը հիմա փորձում է, բացի «Կարեն Կարապետյան օպերացիայից» նաև «Գագիկ Ծառուկյան օպերացիան» գործի գցել, որպեսզի այդ հույսերի ու ակնկալիքների ձևավորման հենքի վրա դիվիդենտներ շահի հանրության մոտ, բայց ոչ թե իրական խնդիրները լուծելու, իրավիճակի փոփոխման միջոցով, այլ հենց ակնկալիքների ու հույսերի ձևավորման հենքով է փորձում իր գոյության լեգիտիմությունն ապահովել:

Իրենք էլ են գիտակցում, որ վիճակը շատ վատ է, բայց կարծում եմ, որ խաղացողի վարքագիծն է այստեղ ակնհայտորեն դրսևորվում, երբ ինքը խաղադրույք է դնում և չգիտի՝ այդ խաղը կրելու է, թե պարտվելու: Եվ հիմա այդ խաղադրույքը հանդիսանում են, ինչպես նշեցի, Կարեն Կարապետյան  և Գագիկ Ծառուկյան ծրագրերը, իբր օլիգարխներին՝ Գագիկ Խաչատրյանին, Լիսկային, Գագիկ Բեգլարյանին հեռացնելու քաղաքականությունը: Դրանով փորձում է երևութականություն ստեղծել, բայց դա չի կարող իրապես բովանդակային ազդեցություն ունենալ տնտեսական, սոցիալական և անվտանգության խնդիրների լուծման վրա: Եվ տրամաբանությունն այս խաղի արդեն իսկ հանգեցնելու է պարտության: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պարտիան արդեն տանուլ տված է: Բայց հետևանքները շատ ավելի ծանր են, քան կարելի է պատկերացնել, որովհետև նույնիսկ ավերակների վրա իշխելու հնարավորություն նա չի ունենալու:

Էմմա Մանուկյան

MediaLab.am