Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ելնելով կորոնավիրուսային իրավիճակից, նախաձեռնել է բացօթյա ներկայացումների բեմադրական աշխատանքներ` պահպանելով պարետի ցուցումները:
Այս մասին հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Քանի որ թատրոնն ունի գեղեցիկ բակ, փորձեցինք այն օգտագործել բացօթյա ներկայացումներ բեմադրելու և խաղալու համար։
Այս պահին ընթանում են բեմադրական փորձերը մանկական ներկայացման համար։ Ներկայացումը շուտով պատրաստ կլինի, իսկ թե երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին, կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի և ԿԳՄՍ նախարարության որոշումներից։
Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթների մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կոշկավոր կատուն» և «Բժիշկ Այբոլիտը»։ Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական և պարային անցումներով։
Հանդիսատեսին շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում «Բժիշկ Այբոլիտը» բեմադրության ավարտին:
Սիրով սպասում ենք համավարակի ավարտին, որպեսզի կրկին դիմավորենք մեր շատ սիրելի հանդիսատեսին։
Առողջ եղե՛ք:
Մտահաղացումը և բեմադրությունը՝ դերասան և ռեժիսոր Արամ Մխիթարյանի»,- նշված է հաղորդագրության մեջ։